«Դժոխային ձագար»` սահմանագծին


Ինչո՞վ է ուշարժան այս տեղեկատվությունը. մե´նք ինչպես ենք վարվում մեր ջրերի հետ: Գետառն արգելափակեցինք, Սևանը բզկտում ենք` ում ձեռքը որքանով հասնի: Բայց բնությունն իր պահանջներն ունի. ջուրն էլ, ասում են` հիշողություն ունի ու մի օր կարող է պոռթկալ: Իսկ ջրի պոռթկումը անդառնալի ավերածություններ է սփռում: Վկան` թբիլիսյան վերջին դեպքերը:

Ամերիկյան զինվորականները հսկայական ջրապտույտ են տեսանկարել Տեխաս և Օկլահոմա նահանգների միջև գտնվող Տեքսոմա լճում: Այն գոյացել է մարդկային անխնա ձևափոխում կատարելու արդյունքում. զինվորականները որոշել էին արհեստականորեն չորացնել ջրամբարի մի հատվածը, որն ափ էր դուրս գալիս հեղեղումների պատճառով:

Տեսապատկերում սարսափելի տեսարան է` սարսափ ֆիլմերից հատված հիշեցնող: Իսկապես, հսկայական «դժոխային ձագար», որը ջրի հատակ է քաշում լճի շրջակայքում հարյուրավոր մետրեր շառավղով գտնվող ամեն ինչ: Ավելին, օպերատորի համոզմամբ` այն հեշտորեն ամբողջական նավ կարող է կլանել: Իսկ այդ գործողությունը ղեկավարող պատասխանատուները հայտարարել են, որ այդ դեպքը առաջինը չէ, և Միացյալ Նահանգների իշխանությունները ուշադիր հետևում են, որպեսզի ջրապտույտ -ձագարը բացվելու ժամանակ որևէ նավ չհայտնվի դրա մերձակայքում (տեղեկացրել է vesti.ru-ն):