Կինոճամբարը` Հառիճավանքում


«Ֆրեսկոն» այս տարի ավանդական վրանային կինոճամբարն անցկացրեց Հառիճավանքի տարածքում: Երեք օր Երևանից ժամանած խմբերն ու տեղացիները (շուրջ 160 հոգի) բացօթյա կինոդիտումների, համերգների ու քննարկումների մասնակիցը դարձան:

Փառատոնում ներկայացված արտասահմանյան կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերի ցուցադրությունից բացի` կինոճամբարի մասնակիցները հնարավորություն ունեցան դարձյալ դիտելու Սանկտ-Պետերբուրգից հրավիրված ավազանկարչուհի Դարյա Կոտյուխի ավազե անիմացիոն շոուն, Արևմտյան Հայաստանում արված լուսանկար ների ցուցահանդեսը, մասնակցելու ազգագրական երգ ու պարի համերգին, ինչպես նաև ասեղնագործության վարպետության դասին:

Վրաններ, եկեղեցու պատին տեղադրված մեծ էկրան, գետնին նստած դիտումների համար հարմարեցված «Ֆրեսկո» բարձեր և ոչ միայն… այս ամենը հինավուրց Հառիճվանքի հարակից տարածքը ժամանակավորապես վերածել էին բացօթյա կինոթատրոնի: Այն, սակայն, մյուս կինոթատրոններից տարբերվում էր նրանով, որ ֆիլմերի դիտմանը հաջորդում էր քննարկումը հանդիսատեսի և ֆիլմերի ստեղծողների միջև, ովքեր հատուկ փառատոնին մասնակցելու համար ժամանել են Հայաստան:

Հառիճավանքի «ժամանակավոր կինոթատրոնում» երկու կինոերեկոների ընթացքում ցուցադրվեցին շուրջ երկու տասնյակ ֆիլմեր, որոնց մի մասի ռեժիսորներն ու պրոդյուսերները մասնակցում էին կինոճամբարին: Իրենց ֆիլմերի մասին պատմեցին, հարցերին պատասխանեցին իտալական «Մոհամեդն ու ձկնորսը» ֆիլմի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմի ռեժիսոր Արեն Մալաքյանը, բելառուսական «Մայիս 1945» ֆիլմի պրոդյուսեր Նոնա Սիսակյանը, ռուսական «Մեդեմ» ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Նաումովը և ուրիշներ: Իսկ իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի «Աղոթք» ֆիլմը և ավազանկարչուհի Դարյա Կոտյուխի ավազե անիմացիան ցուցադր վեցին հենց վանական համալիրի ներսում:

-Ես Հայաստանից դեռ չեմ գնացել, բայց արդեն հետ վերադառնալու հնարավորություն եմ փնտրում: Այստեղ զարմանալի մարդիկ են ապրում` զարմանալի աչքերով: Այս օրերին շատ եմ շրջել ու շփվել մարդկանց հետ: Այնպիսի աչքեր, ինչպիսին հայերինն են, երբեք որևէ տեղ չեմ հանդիպել: Կարծում եմ` պատահական չէր, որ ես հայտնվեցի Հայաստանում ու մասնակցում եմ այսպիսի գաղափարախոսությամբ փառատոնիե,- ասում է Դմիտրի Բրիկմանը:

Հայտնի է «Ֆրեսկոյի» ուղերձները լավագույնս արտահայտող ֆիլմերի ցանկը

Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունն ու մրցանակա բաշխությունը:

Այս տարի անվանակարգերը 4-ն էին`«Սեր», «Հույս», «Հավատ», «Խաղաղություն»: Մեկ մրցանակ էլ նախատեսված էր հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի համար:

«Ֆրեսկոյի» 4 անվանակարգերում լավագույնն են ճանաչվել`

«ՀԱՎԱՏ»

«Աղջիկը լուսնի վրա» (Հայաստան. Արեն Մալաքյան), «Մարդասպանի սիրտը» (Իտալիա. Քեթրին Մաքգիլվրեյ), «Ոգին շարժման մեջ», (Ռուսաստան. Սոֆիա Գեվեյլեր, Ջուլիա Բիվշևա, Սոֆիա Կուչեր) ֆիլմերը:

«ՀՈՒՅՍ»

«Անձայն մարդասպանը» (Իսպանիա. Ռաուլ Մանչիլյա), «Ցնցումից հետո» (Իրան. Մահմուդ Յազդանի Բահրամաբադի), «Մայիս 1945» (Բելառուս. Նոնա Սիսակյան):

«ՍԵՐ»

«Ես հենց նոր երազ տեսա» (Իսպանիա. Խավի Նավարո), «Մեծ տղա» (Ռուսաստան. Յուրի Սոլոդով), «Կոկտեբելյան խճաքարեր» (Ռուսաստան. Անդրեյ Օսիպով):

«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»

«Զգայարաններ» (Իսպանիա. Խոսե Վեգա), «Ռանգան 99» (Իրան. Թիյամ Յաբանդե Ջահրումի), «Մրջյունների բնակարանը» (Իրաք. Տոֆիղ Ամանի):

«ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱԿՐԱՆՔ»

«Ժողովող» (Իսրայել. Լուսանկարներ և ֆոտոթարգմանություն. Դմիտրի Բրիկմանի)

Հաղթողներին մրցանակները հանձնեցին իտալացի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, փառատոնի հոգևոր խորհրդատու Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը և «Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Նշենք, որ փառատոնի` ձկների տեսքով կավե մրցանակներն իրենց ձեռքերով պատրաստել և ձևավորել են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները: