«Մենք զավակներն ենք աստղալույսերի»

...ԵՎ ՄԵԿ ԳԱՎԱԹ ՍՈՒՐՃ

Ու արդեն քանի˜ տարի` անվերջ նորոգվելով շարունակվում է զրույցը գրող, հրապարակախոս, Հայաստանի գրողների, ժուռնալիստների և նկարիչների միության անդամ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ ԱՎԱԳՅԱՆԻ հետ: Մեկ գավաթ սուրճն էլ ասես ընկերակցում է` միտքդ թարմացնելով, ընկալածդ ամբողջացնելով: Ինչպես հանդիպման սկզբում հումորով «արձանագրեցինք»` այս հանդիպումը հոբելյանական էր. մի քանի օրից Ա. Ավագյանը կբոլորի կյանքի 75-րդ ամառը:

- Թույլ տուր փոքր-ինչ կատակով սկսել. ամռան նման հասուն քո հայացքները կարծես ծիրանաբույր են դարձել` նախաձեռնածդ ծիրանատոների ընթացքում: Ինքդ ձեռնարկեցիր և ավանդական դարձրիր Ծիրանատոնը, որը ամեն տարի մտավորական ընկերներիդ հավաքում է աշտարակյան քո ծառաստանում:

- 2002 թ. նոյեմբերի 15-ին Աշտարակ քաղաքից Օշական տանող ճանապարհի եզրին, Քասախ գետի աջ ափին գնել եմ մի հողատարացք և ծառատունկ կազմակերպել: Եվ ծնվեց «Ծիր Կաթին» գիտամշակուկթային միավորումը ստեղծելու գաղափարը: Ծառերը տնկել են հանրապետության անվանի մարդիկ: Այդ ծառերն արդեն պտուղ են տալիս: Այդ տարածքն իմ պատկերացումներում 7 մուսաների հավաքատեղի է, ուր անցկացնում ենք գրականության, գեղանկարչության, երաժշտության օրեր և այլն: Այս տարի 5-րդ անգամ նշեցինք ծիրանատոնը: Մյուս պտուղների հասունացումը նույնպես նշում ենք` կեռասի, թթի, դեղձի, խաղողի, խնձորի, ընկույզի: Այդպիսի 7 օր ունենք: Իսկ ծիրանատոնը ավելի հանդիսավոր է դառնում. գնում ենք Օշական, Մեսրոպ Մաշտոցի շիրմին ծաղիկներ ենք դնում, մոմավառություն է տեղի ունենում: Հետո գալիս ենք այգում շարունակելու այդ «ծիսակարգը»:

- Ի դեպ, ծիրան բառը արդյո՞ք կապ չունի Ծիր բառի հետ:

- Մտածելու բան չկա: Իհարկե´. Ծիր Կաթին, աշխարհածիր… Բայց շարունակեմ. ցանկանում եմ ստեղծել մի կենտրոն` Աշտարակ-Օշական ճանապարհին: Մ. Մաշտոցի շիրմին այցելող երեխաներն էլ կարող են օգտվել: 200 ծառ ունեմ: Ծիրանատոնին գալիս են մտավորականներ ոչ միայն Հայաստանից, այլ արտերկրից, վայելում են մրգերը, աղով, հացով, ավանդույթներով: Ու բոլորս հավատում ենք մեր երկրի ապագային: Հավատում ենք, որ մեր այդ մշակութային կենտրոնը դառնալու է համամարդկային մշակույթի կենտրոն:

- Բազմաթիվ ժողովրդական ավանդույթների նախաձեռնողն է եղել «Ավանգարդ»-ը: Գուցե փորձենք դիմել Կառավարությանը` Ծիրանատոնը նույնպես համաժողովրդական դարձնելու առաջարկով:

- Դա լավագույն նվեր կլինի ժողովրդին` նաև ազգայինը ընդգծելու առումով. թէ՞ որ ծիրանը իր կենսական ներունակությամբ մեր ազգային խորհրդանիշերից է: Եվ դրա արժևորումը ճանապարհ կբացի` ազգային տոնը համամարդկային դարձնելու:

- Հոբելյանը ոչ միայն ապրած տարիների հանրագումար է, այլև պատկառելի վաստակ: Ի՞նչ մտորումներ են պաշարել քեզ` հոբելյանիդ նախօրյակին:

- Բանական մարդը տիեզերական գիտակցության կրողն է: Սիրում եմ մտքով գնալ դեպի տիեզերքի նախաստեղծ ժամանակները, դեպի ակունքը: Միշտ հավատացել եմ արարչաստեղծ ուժին` տիեզերքի Տիրոջը, որի աներևույթ ներկայությունը միշտ զգացել եմ գիտակցական կյանքիս հենց առաջին պահերից: Այդ սերը ինձ ներարկել-փո խանցել է հայրս, որը շատ հավատ ուներ Արարչի հանդեպ: Ամեն լուսաբացին Աշտարակի մեր տանը հայրս աղոթում էր` հայացքը դեպի արևելք: Աղոթում էր նաև քնելուց առաջ: Հորիցս հետո մայրս էր աղոթում` Աստվածաշունչը ձեռքին: Այդ հավատը միշտ փորձությունների է ենթարկվել: Ինքս փորձել եմ իմ մեջ հակասություններ գտնել. մանավանդ այսօրվա հավատացյալներին նայելով, չես կարողանում հասկանալ, թե ով է ճշմարիտ հավատացյալը: Աշխարհի կրոններին քաջատեղյակ եմ ու դրանց մշակութաբանի, իմաստասերի հայ մարդու, հավատացյալի, նաև ինչ-որ մի տեղ հեթանոս մարդու հայացքով եմ նայում: Հոբելյանը մղում է` հետհայացքով նայես քո անցյալին և ապագային: Ես մարդ եմ, ով արմատները չի մոռանում, չի մոռանում իր ակունքները: Ես այդ ակունքները համարում եմ նախաստեղծ լույսից եկող: Այդ լույսը կար և հորս մեջ, ով ցանկացավ, որ իր տղան լինի Արևշատ: «Ար» արմատը հիմքն է ամեն ինչի ու ամենից առաջ` Ար-արարչագործության:

Յուրաքանչյուր հայ մարդու ես նայում եմ Հայր, Որդի և Սուրբ Հոգի` հարաբերության մեջ: Առանց բանականության, այդ հոգեղենության յուրաքանչյուր իր, յուրաքանչ յուր առարկա մնում են սոսկ անշունչ, անգիտակից:

- Հետհայացք նետելով ապրածին, ի՞նչ եք «պեղել» այնտեղ: Ի՞նչն է, որ շատ կարևոր է եղել, ի՞նչն է անտեսվել ու շրջանցվել. կամ` ինչո՞ւ:

- Ես սիրում եմ բառերը վերլուծել: Օրինակ, «կյանք» արմատի հիմքը «կա»-ն է` լինելը: Եվ ինչ ենք մեզնից ներկայացնում յուրաքանչյուրս այդ կյանքի ընթացքում: Այստեղ տված է ազատ մրցակության հնարարավորությունը, որպեսզի մարդն ինքը ապրի և առաջնորդվի լինելության այն գաղափարներով` որոնք ոչ թե վնասում են, այլ օգնում: Որո՞նք են այդ գաղափարները. ասենք` ազատությունը: Մարդն ազատ է որտե՞ղ: Իր մտքո´ւմ Մարդու համար ամենակարևորը երևի այն գիտակցումն է, որ ինքն ազատ է. իր մտքում ինքը խոսում է, քննարկում է, բացահայտում է: Նույնիսկ ստրուկի ճշմարտությունը, ազատությունը, արդարությունը, բարոյականությունը, բարությունը երբեք մարդուն չեն վնասում: Այդ ամենը նյութական չեն, բայց հենց նյութականացվեն` մահացու է բարոյականության համար:

- Ինչպե՞ս եք գնահատում մերօրյա իրականությանը:

- Մերօրյա իրականության մեջ ես տեսնում եմ մարդկանց, ովքեր իսկապես ազատամիտ են, արդար են, մարդիկ, ովքեր ինձ համար չափորոշիչներ են: Մարդկային այդ դրական հատկանիշներն արտահայտվում են ամենուրեք` բանականության մեջ, նկարչության, գրականության, երաժշտության մեջ: Այդ ամենում գլխավորը ոգեղենութ յունը տեսնելն է: Ամեն ինչը արարչաստեղծ է, մինչդեռ մարդը մինչև հիմա խաչասերում է, պատվաստում…

- Իրականում աղավաղում է իրականը:

- Ես տեսնում եմ նաև չար ուժի աներևույթ գոյությունը: Չարն էլ է աներևույթ. քողարկված է, կեղծված: Կյանքի և այդ բոլորի մեջ մենք արմատն ենք փնտրում: Օրինակ, արեգակը պայծառ լուսարձակում է, ու թեև օրական անհաշվելի հզորությամբ պայթյուններ են լինում նրա վրա, բայց նրա լույսը մարդուն հասնում է մաքրված:

- Մտավորականությունը մեծ առաքելություն ունի: Ո՞րն եք համարում մեր ժամանակների մտավորականի բուն առաքելությունը և որքանո՞վ է դա իրականացվում: Երբեմն դժգոհություններ են հնչում (հատկապես դժվարին պահերին)` թե մտավորականները չկան, ժողովրդի կողքին չեն:

- Մտավորականները կան, մտավորականները խոսում են, գրում են: Ես կարդում եմ իմ նախորդ դարի գրած բանաստեղծությունները, և թվում է, թե այսօր էլ նույնը կգրեի և վաղն էլ այդպես կմտածեի: Կան հավերժական և կան պատեհապաշտական թեմաներ, այսրոպեական կամ մեռելածին գաղափարներ, որոնք ծնվում ու ապրում են, ինչպես չարորակ բացիլ: Հասարակության մեջ այդ չարորակը խղճի բացակայությունն է: Մտավորականին պետք է հարթակ տրամադրել` ոչ թե այս կամ այն պաշտոնյայի խոսքը հաստատելու, այլ հասարակության հոգու խոպանը մշակելու համար: Ես եղել եմ Ազգային հեռուստատեսության գլխավոր խմբագիր: Ունեցել ենք 30 հաղորդում, հաղորդաշար: Ինքս ստեղծել եմ «Նավասարդ» ծրագիրը, որը մինչև հիմա մարդիկ հիշում են: Եթեր էինք հեռարձակում ազնվության, բարության, հայ գրականության, մշակույթի, հայրենասիրության դասերը: Այդ սերունդն էր, որ հաղթեց արցախյան պատերազմը: «Ավանգարդ» թերթում, «Գարուն» ամսագրում, որտեղ ես աշխատել եմ, ազգային ռադիոյում և հեռուստաընկերությունում, մենք ներկայացրել ենք հայրենասիրական այնպիսի կոփված մարդկանց, որոնք իրենց կյանքը չեն խնայել հայրենիքի համար:

- Հիմա էլ ունենք հայրենասերներ:

- Բարեբախտաբար` այո: Բայց նրանց կողքին, ինչպես բոլոր ժամանակներում որոշ պնակալեզներ ավելի շատ են նկատվում և օգտվում կյանքի բարիքներից: Այսօր էլ նրանք կան: Շատերը նույնիսկ անուններն են փոխել:

- Ուրեմն կարելի է կարծել, որ այդ պնակալեզների, չարերի գոյությունն էլ օրինաչափ է` ինչպես բարեբեր հողի վրա մոլախոտի առկայությունը: Ո՞րն է այսօր ստեղծագործության Ձեր թեման:

- Հավերժական թեմաներ են: Քանի որ ինքս հայ եմ, հայի ինքնության գույնն ու իմաստը մեկնաբանող: Իմ վերջին գրքում անդրադառնում եմ մեր ժամանակների անցուդարձերին` ցույցերին, դրամաշնորհներին, օլիգարխներին: Ես համոզված եմ, որ եթե հեռուստաընկերությունները իսկական ազգապաշտ ծրագրեր իրականացնեին, հայ ժողովուրդը հավերժորեն կգնար վերընթացի ճանապարհով: Պետք է կրթել, բայց ժամանակն օգտագործում են երիտասարդությանը խեղաթյուրելու, հոգեխախտ անելու: Օրինակ «Վիտամին» ակումբը…

- Լավ ջահելներ ունենք:

- Իհարկե, ունենք: Անտեսված, չլսված: Այդ թանկ եթերը օգտագործում են ավելորդություններով, գովազդներով: Ո՞ր ապրանքն է գովազդվում, վատ ապրանքը: Լավ ապրանքատերը փող չի ծախսի գովազդի համար: Դա ևս պատահական չէ: Այդ ամենի հիմքում դրված է մի գաղափար` փողը, նյութը: Հայերենում «մարդ» բառի հակառակը «դրամ»-ն է, «նյութ»ին-ը` «թույն»-ը: Այնքան բառեր կան, որ ծածկագիրը բացում ես, տեսնում ես գաղափարախոսությունը: Մեր ազգայինը Արարիչը դրել է մեր լեզվի մեջ, ԱՐ արմատի մեջ. ար-ար-ող:

- Այս վիճակը փորձությո՞ւն եք համարում:

- Ժամանակավոր է: Փորձանքներ եմ համարում: Փորձությունները երբեմն անհրաժեշտ են: Փորձություն պետք է լինի, որ մարդը սովորի: Մենք ունենք բավականաչափ տոկունություն, համբերություն, հանդուրժողականություն:

- Եթե Ձեզ տրվեր հրապարակավ հորդոր հնչեցնելու հնարավորություն և համոզված լինեիք, որ Ձեր խոսքը լսվելու է, ի՞նչ կասեիք:

- Կասեի` բոլորս մաքրենք մեր ներաշխարհը, մեր մտաշխարհը: Բոլորս պետք է մաքուր պահենք մեր լեզուն, մեր միտքը, մեր թերթերը, եթերը: Ո՞րն է ի վերջո քրիստոնեական ճշմարիտ հավատի ամենամեծ միությունը: Մենք անմահությունն ենք ընդունել հոգով: Ընդունել ենք այն սիրով, որը սերմ է դառնում (սեր-սերմ) և դրվում է կորիզի մեջ: Կորիզը, եթե վատը լինի, պտուղը չի վերարտադրվի: «Ավանգարդ» թերթը ինձ համար սիրելի է, որովհետև տարիներ շարունակ այստեղ գործ ենք արել, արժևորել ենք մարդուն, նրա միջոցով սերունդներ ենք կրթել, դաստիարակել: Թարգմանական արվեստի տոնը Դպրության օր դարձնելու առաջարկը ինքս եմ արել` «Ավանգարդ»-ի միջոցով: Մենք պետք է պահպանենք ավանդականը, սովորույթները: Հենց այդ նպատակն էլ ունի այն մշակութային կենտրոնը, որը ստեղծել ենք 2002 թ.: Դուք նույնպես ծառատունկի մասնակիցներից եք: Ծառերը վաղուց պտուղներ են տալիս, որոնց կորիզները վերարտադրության, հավերժության առհավատչյան են: Մենք Ծիր Կաթինի աստղակորիզների լույսերից ծնված զավակներ ենք, ովքեր երազում են անմահության մասին…

Արփի ԱՐԱՐԱՏՅԱՆ