Ամփոփվեցին և նախանշվեցին


Հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ օրերս անցկացված աշխատանքային խորհրդակցությունը նվիրված էր 2015թ. հունիս ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանն ու առաջիկա անելիքների քննարկմանը:

Ողջունելով մասնակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հաշվետու ժամանակահատվածում զինանձնա կազմի զգոնության ու կարգապահության, մարտական, զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, ցուցադրական զորախաղերի, ինչպես նաև շտաբային մարզումների և ամփոփիչ հսկողական ստուգումների արդյունքների վրա:

Հատուկ անդրադարձ կատարվեց հատկապես ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններին, ամփոփիչ ստուգումներին և արտապլանային շտաբային մարզումներին: Դրանց արդյունքների և ընդհանուր գնահատականի վերաբերյալ զեկույց ներկայացրեց ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով փաստեց, որ զորավարժություն ներին ներգրավված ստորաբաժանումներն ու ստուգված զորամասերը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերվելու և առաջադրված խնդիրները կատարելու ունակ են:

Խորհրդակցությունը նաև արձանագրվեց, որ անցած ամսվա ընթացքում, իբրև նախորդ ամիսների շարունակություն, պատշաճ կերպով իրականացվել են նախատեսված միջոցառումները:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկաներին հորդորեց շարունակել լուրջ ուշադրություն դարձնել առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումներին, մարտական հերթապահության կրման պայմաններին, ինչպես նաև սահմանային ծառայության իրականացման առանձնահատկություններին: Հետագա անելիքների վերաբերյալ առաջադրվեցին մի շարք խնդիրներ և նախանշվեցին առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները: