ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍՈՐԴ


«Չկա-չունենք»-ների գերհագեցած շարքի թերևս ամենավերին հորիզոնականում նորին մեծություն մեր կորսված վստահությունն է, որը սովորաբար մարդուն օգնում է ավելի անխռով ապրել: Դրա առկայությունը ո´չ մեր քիմքերի վրա ենք զգում` որպես քաղցրահամ, ո´չ մերկություն ենք ծածկում` որպես շքեղ հանդերձանք: Չենք մտածում, որ այն կա:

Բայց, ինչպես ինչ-որ ժամանակ էր իր անտես գոյությամբ այն վանում կամ գոնե մեղմում մեր հոգիների խռովքը, նույնքան աննկատ էլ աներևույթ եղավ` հայաստանաբնակ հային թողնելով կասկածամտության որոգայթում:

Չենք վստահում զմիմյանս: Եվ ամենից ավելի` ժողովուրդը` իշխանավորներին, վերջիններս էլ` երևի նրանց: Անվստահության որոմն այնքան է հուռթիացել, որ նույնիսկ Արարչին պաշտող մարդիկ կրոնական տարանուն խմբեր են որոնում` որպես թե ճշմարիտ հավատո հանգանակ: Գիտեն, որ Արարիչը մեկն է, և Նա տեսնում-լսում է բոլորին, բայց այլանուն «միջնորդներ» են որոնում իրենց ու Աստծո միջև, որովհետև… Որովհետև չեն վստահում նաև Հայ Առաքելական Եկեղեցուն: Ավելի ստույգ` այդ Եկեղեցու սպասավորներին:

Ինչո՞ւ նվաղեց հավատը, ինչո՞ւ մեզ լքեց վստահությունը` հոգևոր քաղց կոչվող աղետի առջև կանգեցնելով բոլորիս: Հիմքում պատասխանը մեկն է` անհոգի անտարբերությունը: Ու նախևառաջ սեփական հեղինակության և այն կառույցի հանդեպ, որը ղեկավարում կամ ներկայացնում են իրենք: Պաշտոնյաները չմտահոգվեցին, որ իրենց փքուն խոսք-խոստումները գործ դառնան, հոգևորականները չջանացին հովվել իրենց հոտը: Ժողովուրդն էլ հոգնեց սպասելուց և հիասթափվեց: Հետո արդեն` զայրացած խոսքադավության արդյունքում իր սոցիալական թշվառությունից… կորցրեց վստահությունը: Վստահությունը` ոչ միայն իրեն «տիրություն չանող» իշխանավորների, այլև իր նմանների, իր իսկ գալիքի, անգամ` Հայրենիքի ապագայի հանդեպ: Իսկ փոխվստահությունը անսակար-կելի արժեք է, որը փոխադարձ հարգանքից է բխում:

Վստահությունը, սակայն (և` բարեբախտաբա´ր) լքում, բայց անդարձ չի հեռանում: Եվ կորսված երազի նման հիմա այն վերագտնելու ժամանակն է: Իսկ նման դեպքերում ո՞ւմ է վերապահվում որոնողական աշխատանքը: Իհարկե´ նրանց, ովքեր պահ առաջ կգիտակցեն, որ տարերքի հորձանուտում խորտակվող նավն իր հետ անդունդ է տանում բոլոր ուղևորներին:

Վերագտնումի հրամայականն է ծառացած մեր առջև: Վստահությա´ն, հավատի´, արժանապատվությա´ն վերագտնումի: