Ագուստինոն, Անհայտը, Ռիչարդ II-ը և մյուսները


Զարմանալի թատերասիրությամբ էր համակված չնաշխարհիկ Լոռին, ինչն ամրագրված էր Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքի մուտքը նախանշող խորհրդապատկեր ներում` կոլբա և դիմակ: Եվ քիմիական արդյունաբերության հայկական հենասյուներից մեկում թատերական դիմակի խամրող գույները նորովի գունեղացան շուտով համաժողովրդական խանդավառություն բորբոքած բարեկիրթ թատերախենթերի խմբի ոչ դյուրին ներդաշնակմամբ հնարմատ «աբելյանցիների» առկա ուժերին: Նրբանկատ խորաթափանցությամբ շուրջը խմբվածներին` հրաշալի կոլեկտիվ աճեցնելով: Եվ դարձավ այն ռեժիսորը, ով ստեղծագործական կայացումն ապահովեց նորերի և երկարակեցությունը ճանաչված ու սիրված հների: Հենց նրա շնորհիվ բնատուր բեմական շնորհները ներփակ կատարողական ներուժի կանոնավոր բացահայտմանը զուգորդեց մշտապես մյուսներից մինչև իսկ փոքր դերակատարումներով տարբերվող «Շամիրամի թոռը»: Աշխատեց ամենատարբեր բեմադրիչների հետ` փայլուն փոխըմբռնման ու ամբողջի մեջ ցայտուն ինքնադրսևորման հասնելով Վահե Շահվերդյանի հետ համաստեղծագործությամբ: Միրոն Չուլակյանի բեմադրությամբ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ցիլինդր»-ում Ագուստինոյի առաջին մեծ դերակատարումից հետո կարողացավ շահվերդյանական նոր մեկնաբանությանը համարժեք մարմնավորել Անհայտի կոնկրետացված կերպարը Լերմոնտովի «Դիմակահանդես»-ում: Խստապահանջ թատերագիտական միտքն ամենուր, բոլոր պատասխանատու ստուգատեսների, հյուրախաղերի, փառատոների ժամանակ դրվատանքով ընկալեց թե ռեժիսորական տարընթերցումը «Դիմակահանդես»-ի, թե նորահայտնությունը ամբողջ ներկայացման Խիղճը դարձած Անհայտի` Ռազմիկ Խոսրոևի դերամարմնա վորմամբ: Տարաժանր բեմադրությունների ու դերակատարումների տեղատարափով, հանդիսատեսային «քննասենյակի» աշխարհագրական սահմանների օրավուր ընդլայնմամբ` ուժգնանում էր աստղափայլը «աբելյանական» թատերաընտանիքի: Հարաճուն վարպետությամբ, հղկվող պլաստիկայով, անշփոթելի ձայնելևէջների ուրույն համանվագով, կատարողական ունակությունների համակողմանի զարգացմամբ շողարձակում էր շնորհառատ դերասանախմբում գենետիկորեն նաև մշտապես առանձնացող արտիստը: Ինչ էլ խաղար. Մաստակյան («Ամուսիններ»), Մարութխանյան («Քաոս»), Ջափարիձե («Կովկասի արտակարգ կոմիսարը»), Վյուգին («Տասներեքերորդ նախագահը»), Կարպիս («Խնայեցեք տղամարդկանց»), Լևոն («Գանձը»), Շաքար («Կապույտ թռչուն»)… Բեկումնային դարձավ Ռիչարդ II-ը` Խոսրոև-Շահվերդյան երկմիասնության փայլուն արգասիքը, որը գնահատվեց որպես հայկական թատերական շեքսպիրիանայի լավագույն շարունակություն` խորացնելով արդեն ճանաչում գտած ռեժիսորի և դերասանի ստեղծագործական ներուժի հանդեպ համընդհանուր ակնածանքը: Ճկուն խաղացանկային քաղաքականությամբ նոր ուշագրավ ներկայացումներ ծնվեցին` նոր մարդկային նկարագրեր բեմական կյանքով ապրեցնելու հնարավորություն ընձեռելով դերամարմնավորման ինքնատիպ ձեռագիր ստեղծող այս արտիստին ևս` բեմադրական անվրեպ առաջնորդությամբ: Պարարտ հող ստեղծվեց չեխովյան «Երեք քույր»-ի հաղթարշավի համար համաշխարհային թատերաբեմում. Մաշա-Էլինե Աղամյանի անպարփակ սիրով համակրելի գնահատության արժանացավ Վերշինին-Խոսրոևը: Զարմանալիորեն չընդմիջվեց 88-ի երկրաշարժով վանաձորյան թատերախմբի ստեղծագործական վերելքը: (Եղուկ քեզ, հայոց երբեմնի երևելի թատրոն, որ այսօր հոգևոր երկրաշարժից ես երերում մարտնչող միջակության գռեհկանենգ շարունակական ցնցումներով…): Ժամանակի ասելիքին համահունչ բեմապատումներով համալրվեց թե° թատրոնի խաղացանկը, թե° արտիստի դերացանկը. «Հատակը երերում է» (Մարտիրին), «Ռուզան» (Համտուն), «Նոյի ժառանգները» (Գոգո), «Անմեղ մեղավորներ» (Շմագա)… Ստեղծագործական լիարժեք փոխըմբռնմամբ կայացած Շահվերդյան-Խոսրոև թատերադաշինքն այնուհետև իր կուտակած փորձն ուղղորդեց հյուծված Մայր թատրոնի վերընձյուղմանը: Չխզելով կապն իր երիտասարդության թատրոնի հետ` Ռազմիկ Խոսրոևը, որպես գեղարվեստական ղեկավարի օգնական (այժմ` ստեղծագործության համակարգող), Շահվերդյանի հետ միասին լծվեց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական գործունեության կանոնավորմանը` զուգահեռ հանդես գալով նոր դերակատարումներով. Ջոլա զորապետ («Ռուզան»), Ադամ վանական («Հին աստվածներ»), Սաղաթել («Պատվի համար»), Ուսուցիչ («Ծեր տիկնոջ այցը»)… Նոր գույներ գտնելու համոզվածությամբ շարունակեց հանդես գալ Տիգրան Գասպարյանի («Կալիգուլա» - Շերեա, «Ոտքի°, դատարանն է գալիս» - Քահանա, «Ոճիր և պատիժ» - Մարմելադով, Լավրենտի - «Կովկասյան կավճե շրջան»), Ֆիլիպ դը Լեգի («Զինվորները»- Հայր) և Հրաչյա Ղազարյանի («Սեր, փող, սատանա»-Հիլբերտ, «Գայլեր և ոչխարներ»- Լինյաև) բեմադրություններում: Նորօրյա գեղագիտությանն անմիջականորեն հաղորդակցվեց` բեմադրիչ Սուրեն Շահվերդյանի հետ համատեղ աշխատելով («Մեր ծնողների նևրոզները» - Դորայի հայր): Շուրջ 10 տարի է, ինչ թատերագործունեությանը հաջողությամբ զուգակցում է մանկավարժականը` դերասանի վարպետություն դասավանդելով ԵԹԿԻ և մասսայական հանդիսությունների ռեժիսուրա` ԵՊՄՀ ուսանողներին: Արյան կանչով զբաղվում է նաև էթնիկ մշակույթի պաշտպանության խնդիրներով` ՀՀ նախագահին առընթեր գործող ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդում: Գուցե թե հանիրավի ստվերված պատմական ճշմարտությունը վերստին հանրաճանաչելու հարաճուն պահանջով ՀՀ վաստակավոր արտիստը սկսեց պիեսներ գրել: Ի դեպ, առաջինը` «Մոռացվածները», արդեն բեմադրվել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում: Անգլերեն թարգմանությամբ դրա հիման վրա հիմա փորձում են ֆիլմ նկարել Միացյալ Նահանգներում: Իր ծննդյան օրն իսկ «ցամաքեցված» Գյոլայսորի մորմոքացող ցավին բալասան է որոնում ապրած տարիների իմաստնությամբ: Ո՞վ գիտե, երևի թե կարողանա նպաստավոր լինել իր բազմաբեղուն տքնանքով մանկության օրերի վրայից մի կողմ նետելուն բնավերության պատմական հուշի ծածկոցի, հայկական ու, ասորական միաձույլ խառնվածքով, Բելի նետահարման նորահնար տոնի հարևանությամբ հաստատել Խորենացու «Հայոց պատմությանը» հարուստ նյութ տրամադրած Մար Աբաս Կատինայի հիշարժան անունը: Երևի թե հենց դա է վերապահված նրան ի վերուստ…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ