Այց «Եռաբլուր»


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-րդ տարեդարձի նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ ուսանողներն ու զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն, ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին սպարապետներ Անդրանիկ Օզանյանի, Վազգեն Սարգսյանի շիրիմներին, ինչպես նաև ղարաբաղյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով, «Եռաբլուրը» յուրաքանչյուր հայի համար սրբազան վայր է, որտեղ հանգչում են ղարաբաղյան ազատամարտի հերոսները, որոնց շնորհիվ է, որ այսօր անվտանգ ապրում է հայ ժողովուրդը: «Ղարաբաղյան պատերազմում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերեցին նաև բազմաթիվ ուսանողներ, որոնց հոգիներն այսօր «Եռաբլուրում» են: Եթե նրանց թիվը քիչ լիներ, դժվար է ասել, թե այսօր մենք ինչ պայմաններում կապրեինք: Նրանք իրենց կյանքով վավերացրին ԼՂՀ-ի անկախությունը»,_ասաց ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը` հույս հայտնելով, որ երկրի համար կարևոր պահերին ներկայիս երիտասարդությունը կվարվի նույն կերպ, ինչպես 1992-ին: ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանի խոսքով, «Եռաբլուրում» հանգչող բազմաթիվ երիտասարդներն իրրենց կյանքը չեն խնայել հայրենիքի պաշտպանության համար, որոնց թվում են եղել ԵՊՀ-ի ուսանողներ: «Թողնելով իրենց ուսանողական լսարանը` նրանք մեկնեցին ռազմաճակատ` անմնացորդ պայքարելով հանուն ազատ, անկախ Հայաստանի և ԼՂՀ-ի: Միշտ վառ պետք է պահենք նրանց բոլորի հիշատակը` շարունակելով նրանց սկսած գործը` աշխատել հանուն հայրենիքի»,_ասաց Ա. Սիմոնյանը: