Պուտինն ու Ստալինը


Նույնիսկ մի քանի սերունդ հեռավորությունից երբեմն երկրի ղեկավարը ստիպված է լինում անդրադառնալ իր նախա-նախորդի քաղաքականությանը: Վլ. Պուտինն, իհարկե, Խորհրդային Միության ժառանգորդը չէ, սակայն այն երկրի շաղախը հենց Ռուսաստանն էր, որը ԱՊՀ կոչվող հետխորհրդային ինչ-որ միավոր ստեղծելով հանդերձ, սեփական հզորացումն է գերխնդիր դարձրել: Իսկ դրա համար նաև նախորդ իշխանավորների սխալներն է հարկավոր սրբագրել կամ բացատրելի դարձնել: Արևմտյան վերլուծաբաններն անտարբեր չեն նաև այս ուղղությամբ կատարվող քայլերի հանդեպ: Բրիտանական The Financial Times-ի վերջին խմբագրականներից մեկն հենց դրա վկայությունն է: Համաշխարհային երկրորդ պատերազմն սկսվելու 70-ամյակի առթիվ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը երկար սպասված փորձը կատարեց` թուլացնելու լարվածությունը` այս հակամարտության մեջ Խորհրդային Միության ունեցած դերակատարման պատմական գնահատականի առնչությամբ: Այսուհանդերձ, պետք չէ մտածել, թե նրա ձեռնարկած դիվանագիտական աննշան այս վարմունքները նշանակում են, որ Ռուսաստանը հիմնովին վերանայում է իր ստալինյան անցյալը: Լեհաստանում հանդիպելով եվրոպական առաջնորդների հետ` Պուտինն ասաց, որ 1939 թ. կնքված և Հիտլերի ու Ստալինի կողմից Արևելյան Եվրոպան մասնատած Մոլոտով-Ռիբբենտրոպյան պայմանագիրն անբարո էր: Այս տեսակետը ներդաշնակում է լեհերի և մերձբալթիկացիների հայացքներին, որոնք համարում են, որ այդ դաշնագիրը դարձավ Լեհաստանի վրա Հիտլերի հարձակման ու մարդկության պատմության մեջ արյունահեղ պատերազմի անմիջական պատճառը: Սակայն Պուտինն իր խոսքերը հիմնավորեց իր այն ենթադրությամբ, թե իբր պայմանագիրը չի տարբերվում արևմտյան տերությունների հետ Հիտլերի գործարքներից` ներառյալ 1938 թ. Մյունխենյան համաձայնա գիրը: Նրա խոսքը բավական էր, որպեսզի արարողություններն առանց միջադեպերի անցնեն: Դե, ավելի լավ է լեհերն ու ռուսներն իրար հետ հաղորդակցվեն ատամների արանքով, քան` ընդհանրապես չշփվեն: Վերջերս և° Վարշավան, և° Մոսկվան մեծ ջանքեր գործադրեցին` հարաբերությունները բարվոքելու և երկու կողմերի էլ կյանքը թունավորող պատերազմի մասին վեճերը դադարեցնելու ուղղությամբ: Հավելումն ասվածի` Ռուսաստանը բոլորովին պատրաստ չէ Ստալինի մասին անկեղծ զրույցի: Ռուսաստանցիների մեծ մասը խոստովանում է, որ Ստալինը և° սխալներ է թույլ տվել, և° սոսկալի հանցանքներ գործել` հատկապես սովետական ժողովրդի հանդեպ: Բայց նրանք երբեք չեն համաձայնի, որ նա մենիշխան-մարդասպան է եղել, ում կարելի է համեմատել Հիտլերի հետ: Ռուսները վախենում են. դա կարող է նշանակել, որ հարցականի տակ է դրվում նացիստների դեմ Սովետների տարած հաղթանակը, ինչպես նաև հսկայաքանակ այն զոհերը, որոնց հետ է կապակցված այդ հաղթանակը: Պուտինյան իշխանական վերնախավը, այդպես էլ չդատապարտելով իր նախորդներին` կոմունիստներին, անխղճորեն խաղում է ռուսների զգացմունքների հետ` Ստալինի հասցեին քննադատությունը պատկերացնելով քննադատություն` Ռուսաստանի հասցեին: Ռուսաստանը կարիք ունի այնպիսի երկխոսության, որում նացիստական Գերմանիայի դեմ խորհրդային ժողովրդի հերոսական հաղթարշավի գնահատականը տարբերակվի Ստալինի վարքագծի գնահատանքից: Հարկավոր է ազատություն ընձեռել պատմաբաններին, հատկապես հեռուստատեսությամբ: Սակայն դրա հույսերը քիչ են. հատկապես հիմա, երբ «պատմությունը կեղծելու» մասին քրեական հոդված է ամրագրվել: Կարծես` Պուտինը հաստատակամորեն մտադիր է անցյալը ևս այնպիսի խիստ հսկողության տակ առնել` ինչպես ներկայի քաղաքական ազատությունները: Իհարկե, Արևմուտքը հազիվ թե կարողանա ազդել սեփական անցյալի հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա: Բայց մի բան անհրաժեշտ է` լայնորեն տարածել այն իմացությունը, թե խորհրդային ժողովուրդը որքան է տառապել պատերազմի ժամանակ: Նույնիսկ հիմա Արևմուտքում բավական շատերը պարզապես չգիտեն, որ Հիտլերի դեմ հաղթանակի համար ամենաբարձր գինը վճարել է Խորհրդային Միությունը: