Հայկական և հայալեզու


Երեկ Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի «Արգիշտի» սրահում կայացավ հայկական ինտերնետային որոնման համակարգի` «Հանգույց որոնում» (hsearch.am) կայքի քննարկում-շնորհանդեսը և ՀՀ սփյուռքի նախարարության հետ hամատեղ ծրագրեր իրականացնելու մասին հուշագրի ստորագրումը: Հուշագիր, որի նպատակն է «Հայաստան -Սփյուռք գործակցության զորացման միջոցով» նպաստել համայն հայության համախմբանը: hsearch.am-ը առավելապես հայկական և հայալեզու ինտերնետային կայքերի որոնման մասնագիտացված միակ համակարգն է: hsearch.am որոնման համակարգի բազան օրեցօր ինտենսիվ կերպով թարմացվում ու ավելացվում է, և շուտով ինտերնետում չի մնա հայկական ոչ մի տառ, որն ընդգրկված չի լինի hsearch.am-ի բազայում: Ի տարբերություն աշխարհում հայտնի նմանատիպ նախագծերի (google.com, yahoo.com, yandex.ru)` Հանգույցի որոնման համակարգը (ՀՈՀ) ունի մի շարք առանձնահատկություններ: Շնորհանդեսին մասնակցում էր նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով բարձր գնահատեց ծրագիրը` մասնավորեցնելով. - Այս և նման ծրագրերով մենք հնարավորություն ենք ստանում բարձր տեխնոլոգիաները նույնպես օգտագործել` աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին համախմբելու: Հայեցի հայկական ինտերնետային ցանցի ստեղծմամբ ու դրա զարգացմամբ ավելի դյուրին կդառնա մշտական դարձնել կապը` հաղթահարելով տարածական, ժամանակային, լեզվական և այլ արգելքներ: Այս ցանցը կարող է դառնալ վերացական (վիրտուալ) «հայկական աշխարհ»: Նախարարության տեղեկատվական և հեռահաղորդակցության վարչության պետ Տիգրան Հարությունյանի հավաստմամբ` - Սփյուռքի նախարարությունը շահախնդիր է այս և նմանատիպ նախագծերի կայացմամբ` ի նպաստ Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման: Հատկապես այս նախագծի մասին կարող եմ ասել, որ հաջողված է, և վստահ եմ, որ այն ներկայացվող չափով չի սահմանափակվի: - Նախագիծը մի քանի ծրագրերի համախումբ է, որոնք հիմնականում երկու խմբի են բաժանվում. ծրագրեր, որոնք լուծում են տեղեկատվություն ստանալու խնդիրները, ծրագիր` hnet.am, որը հաղորդակցման, կապի, համատեղ աշխատանքի և քննարկումների միջավայր է: Համացանցային հանգույց կոչվելու առաջնահերթ նախապայման է մեր ազգի ու լեզվի յուրահատուկ առանձնահատկություններով որոնման համակարգի առկայությունը: Սակայն «Հանգույցի» երեք տարվա աշխատանքի արդյունք hsearch.am-ը միայն այդ խնդիրը լուծելու համար չէ. այն հայտնի մի քանի գաղափարների միավորում է և լավ նախադրյալներ է ստեղծում հայկական կայքերի համախմբման և զարգացման համար,- ասում է «Հանգույց» ստեղծագործական խմբի ղեկավար Մհեր Աբրահամյանը «Հանգույց» ակումբում գոյություն ունի անդամության 3 աստիճան: Պարբերաբար կազմակերպվում են ընդունելության քննություններ, և յուրաքանչյուրը կարող է մասնակցել նաև իր նպատակների իրականացմանը: Կգա ժամանակ, երբ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներից յուրաքանչյուրը իր թելը կունենա «Հանգույցում», և մենք վստահ կարող ենք ասել` մենք կարողացանք, վերջապես համախմբվեցինք, մենք հաղթեցինք…: