Ճշմարիտ հայրենասիրությունը


Օգոստոսի 31-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների կողմից երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին նախաստորագրված «Արձանագրությունն» ու դրան կից «Ժամանակացույցը», չնայած միջազգային հանրության դրական արձագանքին, հայ, թուրք և ադրբեջանական քաղաքական շրջանակներում միանշանակ վերաբերմունքի չեն արժանանում: Նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հասարակական շրջանակների կարծիքների բազմազանությունը ոչ միայն զարմանալի չէ, այլև միանգամայն բնական է: Քանզի նախ, երկու պետությունների ու ժողովուրդների միջև անվստահությունը չափազանց մեծ է: Երկրորդ` տևական թշնամանքից ու ատելության քարոզչությունից հետո չափազանց դժվար է հավատալ միջպետական հարաբերությունները բնականոնացնելու առթիվ Թուրքիայի ձգտումների անկեղծությանը: Երրորդ` թե° Հայաստանում, թե° Թուրքիայում ու Ադրբեջանում կան ազգայնական, նույնիսկ ծայրահեղ ազգայնական գաղափարներ դավանող, ինչպես նաև սեփական երկրների կառավարող ուժերի ցանկացած քայլը շահարկելու միջոցով քաղաքական դիվիդենդներ շահելու հիվանդությամբ տառապող ուժեր: Թուրքիայում և Ադրբեջանում գործող հիշյալ ուժերի գործունեությանն անդրադառնալը մեր հոգսը չէ: Թող ինչքան ուզում է` խառնակություն գցեն սեփական երկրներում: Իսկ ահա հայաստանյան քաղաքական ուժերի որդեգրած կեցվածքներին հարկ է ուշի-ուշով ծանոթանալ: Ի՞նչ են նրանք ասում նախաստորագրյալ փաստաթղթերի մասին և որքանո՞վ արդարացի են դրանք: 1-ին` Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալացնելու առթիվ Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացված նախապայմանը` Արցախյան հակամարտությունը Ադրբեջանի օգտին լուծելու պահանջը, իբրև թե, «մնացե¯լ» է: Կեղծի°ք է: Խնդրահարույց փաստաթղթերում Արցախի առնչությամբ Հայաստանին առաջադրված որևէ նախապայման գոյություն չունի: Դրա բացակայությունը ստիպված խոստովանում են նաև իրենք` նման անհեթեթ պնդումների հեղինակները: Սակայն շեշտում են, թե փաստաթղթերի հրապարակումից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կրկին հայտարարեց, որ Թուրքիան հույս ունի, թե «սահմանները բացելուց մեկ վայրկյան առաջ կլուծվի նաև Ղարաբաղյան խնդիրը»: Նման հայտարարությունը կարող է բազմաթիվ դրդապատճառներ ունենալ: ՉԷ՞ որ Դավութօղլուն չի կարող այնքան միամիտ լինել, որ չհասկանա` Արցախյան հակամարտության խնդրի լուծումը այսօր-վաղվա բան չէ. տարիների, միգուցե նույնիսկ շատ երկար տարիների խնդիր է: Միգուցե դրանով Դավութօղլուն արտահայտել է զուտ սեփական ցանկությո՞ւնը: Միգուցե փորձել է այդ կերպ ճնշու՞մ գործադրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի ակտիվացման վրա: Կամ էլ ցանկացել է հանդարտեցնե՞լ թուրք-ադրբեջանական հասարակական կրքերը: Արտգործնախարարի հայտարարությունը մի բան է, իսկ կողմերի միջև նախաստորագրված պաշտոնական փաստաթուղթը` միանգամայն այլ բան: Վերջին դեպքում առկա են երկու պետությունների հարաբերությունները նորմալացնելու հերթական քայլերի կոնկրետ ժամկետները: Անկարան չի կարող ինքն իրեն ամբողջ աշխարհի աչքում ծաղրի առարկա դարձնել և ասել, թե «ժամանակացույցով» հաստատված այս կամ այն քայլը չեմ անում` քանի դեռ դրանից «մեկ վայրկյան առաջ» Արցախյան հարցում որևէ, մանավանդ զուտ Ադրբեջանի օգտին կատարված առաջընթաց չի արձանագրվել: 2-րդ` «Արձանագրությանը» կից «ժամանակացույցի» 5-րդ կետով նախատեսվում է միջպետական հարաբերությունները կարգավորող հանձնաժողովի կազմում, բազմաթիվ այլ ենթահանձնաժողովների հետ, ունենալ նաև «պատմական հարթության վրա առկա խնդիրները քննարկելու, հստակեցնելու և առաջարկություններ ներկայացնելու» ենթահանձնաժողով: Ոմանք փորձում են այս ենթահանձնաժողովի ստեղծումը համարել Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու, այդ հարցը պատմաբանների քննարկմանը թողնելու միտում: Դա չափազանց մեծ թյուրիմացություն է: Հայաստանը պետական մակարդակով բազմիցս հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի ենթակա չէ: Հետևաբար, եթե նույնիսկ թուրքական կողմն այդպիսի հարց բարձրացնի, ապա այդ ենթահանձնաժողովը կդառնա այն հարթակը, որտեղ մենք կարող ենք Թուրքիային ներկայացնել Հայոց ցեղասպանությունը ընդունելու, կատարված ոճրագործության համար հայ ժողովրդից ներում աղերսելու և արդարացի փոխհատուցում տալու մեր պահանջները: Եթե թուրքերը քաղաքակրթվել և հասունացել են այն աստիճան, որ պատրաստ են այդ անել, ապա նրանք, տվյալ ենթահանձնաժողովի աշխատանքի արդյունքները վկայակոչելով, նման բարոյական քայլ կանեն: Եթե դեռ մնացել են 1915-ի մարդակերական մակարդակին, ապա հենց իրե°նք կխուսափեն Հայոց ցեղասպանության թեման շոշափելուց: Մենք հիշյալ ենթահանձնաժողովում տվյալ խնդիրը քննարկելուց հրաժարվելու պատճառ չունենք: Այդպիսի քննարկումը երբեք չի կարելի գնահատել որպես «Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի ենթարկող» քայլ: Հակառակը, դա հնարավորություն կտա պաշտոնապես առաջարկ ներկայացնել Թուրքիային` Հայոց ցեղասպանութ յունը ճանաչելու մասին: Չէ՞ որ տվյալ ենթահանձնաժողովը հենց առաջարկներ ներկայացնելու լիազորություն է ունենալու: 3-րդ` մեծ աղմուկ է բարձրացել նաև այն պատճառով, որ հիշյալ «Արձանագրության» մեջ ընդգծված է, թե կողմերը, միջազգային դիվանագիտության մեջ ընդունված բազմաթիվ այլ հերթապահ ձևակերպումներից զատ, պատրաստ են իրենց հարաբերությունները կառուցել «միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու, պետական սահմանները ճանաչելու» հիման վրա: Սրա մեջ էլ ուռռա-հայրենասերները «դավաճանություն» են տեսնում մեր «անժամանցելի» ազգային շահերի, հողային պահանջատիրության նկատմամբ և իշխանություն ներին մեղադրում են, թե այս կերպ, իբր, Հայաստանն առաջին անգամ «հրաժարվո¯ւմ» է Արևմտյան Հայաստանից, վերահաստատո¯ւմ է Կարսի 1921 թվականի հոկտեմբերի 13-ի թալանչիական պայմանագրով Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված միջպետական սահմանը: Եթե Դաշնակցության պարագայում այս վայնասունը քիչ թե շատ հասկանալի է, քանզի այդ կուսակցությունը երբեք չի ընդունել Կարսի պայմանագիրը, ապա մյուսների, մանավանդ Հայաստանում տևականորեն իշխանության ղեկին գտնված ուժերի համար նման աղմկարարությունն ուղղակի անընկալելի է: Կարսի պայմանագիրը, որքան էլ թալանչիական, իրավական տեսակետից խոցելի, անարդար և այլն, և այլն, մինչև այժմ էլ գործող պայմանագիր է: Միջազգային հանրութ յունն այդ պայմանագիրն օրինական է համարում, դրանով գծված Հայաստան-Թուրքիա սահմանը` միջազգայնորեն ընդունված սահման: Իսկ պատմական զարգացման այս պահին Կարսի պայմանագիրը նաև յուրատիպ «օրինականացումն» է Թուրքիայի կողմից հայկական պատմական հայրենիքի բռնազավթման:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ