ԱՐԴՅՈ՞Ք ՇՐՋԱՆՑԵԼԻ ԵՆ ԽՈՒԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ` տարածաշրջանային գործոն


2008 թ. օգոստոսին, երբ ռուս-վրացական հնգօրյա պատերազմում Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները ձայն-ձայնի տված լծվել էին հակառուսական քարոզչության սայլին, շատերի համար անսպասելի` Թուրքիան հանդես եկավ Ռուսաստանին արդարացնող դիրքերից: Շատ չանցած, Անկարան հաջորդ անսպասելի քայլը կատարեց` առաջարկելով Հարավային Կովկասում համագործակցության հարթակ ստեղծել: Այլևս պարզ էր, որ Թուրքիան այդպիսով տարածաշրջանային տերություն դառնալու հայտ էր ներկայացնում: Սակայն, որքանո՞վ են նրա` այդ հավակնությունները համապատասխանում աշխարհաքաղաքական երկու կենտրոնների` Եվրամիության ու ԱՄՆ շահերին: Նրանց մտահոգողն այն է, որ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնելու շնորհիվ Թուրքիան կարող է դառնալ ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ընդհանրա պես Մերձավոր Արևելքում էներգակոմունիկացիոն, տրանսպորտային կենտրոն, ինչը վերջնականապես անվերահսկելի կարող է դարձնել նրան: Ելնելով սրանից, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն առանձին-առանձին Թուրքիային զսպելու քայլեր ձեռնարկեցին: Ներկայումս Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների վերաբերմունքը բացատրվում է նաև Թուրքիային զսպելու առումով. Հայաստանը դիտարկվում է իբրև Անկարային զսպելու աշխարհաքաղաքական գործոն, իսկ հայ-ռուսական հարաբերություններն Արևմուտքը համարում է դրա` հայկական գործոնի ամրապնդման նախապայման: Ակնհայտ է, որ գալու էր մի պահ, երբ Եվրամիությունն ու Սպիտակ տունն Անկարայի առջև դնելու էին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անզիջում պահանջ: Իր տնտեսությամբ Թուրքիան կախված է միջազգային ֆինանսական ինստիտուտներից, և անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը և Եվրամիությունն ի զորու են Թուրքիայի տնտեսությունը կաթվածահար անել: Եվ ահա, 2008-2009 թթ. գործընթացների արդյունքում Անկարան ներքաշվեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արագացված գործընթացների մեջ: Իսկ Թուրքիայի խորհրդարանում Բարաք Օբամայի հայտարարությունը, թե ինքը չի փոխել իր տեսակետը 1915 թ. հայկական ջարդերի վերաբերյալ, հաստատում էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ընթանալու է ԱՄՆ հովանու ներքո: Ամերիկա-եվրոպական հսկողությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ենթադրում է հայկական գործոնի մեծացման հնարավորություն: Սակայն տարածաշրջանում ամերիկա-եվրոպականից բացի կա նաև ռուսական շահերի ազդեցությունը: Այս երկուսի մրցակցությունը Հայաստանի համար կարող է և° շահավետ, և° վտանգավոր լինել: Մասնավորապես, չի բացառվում, որ Ռուսաստանի շահերի պարագայում հանուն ռուս-թուրքական միասնության զոհաբերվեն Հայաստանի շահերը, ինչպես դա մի անգամ արդեն տեղի է ունեցել ոչ հեռավոր անցյալում: Սակայն Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները բարդ են, շատ հարցեր կարգավորված չեն. Ռուսաստանը նույնպես, ինչպես ԱՄՆ-ը, բացարձակապես շահագրգռված չէ դեպի Եվրասիա Թուրքիայի առաջխաղացմամբ: Սակայն, վերջին գործընթացների, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների մասին արձանագրությունների հրապարակման արդյունքում Հայաստանում և Թուրքիայում ներքաղաքական նոր լարումներ նկատվեցին: Մասնավորապես, Հայաստանում տեսակետների բախում է արձանագրվում ընդդիմության երկու ճյուղերում. արմատական ՀԱԿ-ն այս պարագայում համակարծիք է իշխանությունների հետ, իսկ ՀՅԴ-ն հանդես է գալիս քննադատողի դիրքերից` ընդհուպ արտգործնախարարի հրաժարականը պահանջելով: Կարևոր է նշել, որ Հայաստանը հայտնվում է շահեկան դիրքերում, եթե Թուրքիային զսպելու խնդիրներն ավելի առաջնային դառնան ուժային արևմտյան կենտրոնների և Ռուսաստանի, Իրանի, Մերձավոր Արևելքի երկրների համար: Այսօր աշխարհաքաղաքական գործընթացները չափազանց արագ են զարգանում, և Հայաստանը թերևս պետք է փորձի ընդգրկվել դրանցում, ինչը հնարավոր է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվելով: Դա էլ, իր հերթին, առաջացրել է տարածաշրջանային հարևանների, մանավանդ` Ադրբեջանի անհանգստությունը: Սակայն, Թուրքիա յի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագրում նախանշված պայմանավորվածությունները կարող են ուժ ունենալ միայն ագրեսիայի բացառման և կոմունիկացիա ները բաց պահելու դեպքում: Առջևում արձանագրությունների ստորագրման համար տրամադրված 6 շաբաթներից արդեն մնացել է 5-ը: Սակայն, դրանից հետո փաստաթուղթը պետք է վարվերացնեն երկու երկրների խորհրդարանները, ինչի համար կոնկրետ ժամկետներ սահմանված չեն: Հենց այստեղ էլ թաքնված է խութերից մեկը: Արդյո՞ք Թուրքիան խորհրդարանում փաստաթղթի վավերացումը չի ձգձգի այնքան, մինչև ղարաբաղյան հարցում առաջընթաց չգրանցվի…

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ