«ԱՇԽԱՏԵԼ»` ՉՆԿԱՏՎԵԼՈՎ


Սեպտեմբերի 14-ը տոն է Խաչի և Հիշատակի օր ննջեցելոց: Ու ՀՀ խորհրդարանի աշնանային հերթական նստաշրջանի մեկնարկը մեկ օրով կհետաձգվի: Սակայն հատկապես այդ մեկնարկից առաջ ակամա մտածում ես կրկին, թե որքա¯ն անկրկնելի և ինքնատիպ է մեր օրենսդիր մարմինը: Այս եզրահանգմանն անշուշտ նպաստում է կարևոր մի նկատառում. ոչ թե Ազգային ժողովի նոր նստաշրջանի ու պատգամավորների բեղուն գործունեության սպասումն է մեծացնում այս կառույցի հանդեպ հետաքրքրությունը, այլ ժամանակն է առավելապես նոր նստաշրջանի անխուսափելիության և ընդհանրապես խորհրդարանի գոյության մասին հիշեցնում: Երբևէ հարազատ թվացած Ազգային ժողով բառակապակցությունը, որքան էլ ցավալի լինի, արդեն տևական ժամանակ ընկալվում է որպես անցանկալի հուշեր արթնացնող «Մարտի 1-ի հանձնաժողով»: Ստացվում է, և այդպես էլ կա, որ համենայն դեպս` մեկ տարում այստեղ ամենագործունն ու աշխատասերը հենց այս բազմակուսակցական հանձնաժողովն է: Ի դեպ` այս կառույցի հանդեպ հետաքրքրությունը գերազանցապես դրա գործունեության հակասականությամբ է պայմանավորված: Հետևաբար «օրինաչափ» է նաև այն, որ տևական ուսումնասիրություններն այդպես էլ ոչ մի հարցի համոզիչ ու վերջնական պատասխան դեռ չեն ամբողջացնում: Ընդհանրապես, մեր բոլոր խորհրդարաններին էլ հանրությունը հայելու մեջ է տեսել: Ընդ որում` ծուռ: Իսկ ներկայիս Ազգային ժողովի պարագայում արդեն մեծ են ոչ այնքան հայելու ծուռ լինելու մասին կասկածները, այլ դրա գոյությունն ընդհանրապես… Եվ մի՞թե հայելի է անհրաժեշտ, երբ այլևս տեսնելու առանձնապես ոչինչ չի մնացել: Միգուցե «տեսնելու» անհրաժեշտություն ու նպատակ էլ չկա՞… Չէ՞ որ մեր երկրում օրենքները որքան շատանում, այնքան նրանց գոյությունն ու կիրարկումն անտեսանելի է դառնում: Ու այն պահից, երբ հայտնի դարձավ, որ խորհրդարանական նիստերի պարբերականությունը երկարաձգվում է, ավելի իրատեսները չթաքցրին իրենց վերապահում ներն այս կառույցի` այս պարունակությամբ գոյության նպատակահարմարության առնչությամբ: Հանրությունն իսկի էլ ազգընտիրներին ավելի ուշ-ուշ հեռուստաէկրաններից տեսնելու դարդից չէր նվաղում, բայց այն ժամանակ «փաստարկվում» էր, թե բոլոր օրենքները վաղուց արդեն գրվել-ավարտվել են, և այդ ամենը մերթընդմերթ թարմացնելու, դրանք ժամանակին համընթաց խորհրդարանից խորհրդարան ժառանգելու համար ամենամսյա հավաքներն էլ կբավարարեն: Այնպես որ, լիովին հասկանալի է, թե ամառային հանգստից վերադարձող օրենսդիրներն ինչու են աշնանային նստաշրջանը հենց ԶԼՄ-ների կամ ավելի ճիշտ` լրագրողների գործունեությունը խոչընդոտող ինչ-որ օրինագծերից պատրաստվում սկսել: Ահա թե ինչպես է ստացվում, երբ «թեժ» քառօրյաների արդյունքում որոշ պատգամավորների անտեսանելի հաշվիչը մեկ էլ ամփոփում է, թե վերջիններս այսքան ու այնքան օրենք և օրինագիծ են հեղինակել: Եվ ահա այստեղ է, որ բոլորը մեկեն կարգապահ են դառնում, ու եթե նույն քառօրյայում օրենքի հարյուր նախագիծ առաջադրվի, այդ հարյուրն էլ ընդունվում են` միաձայն լինելուն շատ մոտ քվեների հարաբերակցությամբ: Ամեն ինչ այնքան լավ է մտածվել, ու քվեարկությունները պարզապես իրար են հաջորդում… Ու հանուն ազգընտիր (՞) լինելու պատիվը պահպանած լինելու, պետբյուջեից ստացվող աշխատավարձը գոնե իրենք իրենց շրջանում արդարացված համարելու ու էլի մի շարք այլ նման «հանունների»` մարդիկ համերաշխորեն ամեն 21 օրը մեկ ներկայանում են քառօրյաների ու «կողմ եմ» կոճակը պահանջված չափով սեղմում-հեռանում: Այս ամենն, իհարկե, անչափ նման է այն սերիալներին, որոնց մի սերիան էլ պատահաբար նայելու դեպքում` կարելի է և անցած սերիաները և սերիալի ավարտը պատկերացնել: Իրոք, խորհրդարանի նիստերն այս անվերջանալի կինոշարերի քաղաքականացված կրկնությունն են: Ու մի դեպքում մարդկանց երեկոն է լցվում, մյուս դեպքում` անթիվ-անհամար օրենքների շարքն է լրացվում և լուրջ ու մեծ թվերի տեսքով մեզ հրամցվում: Բայց, այնուամենայնիվ, գործող օրենսդիրն իսկապես ամենա-ամենան է: Ուստիև բոլորովին էլ չենք չափազանցնում, երբ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառույցն անկրկնելի ենք համարում: Նման գործելաոճ մեր խորհրդարաններից և ոչ մեկը չի ունեցել: Կուզեք` նշանաբան, կուզեք` հենց գործելաոճ էլ համարեք, միևնույն է, մոտեցումը մեկն է` չնկատվել: Ու սա, խոստովանենք, գործող օրենսդիրների ճնշող մեծամասնության շրջանում և օրենսդիրում ընդհանրապես շատ լավ է ստացվում… Իսկ կյանքը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում ավելորդ հոգսերից, քննադատությունից, հասարակական ակնկալիքներից ու դժգոհությունից, ինչու չէ նաև լրագրողներից խուսափելու ավելի հարմար տարբերակ չկա: