Նահանգներն անտարբեր մնալ չի կարող


«Մենք խիստ մտահոգված ենք Իսրայելի և Թուրքիայի միջև տեղի ունեցածից և կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը». այս մասին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անունից հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո խոսնակը: Ամերիկացի դիվանագետներն ասել են, թե իրենք զրուցել են Իսրայելի ու Թուրքիայի ներկայացուցիչների հետ և հույս են հայտնել, որ «կողմերը կարող են կասեցնել լարվածության ծավալումը և հարաբերությունների բարելավման բանակցություններ սկսել»: - Թուրքիան և Իսրայելը ԱՄՆ¬ի ռազմավարական գործընկերներն են և մեր հետաքրքրությունների շրջանակում է այդ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը,¬ նշել են Պետդեպարտամենտում: Իսրայելն էլ դեմ չէ հարաբերությունների կարգավորմանը: Ինչպես տեղեկացրել է «Կուրսոր» լրատվամիջոցը` իսրայելական զինվորականները հայտարարել են, որ Թուրքիայի հետագա մտադրությունների մասին տեղեկություններ չունեն, բայց դեռ հույս ունեն, որ Եվրոպան ու Ամերիկան ջանքեր կներդնեն` իրավիճակի կարգավորման և կայունություն հաստատելու համար: Նրանք հավելել են, որ Իսրայելը նախապես սկսել է պատրաստվել Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացմանը: Դեռևս 2010 թ. մայիսից Իսրայելն աստիճանաբար կրճատել էր Անկարայի հետ առևտրական կապերը` զգուշանալով, որ տեխնոլոգիաներն ու զենքը կարող են հայտնվել հավանական թշնամիների ձեռքում: Հիշեցնենք, որ վարչապետ Էրդողանն էլ հայտարարել է, որ իր երկիրը խզում է պաշտպանական արդյունաբերության և ընդհանրապես առևտրական կապերն Իսրայելի հետ: