ՄԵՆՔ ՀՊԱՐՏ ԷԻՆՔ


Մահապարտները խելահեղ մի ցնցումով վճռեցին պատերազմի ելքը... Անհրաժեշտ էր այդ հարվածը: Ուժերի ու ոգու արթնացում էր պետք, գերլարում, մի նո´ր, է´լ ավելի զորեղ ցնցում: Նրանք պատվով կատարեցին իրենց առաքելությունը: Վճռական այդ պահին մահապարտների շարքերը համալրեց ազատամարտիկ Վարուժան Զաքարյանը` Բդոն: Նախքան գումարտակի ձևավորումը «Գեղարդ» ջոկատի կամավորական էր, որի հրամանատարը Գեղարդի քահանա Տեր Հակոբն էր` Լեոնիդ Ազգալդյանի նախկին զինվորը: Սիրելի հրամանատարի մահից հետո նա ձևավորել էր «Գեղարդը», որի կազմում տեղացի կամավորականներից զատ ընդգրկվեցին նաև այլ վայրերից եկած մարտիկներ: Սոցիալական դրդապատճառներով` Վարուժանը մեկնել էր Լեհաստան: Վերադարձի ճանապարհին Բրեստից զանգահարեց մորը և տեղեկացավ, որ ընկերները մեկնում են: Որոշեց օր առաջ հասնել հայրենիք, միանալ ընկերներին: Սակայն հարկադիր կանգառները երկարաձգեցին ճանապարհը: Երևան հասավ օգոստոսի 29- ին, երբ արդեն ձևավորվել էր մահապարտների զորագունդը: - Դեռ ոչինչ չգիտեի «Արծիվ մահապարտների» մասին, չգիտեի, որ գունդ է ձևավորվել, որը պետք է մարտնչի ամենավտանգավոր հատվածներում: Ոչնչից տեղյակ չէի: Միայն գիտեի, որ ընկերներս Արցախ են գնում և կարծում էի, թե «Գեղարդ» ջոկատով են մեկնում,- պատմում է ազատամարտիկը: Երբ ցանկություն հայտնեց անդամագրվելու, արդեն ուշ էր, մահապարտները երդվել էին: Այնուամենայնիվ Վարուժանի անունը ևս իր տեղը գտավ մյուս խիզախների անունների շարքում: Վերջինն էր: 7-րդ դասակում էին նաև ընկերները. 5 ընկեր` մի բակից: Գումարտակն ուղևորվեց Արցախ: Անթափանց խավարի և տեղանքին անծանոթ լինելու պատճառով զինվորներին տեղափոխող մեքենաների մի մասը շեղվել էր ճիշտ ուղուց` ճանապարհվելով դեպի Աղդամ: Բարեբախտաբար, ժամանակին բացահայտվեց սխալը, և մեծ արագությամբ վերադարձան: 5-րդ, 6-րդ և 7-րդ դասակները դիրքավորվեցին Չլդրան գյուղում: Թեպետ մարտիկների մեծամասնությունը փորձառու էին, սակայն տեղանքին անծանոթ լինելու փաստը բազմաթիվ դժվարությունների պատճառ դարձավ: Այնուամենայնիվ հաջողությամբ դիրքավորվեցին: Կատաղի կռիվ էր` կենաց ու մահու: Խրամատների վրա կրակ էր թափվում: Շատերը զոհվեցին, ոմանք չհասցրին անգամ կրակել: Արցախցի կամավորականների մի ջոկատի հետ համաձայնեցված գործողությունների արդյունքում հաջողվեց գրավել մոտակա բլրակը և միասնական, վճռական հարվածով հետ մղել հակառակորդին դեպի ձորը: Վարուժանը ցավով է հիշում, թե ինչպես զոհվեցին մոտակայքում դիրքավորված դասակի 2 զինվորները` դաշտում եգիպտացորեն հավաքելիս: - Սարսափելի բան է պատերազմը: Ամեն ինչ տեսանք, կորուստ, ցավ, դաժանություն: Երբ աչքիդ առաջ զոհվում է ընկերդ, ոչինչ չի կարող համեմատվել այդ ցավի հետ: Կորուստները դառն էին, բայց մենք հպարտ էինք, ժպտում էինք: Գիտեինք, որ մեր ընկերները զոհվում են հանուն հայրենիքի, որ եթե պահը գա, մենք էլ հպարտ կընկնենք: Ավելի հաճախ Վարուժանն էր ջուր հասցնում զինվորներին: Մի քանի անգամ նույնիսկ դիպուկահարը վնասել էր նրա սաղավարտը: Ամեն անգամ տարօրինակ զուգադիպությամբ կրակոցը դիպուկ չէր լինում: Կարծես հասկացնում էր, որ կարող է կրակել, բայց... Ավելի ուշ իմացան, որ դիպուկահարն աղջիկ էր: Ճակատագի՞րը պաշտպանեց Վարուժանին, թե՞ դիպուկահարուհին հավանել էր նրան… Անմեկնելի են առեղծվածները: 12 օր դիրքերում մնալուց հետո ճանապարհվեցին Գանձասար: Մարտական գործողությունները տեղափոխվեցին Վաղուհաս: 19 տարի առաջ` սեպտեմբերի 11-ին էր Վաղուհասի մարտը: Մահապարտները 4 զոհ տվեցին: Այդ օրն ընկավ նաև Սամվել Շահմուրադյանը: Մահապարտների գումարտակում իր առաքելությունը կատարելուց հետո, Վարուժանը կրկին «Գեղարդ» ջոկատի հետ մեկնեց Արծվաշեն: Ամենավտանգավոր վայրերում մարտնչած` հայրենիքի ու պայքարի նվիրյալ մարտիկն իր հոգու խոսքն է հղում մեր զինվորներին. - Միշտ հպարտ եղե´ք, գլուխներդ բարձր: Մենք արդեն ճանապարհ ենք բացել: Ոչ ոք պատերազմ չի ուզում: Սակայն, Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի` իմացեք, առաջինը մենք ենք ձեր կողքին կանգնելու: Իսկ ազատամարտիկի համարձակության, նվիրվածության խոսուն վկաներն են ՀՀ նախագահի «Արիության», «Մարտական ծառայություն», ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», ինչպես նաև «Արցախի մայրական երախտագիտություն» և այլ մեդալներն ու պատվոգրերը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ