ԴԱՏԱՓԵՏԵԼՈՒՑ ԱՌԱՋ` ԱՋԱԿՑԵՆՔ


Ազգային բանակում տեղի ունեցող ցանկացած տհաճ միջադեպ, առավել ևս` սպանություն կամ մահ, դառնում է հանրային բուռն քննարկումների առարկա, պատեհապաշտներին և իշխանության ու բանակի դեմ չարությամբ տրամադրվածներին կոչերով և «մերկացնող» հայտարարություններով հանդես գալու, անգամ հրճվելու և ուրախանալու առիթ է տալիս: Ողբերգությունները դառնում են շահարկման նյութ և առարկա, հասարակությանը բաժանում մի քանի մասերի` այսպես նաև ոմանց մոտ անհասկանալի ու անբացատրելի թշնամանք ձևավորելով բանակի հանդեպ: ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել Է ևս երկու սպա: Նշենք, որ տվյալ սպաներին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Գործի հետագա զարգացումների մասին հանրությանը կտեղեկացվի պատշաճ ժամկետներում: ՀՀ ՊՆ քննչական ծառայություն Վերջին օրերին գրեթե բոլորի ուշադրությունը սևեռված է «Եղնիկներ» կոչվող զորամասում կատարվածի վրա, իսկ զոհ դարձած Աղասի Աբրահամյանի անունը շատ-շատերի շուրթերին է: Դեռ տասնիննը չբոլորած երիտասարդի մահը ցնցել է շատերիս. շատերն են անհամբերությամբ սպասում գործի վերջնական բացահայտմանը, իսկ ոմանք էլ, չգիտես ինչ տրամաբանությամբ, ուղղակի փառավորվում են` իմանալով, որ օրավուր ընդլայնվում է կասկածյալների շրջանակը… Տեղի է ունեցել ողբերգություն, որը կարող էր և չլինել, եթե տղայական վեճը ծեծկռտուքի չվերածվեր, եթե բուժկետի պատասխանատուն լիներ ոչ թե մարդկային դեմքը կորցրած մեկը` այլ սպայի ու բժշկի կոչմանը հավատարիմ առաքինի մի մարդ, եթե խորհրդային բանակում արմատավորված մի շարք ոչ կանոնադրական հարաբերություններ և «գողական աշխարհից» ժառանգված սովորություններ չթափանցեին նաև Ազգային բանակ: Դեռևս մեկ տարի առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրապարակավ մեղադրանքներ ներկայացրեց զինվորական մի շարք բժիշկների, դատապարտեց նրանց անհոգի և ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը, երբեմն ոչ պատշաճ հոգատարությունը բանակ զորակոչվածների հանդեպ: Թվում էր, որ Պաշտպանության նախարարի` նման խիստ խոսքը պիտի սթափեցնող լիներ, ոլորտի պատասխանատուները պիտի համապատասխան հետևություններ անեին ու զբաղվեին նաև զինվորական բժիշկների մարդկային, բարոյական և սպայական նկարագրերով: Սակայն ոչ բոլորը հասկացան Նախարարի պահանջի լրջությունը, ոչ բոլորը գիտակցեցին, որ հատկապես զինվորական բժիշկները երկրորդ ծնող են դառնում բանակում, մարդիկ, ովքեր իրենց մեջ միավորում են բժշկին, հոգեբանին, սպային ու ծնողին: Չեմ կարող չհիշել զինվորական երեք բժշկի` գնդապետի, երկու լեյտենանտի, որոնց կերպարները մշտապես դաջված են իմ մտապատկերում: 1975-ին ծառայում էի Սեմիպալատինսկի ատոմային փորձարկում ների պոլիգոնում: Մի գիշեր չկարողացա քնել` որովայնիս շրջանում առաջացած սուր ցավերից: Առավոտյան դիմեցի զորամասի բուժկետի բժշկին: Առանց ինձ զննելու` զայրացավ. - Եթե ցավեր ունես, եթե ողջ գիշեր չես քնել, մի՞թե դժվար էր տեղեկացնել հերթապահ սպային և կանչել ինձ: Ապա զննեց ուշադիր և առանց որևէ բան ասելու` իր անձնական մեքենայով ինձ տարավ կայազորի հոսպիտալ: Այստեղ հոսպիտալի պետն ինձ զննեց, ապա կանչեց պատգարակակիրներին և ինձ տեղափոխել տվեց վիրաբուժական բաժանմունք: Ես կարող էի ինքս էլ գնալ, որովհետև պետի աշխատասենյակից վիրաբուժական բաժանմունք մոտ 100 մետր էր, սակայն նա պարտադրեց պառկել և չշարժվել: Վիրաբուժական բաժանմունքի պետն ինձ տեղափոխեց վիրահատարան և բացատրեց, որ պայթել է կույրաղիքս` առաջացնելով ինֆիլտրատ: Մոտ տասնհինգ օր ինձ ներարկումներ էին անում, գիշեր-ցերեկ հետևում իմ վիճակին: Ամեն առավոտ բաժանմունքի պետը մտնում էր իմ հիվանդասենյակ` իր հետ բերելով փոքրիկ կաթսայով արգանակ, որը նրա կինն էր պատրաստում: Հետո ինձ վիրահատեցին, իսկ վիրահատությունը մոտ երկու ժամ տևեց: Չորս օր շարունակ ինձ բուժող բժիշկը` Սապսայ ազգանունով մի երիտասարդ լեյտենանտ, չէր հեռանում իմ մոտից: Երբեմն գիշերները մեկ-երկու ժամով գնում էր բժիշկների սենյակ, մի փոքր հանգստանում… Իր նախաձեռնությամբ հրավիրեց սրտաբանի, նևրաբանի և հեռացավ իմ կողքից այն ժամանակ, երբ զգաց, որ ինձ որևէ վտանգ չի սպառնում… Աղասի Աբրահամյանի կողքից բացակայել է ոչ թե միայն բժիշկը, այլև` մարդը: Ու այդ բացակայությունն էլ դարձել է նրա մահվան պատճառը: Հիմա Պաշտպանության նախարարի ամենօրյա հսկողության ներքո է գործի բացահայտումը. ուրեմն, չեն կարող պարտակումներ և խուսանավումներ լինել: Սակայն խնդիրը սոսկ գործի լիարժեք բացահայտումը չէ: Աղասի Աբրահամյանի մահը պարտադրում է մտորումներ, որոնք չեն կարող վերաբերվել միայն բանակին: Կատարված ողբերգության շարժառիթը տղայական անըմբռնողությունն է նաև եղել, այսպես կոչված «հեղինակությանը» ստվեր գցելու փաստը: Եթե դրսում իր բնական կարիքները հոգացող Աղասուն դիտողություն չանեին, եթե նա դիտողություն անողի վրա մատ թափ չտար` այս ողբերգությունը չէր լինի: Չէին լինի նաև այն սպանություններն ու մահերը, որոնք արդեն գրանցվել են մեր բանակի պատմության մեջ` շատ ծնողների` վիշտ, հասարակությանը` տխրություն պատճառելով: Քիչ չեն նրանք, ովքեր բանակ են գնում հոգեբանորեն չնախապատրաստված, չկայացած, ովքեր կամենում են բանակում հաստատել «գողական օրենքներ»` հիմնելով «չաստ նայողների», «չմոների» դատապարտելի «ինստիտուտները»: Որքան էլ աչալուրջ լինեն սպաները, այնուհանդերձ ոչ միշտ է հնարավոր փոխել ոմանց հոգեբանությունը, արմատախիլ անել «դրսից» բերվող բարքերը: Հայտնվելով բանակում` ոմանք իրենց «հեղինակություն» են հռչակում, սկսում ճնշել իրենցից թույլերին, համեստ ու դաստիարակված զինվորներին: Տարբեր դաստիարակություն, տարբեր մենթալիտետ, սոցիալական տարբեր միջավայրերի ծնունդ երիտասարդներ են հավաքվում զորամասերում, ու նրանցից ոմանք այդպես էլ չեն ուզում ընկալել բանակի առանձնահատկությունը, ընդունել կանոնակարգային հարաբերությունները, հասկանալ, որ բանակն անհատի կայացման, հայրենիքի պաշտպանի պատրաստման գլխավոր դարբնոցն է: Չհասկանալով կամ չուզենալով հասկանալ` նրանք առիթ են տալիս անցանկալի իրողությունների, որոնցից մի քանիսն էլ ավարտվում են ողբերգությամբ: Հասարակության շատ ներկայացուցիչ ներ նման դեպքերում անմիջապես մեղադրում են հրամանատարությանը` մոռանալով, որ բանակը վերացական հասկացություն չէ, այն երիտասարդ մարդկանց համախումբ է, մեր զավակների համախումբն է: Ուրեմն, մեր տեսակը, մեր դաստիարակությունն ու մեր մենթալիտետն են ձևավորում բանակի կերպարը: Իսկ որպեսզի այնտեղ չլինեն անցանկալի և ողբերգական դեպքեր, որպեսզի երբեք չբախվենք ողբերգական իրադարձությունների` անհրաժեշտ է, որ հասարակությունը կանգնի բանակի կողքին, ամեն ինչ անի, որպեսզի երիտասարդը զորակոչվի որոշակի հոգեբանական նախապատրաստվածությամբ, դաստիարակությամբ, մտավոր պաշարով: Պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ ստեղծվել է հասարակական խորհուրդ, սակայն ամեն ինչ չէ, որ կարող է անել այս խորհուրդը: Ուրեմն, մեր բուհերը, ստեղծագործական միություններն ու կոլեկտիվները, Հայաստանով մեկ տարածված հասարակական կազմակերպությունները պե´տք է աջակցեն բանակին, հաճախակի դարձնեն այցելությունները, զրույցները, դասախոսությունները, համերգները, թատերական ներկայացումների ցուցադրությունները: Բանակում գտնվողի դաստիարակությունը համալիր, նաև` հասարակական խնդիր է. հետևաբար չպետք է ամեն ինչ թողնենք սպաների և գեներալների ուսերին` մեզ վերապահելով միայն քննադատողի դերն ու իրավունքները…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ