«ՀԱՑԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ Է»


Շատերին Է հայտնի, որ ի տարբերություն աշխարհի շատ ժողովուրդների, հայերը մեծ կարևորություն են տալիս հացին: Կարճ ասած, հայերը հացակեր են, իսկ այսօր, երբ սոցիալական կեղեքումները շատերի համար դարձել են անհաղթահարելի պատնեշներ, հացն է դարձել այն գլխավոր սննդամթերքը, որով մարդիկ հագեցնում են իրենց քաղցը: Եվ օգտվելով այս հանգամանքից` հացաթխմամբ և հացի վաճառքով զբաղվող շատ ընկերություններ այդ շուկայում մի կատարյալ խառնաշփոթ ու անտերունչություն են հաստատել` ապահովելով իրենց գերշահույթները: Մայրաքաղաքի մի շարք խանութներում փորձնական գնումներ կատարելով` մենք արձանագրեցինք այնպիսի աղաղակող փաստեր, որոնք, չգիտես ինչու, դուրս են մնացել տնտեսական մրցակցությունը վերահսկող, սպառողների շահերը պաշտպանող կառույցների ուշադրությունից: Ավելի ճիշտ` դուրս չեն մնացել, պարզապես պատասխանատուները ձև են անում, որ չեն նկատում, թե ինչպես են խաբում ու թալանում մարդկանց: Իսկ խաբեությունն ու սովորական թալանը շատ ավելի ակնհայտ են մայրաքաղաքի կենտրոնում, ուր գտնվում են այսպես կոչված էլիտար խանութները, «Սաս» և «Երևան սիթի» խանութների ցանցերը: Այսինքն, այն տնտեսվարող սուբյեկտների խանութները, որոնք շատ վաղուց այս երկրում արտոնյալներ են համարվում, վեր` ամեն կարգի վերահսկողությունից և օրինահարգությունից: Մայրաքաղաքի ծայրամասերում, մասնավորաբար Նոր Նորքի 5-9-րդ զանգվածներում, ուր գրեթե բացակայում են «էլիտարների» խանութները, 300-500 գրամ կշռող հացատեսակների գները 100-ից 160 դրամ են, մինչդեռ «Երևան սիթի» ցանցում 250-300 գրամ կշռող հացատեսակների գները 160-170, իսկ 500 գրամ կշռող հացատեսակները` 200-ից 240 դրամ: Այլևս չենք խոսում հացի որակի ու բաղադրության մասին, երբ հացաթխմամբ զբաղվող մի շարք ընկերություններ ալյուրին խառնում են այնպիսի բաղադրիչներ, որոնք ոչ միշտ է, որ անվտանգ են մարդկանց առողջության համար: Մայրաքաղաքի կենտրոնում մեկ հատ լավաշ հացը, որի քաշը չի անցնում հարյուր գրամից, վաճառվում է 100-110 դրամով, ծայրամասերում մինչև 100 գրամ կշռող մեկ լավաշի գինը 70-80 դրամ է: Պարզագույն հաշվարկները ցույց են տալիս, որ հացաթխումն ու հացի վաճառքն այսօր դարձել են ամենաեկամտաբեր ոլորտները, երբ մեկ կիլոգրամ ալյուրից տնտեսվարողները ստանում են 1,5-ից մինչև 2 անգամ ավելի շահույթ: Կարծում ենք, որ այս ամենի մասին շատ լավ գիտեն և´ կառավարությունում, և´ վերահսկող կառույցներում, սակայն բոլորն էլ չե՞ն ուզում նկատել, թե՞ պարզապես անզոր են: Մինչև վերջերս այս ոլորտի տնտեսվարողները թանկացումներն ու առկա դարձած աճպարարությունները բացատրում էին համաշխարհային շուկայում ալյուրի գնի բարձրացմամբ: Պարզվեց, որ 2010 թվականի երրորդ եռամսյակից ողջ աշխարհում ալյուրի գինն անկում արձանագրեց, իսկ Հայաստանում շարունակեցին ստով «կերակրել» սպառողներին: Նույն` 2010-ին Հայաստանում արտադրվել է ընդհանուր սպառման համար նախատեսված 600 հազար տոննա հացահատիկի 42 տոկոսը, այս տարի` մոտ 44 տոկոսը: Նշանակում է, որ անցած տարի պիտի գների նվազում արձանագրվեր, իսկ 2011-ին հացի գինը պիտի իջներ մոտ 30 տոկոսով` հաշվի առնելով համաշխարհային շուկայում տեղի ունեցող գնանկումները, Հայաստանում արտադրված ցորենի քանակությունը, դոլարի կուրսի անկումն ու դրամի մասնակի կայունացումը: Մինչդեռ, եթե հաշվարկենք դոլար-դրամ հարաբերակցությունը, ստացվում է, որ Հայաստանում հացի գինը նոր բարձրացումներ է ունեցել. հանգամանք, որը գերշահույթ է ապահովում հացահատիկի և ալյուրի ներկրմամբ զբաղվողներին: Աշխարհի շատ երկրներում հացը ներգրավված է ռազմավարական կենսամթերքների ցանկում, պետությունն իր ձեռքում է պահում ալյուրի ներկրման և հացաթխման մենաշնորհը: Մինչդեռ Հայաստանում իշխանություններն աջակցում են մենաշնորհ ունեցողներին` այսպես նպաստելով հացի շուկայում գերիշխող դարձած անբացատրելի վոլյունտարիզմին: Վերջերս մեր գյուղատնտեսության նախարարության պատասխանատուները հրճվանքով հայտարարեցին, թե ներկրված սերմացուն, որը գլխավորապես տրվել է խոշորացված ֆերմերային տնտեսություններին, հուսալի բերքի երաշխավորն է դարձել և այս տարի արտադրվել է 210 հազար տոննա հացահատիկ: Փաստն, իհարկե, ուրախացնում է, քանզի երաշխիքներ են ստեղծվում, որ աստիճանաբար մենք մոտենանք ներքին պահանջարկի սահմանին և այլևս չզբաղվենք հացահատիկի և ալյուրի ներկրմամբ: Սակայն շարքային սպառողներին որևէ ուրախություն չպարգևեց առատ բերքը, նախարարության պատասխանատուների ոգևորությունը չփոխանցվեց սպառողնե րին, որովհետև աճեցված հացահատիկն ալյուրի տեսքով արդեն անցնելու է հացաթխմամբ զբաղվողներին, որոնք էլ շարունակելու են սովորական դարձած «համաժողովր դական» թալանը: Նման անբարո վիճակի դեմ պայքարի լավագույն միջոցը պետության մենաշնորհի հաստատումն է, ալյուրի ներկրումն ու հացաթխումը պետությանը հանձնելը: Շուկայական տնտեսության դեմ հարձակում գործած չեն լինի մեր կառավարիչները, եթե վերականգնեն պետության սեփականությունը հանդիսացող հացի գործարանները. հանգամանք, որը կնպաստի նաև ստվերի դեմ պայքարին, քանի որ հատկապես հացաթխման և հացի վաճառքի ոլորտները մեզանում հսկայական եկամուտներ են թաքցնում պետությունից: Կարծում ենք, որ գոնե հիմա գրեթե անգործության մատնված մեր Ազգային ժողովը քննարկումներ պիտի կազմակերպի և օրենք ընդունի ռազմավարական նշանակության կենսամթերքների մասին: Նման օրենքի ընդունումն ու հացի շուկայում պետության դերի ամրապնդումը կդառնան մեր խորհրդարանի մոտ հնգամյա գործունեությունն արդարացնող լավագույն դրսևորումները: Մեծ Բրիտանիայի նշանավոր դարձած վարչապետ Ռուզվելտն իր ժամանակին պատգամել է. «Հացը ցանկացած պետության համար պետական և ազգային արժեք է»: Կարելի է հաճախ հիշել այդ իմաստուն մարդու արտահայտած միտքը: Ռուսաստանում, Բելառուսում, Ճապոնիայում, Գերմանիայում, էլի բազմաթիվ այլ երկրներում վաղուց են ալյուրի արտահանումն ու ներկրումը, հացաթխումն ու հացի վաճառքը դարձրել պետության սեփականությունը: Ահա թե ինչու այդ երկրներում վաղուց արդեն չեն դիտարկվում վայրիվերումներ, ոչ ոքի իրավունք չի տրվում թալանել մարդկանց` գլխավոր կենսամթերքի միջոցով:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ