ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԴ ԲԱՐԻ ԼԻՆԻ


Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը ժամանակ առ ժամանակ սենսացիոն ձերբակալություններով է նշանավորվում: Հասարակությունն, իհարկե, նման երևույթներն այնքան էլ սենսացիա չի համարում, քանի որ տվյալ պաշտոնյայի կաշառակեր լինելն առանձնապես չի զարմացնում որևէ մեկին: Ավելին, իշխանությունը տզրուկներից մաքրելու դրսևորումները ցնծությամբ ընդունվելով, կարող է նաև դառնության զգացողություն արթնացնել: Այսպես, վերջին շրջանում հաճախակիացած ձերբակալությունների առթիվ հնչող «սենսացիան» ազդարարում է, որ X պաշտոնյան տասնյակ միլիոնների յուրացումների մեջ է մեղադրվում... Այսինքն, պետության ու ժողովրդի ունեցվածքը տարիներ շարունակ խժռվել է, ու ոչ թե պաշտոնյայից մեղադրյալի վերածված դրամաշորթի ղեկավարած ոլորտը, այլ նրա գրպանն է բարգավաճել: Պատահաբար, թե օրինաչափորեն` առաջիկայում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվելու Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը ոչ այլ ինչ է, քան դաշույն` բոլոր մեքենատերերի և հետիոտների թիկունքին: Օրենքի նախագծին ծանոթանալուց տպավորություն է ստեղծվում, որ նախընտրելին տնից դուրս չգալն է դառնալու, քանի որ թե´ մեքենա վարելը, թե´ ոտքով շրջելը ծայրահեղ վտանգավոր են դառնում` գրպանի պարունակությունը զգալիորեն թեթևացնելու առումով: Մինչ այդ սակայն նշենք, որ հիմնականում վեցանիշ թվով արտահայտվելիք տուգանքներն առաջիկայում հայրենի ոստիկանության կողմից ներկայացվելու են որպես կարգ ու կանոնի պահպանման և պետբյուջեի համալրման անփոխարինելի միջոց: Ինչ վերաբերում է բյուջեին, ապա այս եղանակով բնակչությունից կորզվելիք միջոցների հաշվին մուտքերը հաստատ կաճեն: Ի վերջո, խոսքն արդեն ոչ թե 5-10 հազար դրամի, այլ նվազագույն աշխատավարձը 5¬ով, 10¬ով, երբեմն էլ 20¬ով ու 30¬ով բազմապատկելու մասին է: Այլ հարց է, թե այսպես կոչված աղմկահարույց այս ձերբակալությունից հետո ի՞նչ է մտածելու դաժանաբար տուգանվող հասարակությունը: Արդյո՞ք իր երկաթյա նժույգի` «ի ծնե» վատ գործող լուսային ազդանշանների, կամ մի պահ ոտքը մայթից ցած դնելու դեպքում վճարելիք տուգանքն ուղղակիորեն չի նպաստելու մի քանի տարի հետո ձերբակալվելիք հերթական կոռուպցիոներ¬պաշտոնյայի հարստացմանը: Որքան էլ դժվար լինի հավատալը, փորձենք ենթադրել, թե համակարգային արմատական բարեփոխումներ են սկսվել ոստիկանությունում: Մի՞թե որևէ մեկը կհամարձակվի շուրջ 160 հազար դրամի տուգանք առաջարկել գոլդ կոչված համարանիշերով ու մի քանի տասնյակ հազար դոլար արժեցող մեքենաների տիրոջը: Ո՞վ չգիտի, որ նման ոչ պատահական մարդկանց հետ շփումը ավտոտեսուչի համար լավագույն դեպքում կարող է հայրական ապտակով եզրափակվել: Բնական է, որ եթե բարեփոխումներ ասելով միմիայն տուգանքների չափերի շեշտակի բարձրացում է ենթադրվում, ապա թերահավատությունն ի սկզբանե կարող է հիմնավոր լինել: Առավել ևս, երբ, ինչպես ներկայում, հետո էլ բոլորի համար նախատեսված օրենքը ընտրյալների դեպքում չի գործելու, իսկ տուգանվողներին էլ անհնար է լինելու հավատացնել, որ իրենց վճարումը պետական բյուջեն, այլ ոչ թե ինչ¬որ պաշտոնյայի գրպանն է համալրելու: