Մոռացվող անուններ. Արուսյակ Փափազյան-170


Դեկտեմբերյան մի երեկո` կրկնակի հիշարժան Մեր պրոֆեսիոնալ բեմարվեստի ամրաշաղախում աննախադեպ խոշոր դերակատարություն ունեցան XIX դարի երկրորդ կեսի բյուրեղացող խմորումները: Դրանց արթնացրած հասարակական գիտակցությամբ էր, որ բարձրակարգ (եվրոպականի նմանողությամբ) թատրոն ունենալն ընկալվեց որպես ազգային առաջադիմությունը խթանող «հասարակաց դպրոց»: Առանձին խմբերի գործունեության նկատմամբ հարաճուն հետաքրքրությամբ` օրվա հրամայական դարձավ կազմակերպված թատրոն-հաստատություն ստեղծելը: Ժամանակի թելադրանքով էլ 1861 թ. դեկտեմբերի 14ին, Առաքել և Ստեփան Ալթունյանների նախաձեռնությամբ կազմված հոգաբարձուների խորհրդի աջակցությամբ, Բերայի Սբ. Երրորդություն եկեղեցուն պատկանող «Արևելյան սրճարանի» վերակառուցված շենքում, պետական արտոնագրով բացվեց «Արևելյան թատրոնը»: Հիմնադիր դերասանակազմի 12 «առաքյալները» Կարլո Ֆոսկինիի «Ահա վերացավ ժամանակին վարագույրը…» (տեքստը` Եղիազար Մելիքյանի) հավատամք-խմբերգով ազդարարեցին առաջին ներկայացման «երրորդ զանգը»: Մեկնարկեց ֆրանսիացի դրամատուրգ Ռոթայի «Երկու հիսնապետներ» հանրաճանաչ արկածային մելոդրամայի խաղարկումը: (Ի դեպ, իտալացի կոմպոզիտորը հեղինակել է հայ հայրենասիրական մի շարք երգերի, այդ թվում` Պեշիկթաշլյանի «Եղբայր եմք մեք»ի, երաժշտությունը): Դեկտեմբերյան այդ երեկոն կրկնակի նշանակալից դարձավ զգայացունց ներկայացումն ավարտվելուն պես: Առաջին մեծ դերի` Թերեզայի, հուզառատ ու անբռնազբոս կերպավորման վարպետությամբ` հանդիսականի ցնծագին ընդունելությանն արժանացավ 20-ամյա Արուսյակ (իսկական անունը` Մարիամ) Փափազյանը: Բեմական բացառիկ բախտավորությամբ` շռնդալից մուտքի թողած հիացական տպավորությունը միանգամից պաշտամունքի վերածվեց: Ժամանակի մամուլի էջերում արձանագրված են նրա անզուգական բեմական դյութանքով մարմնավորված տասնյակ հերոսուհիներին տրված հիացական գնահատականները: - Արուսյակ Փափազյան օրիորդը, գրում է «Մասիսը», ընտիր դերասանուհիի մը կատարելությունները ցույց տվավ Ֆրանչեսկայի (Ֆ. Ս. Պելիկո, «Ֆրանսչեսկա դա Ռիմինի»ծ. հ.) դերին մեջ. արտասանության, շարժվածոց վայելչությամբը, մանավանդ բնականությամբը զմայլեցուց հանդիսատեսները: «Մեղվի» թատերախոսը Սրապիոն Մանասյանի «Ջաղացպանին աղջիկը» պիեսի բեմադրության առիթով հատուկ անդրադառնում է Արուսյակի ներկայացրած քնարական հերոսուհու` Ադրինեի ներազդու և բնական մարդկային նկարագրին. - …Բոլոր սիրտերը շարժեցին, հոն տեսնելու էր հայոց լեզվի քաղցրությունը, որ կը բխեր ազնիվ օրիորդի մը հայրենասեր շրթունքներեն: Երրորդ` Սոֆիի (Լամարտելյեր, «Ռոբերտ ավազակապետը») դերակատարմանը անդրադարձում շեշտադրվում է «ի բնե դերասանուհու» «զգայուն կերպիվ ու փափկությամբ, իսկ որբերգական դիրքերու մեջ ճիշտ նկարագրով» ներշնչված ու անմիջական խաղը: Պոլսի ֆրանսիական լրագրերից մեկում Արուսյակ Փափազյանին անվանել են «հայկական Մարս»` ինչինչ աղերսներ տեսնելով նապոլեոնյան դարաշրջանի առաջին դերասանուհի մադմուազել Մարսի և հայ նոր թատրոնի առաջին ողբերգուհու արտիստական նկարագրերի միջև: Պատահաբար չէ, որ «Արևելյան թատրոն» և օրիորդ Արուսյակ անունները պոլսահայերի համար հոմանիշներ են դարձել: Ասենք, թատրոնի ու նրա ջահակիր դերասանուհու ստեղծագործական վայրիվերումներն էլ, մոգական փոխկապակցվածությամբ, զուգահեռվում են: «Ձեր տված ծաղիկները մոխիր ըլլան գլուխնուդ» Դժնդակ հանգամանքներով, ավաղ, ողբերգականի խորացմամբ է ստվերվում ոչ միայն արտիստական, այլև անձնական կյանքը: Բեմական փառքը մոռացնել էր տվել հոր գործազրկության բերումով կրտսեր քրոջ` Աղավնու հետ Պեպեք թաղամասի ֆրանսիական իգական դպրոցում կաթոլիկ միանձնուհիների հսկողությամբ անցկացրած անուրախ ժամանակները: Լատինական աղոթքները, սաղմոսներն ու «Հայր մերը», սակայն, գումարվելով ֆրանսիական գրականությանը (Լամարթին, Ալֆրեդ դը Մյուսե, Հյուգո), արթնացրել էին նրանց թատերաշնորհները, որոնց իրական սահմանները ճշգրտվեցին հենց «Արևելյան թատրոնում»: 15-ամյա Մարիամին դերասանուհի դառնալու վստահություն է ներշնչել Մկրտիչ Պեշիկթաշլյանը` հարմար գտնելով իր գրած «Արշակ Բ»ի Ռոքսանեի դերակատարման համար: Ընտանեկան արգելքները ճեղքելով` 1858ին անդամագրվել է Սրապիոն Հեքիմյանի թատերախմբին ու ընտրել Արուսյակ Փափազյան բեմական անունը: Մի քանի փոքր դերերը, ֆրանսերեն ներկայացումների դիտումները և փոխշփումը բանիմաց ու բարձրաճաշակ թատերագործիչ Սրապիոն Հեքիմյանի հետ, փաստորեն, միակ թատերադպրոցն են եղել տաղանդավոր հայուհու: Անմրցելիի դափնեպսակով բացահայտելով կերպավորման ունակությունները` տարիներ շարունակ Արուսյակը վայելել է մեծարանքի զգլխիչ երանությունը. ծաղիկների ու բանաստեղծությունների տեղատարափ, հայկական դրոշի ծածանում, աղավնիների ճախրանք… Երբ իրեն շուրջկալած պերճախոս երկրպագուներից, բախտի չար խաղով, ամուսին է ընտրել նկարիչ Սոփիոն Պեզիրճյանին, ում կտավներով հիացած էր, ընտանեկան պրոզան է ներխուժել նրա կյանք: Սեփականատիրոջ իրավունքով` Պեզիրճյանն Արուսյակի առջև փակել է թատրոնի ճանապարհը: Հատկանշական է, որ հռչակավոր իտալացի ողբերգակ դերասանուհի Ադելաիդա Ռիստորիի հյուրախաղերի տպավորությամբ է պոռթկացել թատերասերների ընդվզումն ընդդեմ այս տխուր իրողության: Հասարակության ճնշմամբ, ընտանեկան բուռն մարտերից հետո, երբ կրկին բեմ է բարձրացել, շուտով ընկճվել է 17-ամյա Երանուհի Գարագաշյանի մրցակցությունից: Հանդիսատեսն արդեն հմայվել էր վերջինիս վառվռուն գեղեցկությամբ, երգ ու պարով, տղաների դերակատարումներով: Սկսել է խորանալ Արուսյակի հոգեկան անհավասարակշռությունը: Ոչ իզմիրյան ճամփորդությունը, ոչ որևէ բժիշկ ու դեղամիջոց չեն ամոքել բորբոքված նյարդերը: Բեմի կարոտը փորձել է մեղմել նախ` «Արևելյան թատրոնի» առաջատար դերասան Ստեփան Էքշյանի հետ (1867-69 թթ.) համագործակցելով դասական ռոմանտիկական խաղացանկով («Մերոպե», «Մարիոն դե Լորմ», «Սապֆո», «Մեդեա»), ապա` Մաղաքյանի խմբում, որպես պատվավոր հյուր: Դեպքից դեպք խաղացել է երիտասարդ Պետրոս Ադամյանի հետ: Չհաշտվելով ասպարեզից դուրս մնալու իրողությանը, երբեմն մասնակցել է բարեգործական ներկայացումների ու ազգային հավաքույթների` հայրենասիրական բանաստեղծությունների ընթերցումով: Երբ ամուսինը լքել է նրան` երկու զավակների հետ մասին մեկնելով Փարիզ, Արուսյակն ընկնել է թշվառության գիրկը,1883-ից դատապարտվել մոռացվածության նաև որպես դերասանուհի: - Խղճուկ հյուղակի մը մեջ չեմ գիտեր ինչ պայմաններով ապաստան գտած կապրեր, պատմում է Զապել Եսայանը: Շատ քիչ անգամ դուրսը կտեսնվեր, …մանավանդ վերջալույսի ժամերուն, վերեն վար սև ու հինուկ հանդերձներու մեջ փաթտված… Ա¯, այն ատեն ամեն մարդ կը ճանչնար զինքը և անտարբերությամբ կըսեին. «Արուսյակն է, խե¯նթ է»: Նույնիսկ ամենամոլի երկրպագուներն էին ֆիզիկական անփառունակ վախճանից տարիներ առաջ թաղել նրան: Մինչդեռ Պոլսի Սբ. Փրկչի հիվանդանոցի հոգեբուժարանի նեղլիկ սենյակի լուսամուտից երբեմն գիշերային լռությունը խաթարվել է տարաբախտ կնոջ հեծեծանքներով. - Անիծյա¯լ ըլլաք, …ձեր տված ծաղիկները մոխիր ըլլան գլուխնուդ: Հայտնի է, որ 1903ին միակ այցելուն` բանասեր Սմբատ Դավթյանը, որևէ արտառոց դրսևորում չի նկատել «ալեծուփ կյանքի ելևէջներեն հոգնած, ծյուրած ու նվաղուն վիճակի մեջ ալ ազնվական հով մը» պահպանած Արուսյակի վարքագծում: Վերջին անգամ Պոլսի լրագրերում նրա անունը հիշատակվել է 1907ի ապրիլի 27ին տպագրված մահազդում: «Արևելյան թատրոնի» հիմնադրման 150րդ և Արուսյակ Փափազյանի ծննդյան 170րդ տարեդարձների պատշաճ նշանավորման շուրջ մտմտալուց զատ, հարկ է, որ անծրագիր բարեփոխումներ նախաձեռնողները պատմական փորձի համակարգված վերարժևորմամբ ուղղորդեն արդի թատրոնը «ազգային առաջադիմության հասարակաց դպրոցի» հունով: Աշխարհի հեղինակավոր բեմերում գտած հաստատուն փառքը ամենևին չի նվազեցրել Դոմինգոյի ու Պավարոտիի հետ օպերային արդի աստղաբույլում իր ինքնատիպ երգարվեստով փայլատակող ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ անկեղծ տագնապը արդի հայ մշակույթի չհստակվող խայտաբղետ նկարագրի համար: Հայաստանի ժողովրդական արտիստը հայրենասիրակական-քաղաքացիական բարձր գիտակցությամբ է գնահատում մեր մշակութային ներկան:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ