Սեֆիլյանն ունի «մերժվածների» կարիքը

ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՓՆՏՐՏՈ՞ՒՔ, ԱՐԴՅՈՔ

Անազատության մեջ գտնվող Հիմնադիր խորհրդարանի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանն իր համակիրներից մեկի՝ «Հայ կանանց ճակատ» շարժման ներկայացուցիչ Սյուզան Սիմոնյանի միջոցով ուղերձ է փոխանցել մի շարք քաղաքական գործիչների: Նա կոչ է արել ստեղծել ազգային դիմադրության ճակատ՝ վերջ տալու երկրում տիրող խաբեություններին ու անարդարություններին:
 
Հետաքրքիրն այն է, որ ժամանակին «ռեժիմը» դատապարտող ու դրան մաս կազմող գործիչներին մերժած Ժիրայր Սեֆիլյանը կարծես թե վերանայել է իր գործելաոճը: Արդյոք, ի՞նքն է «զիջել» արմատական դիրքերը, թե՞ նշյալ գործիչներին բացահայտ արմատականներ դարձնելու հեռանկար է տեսնում: Նրա կոչը մասնավորաբար ուղղված է 31 գործիչների, ովքեր բոլորն էլ ճանաչված են որպես արևմտամետ: Նրանց թվում են «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը, նույն կուսակցության հետ նախընտրական դաշինք կազմած՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության  նախագահ Զարուհի Փոստանջյանը: 
 
Վերջինս, ի դեպ, հենց այսօր իր կուսակիցների հետ այցելել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրեր՝ «նախապատրաստելու հայ ազգին՝  համահայկական մեծ ընդվզման գործընթացի»: 
 
Սեֆիլյանի նախընտրած անձանց ցանկն, իրոք, անակնկալ է և տարաբնույթ ենթադրությունների տեղիք է տալիս: Ոչ ոք չի մոռացել, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին Սեֆիլյանն ու «Սասնա ծռերի» համակիրները նախորդ ամառ քաղաքակիրթ ձևով պահանջեցին, որ Խորենացի փողոցից հեռանա Ն. Փաշինյանը, ով, ըստ նրանց՝ ուրիշի ձեռքով կրակից շագանակներ էր փորձում հանել:
 
Չենք մոռացել նաև այն, թե ինչպես էր Սեֆիլյանը մերժում  իշխանության ու դրա հետ կապ ունեցողների հետ համագործակցությունը: Նրա նպատակը այլ համակարգ ձևավորելն էր:
 
Փորձենք հասկանալ, թե ինչու է Հիմնադիր խորհրդարանի անդամն այսպիսի քայլ անում: 
 
Նախ, չի բացառվում, որ սա յուրատիպ «հավատաքննություն» կարող է լինել՝ նոր համախոհներ գտնելու, կամ նշյալ գործիչներին ընդդիմադիրի «կոչումից զրկելու». եթե նրանք  չարձագանքեն, կնշանակի՝ սեֆիլյանականները կասեն, թե իրական ընդդիմադիր չեն, հետևաբար հեղինակություն չեն կարող լինել:
 
Ենթադրություն  երկրորդ. Փաշինյանը, Օսկանյանը, Օհանյանը, որքան հայտարարում են իրենց հայամետության ու «կոմպլեմենտարության» մասին, նրանք արևմտամետ կողմնորոշմամբ գործիչներ են: Համենայնդեպս՝ ոչ ռուսական ուղղվածության: Սեֆիլյանն ու իր համակիրները ևս արևմտամետ են, ու Ռուսաստանի ցանկացած հակահայկական քայլ նրանք անթաքույց սուր քննադատության են ենթարկում: Հետևաբար, չի բացառվում՝ այս նախաձեռնությունը կարող է նաև Արևմուտքի առաջարկով լինել: Հիշեցնենք, որ այս գործիչների անվան հետ էր կապվում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը (դեռ անցյալ տարի պնդողներ կային, թե որ ՊՊԾ գնդի գրավումն էլ նրա սցենարներից մեկն էր): 
 
Զարմանալի է նաև այն, որ Սեֆիլյանն առաջարկ է անում այնպիսի գործիչների, ովքեր ընտրություններում չարժանացան ժողովրդի վստահության քվեին: Նրանց միակ «առավելությունն» այն էր, որ իշխանական ուժերի քննադատությունը գերազանցապես այդ գործիչներին էր ուղղված: Գուցե հենց իշխանություններից մերժված լինելն է պատճառը, որ ՀԽ-ի ներկայացուցիչը կոչով նրանց է դիմում: 
 
Մի փաստ ևս:
 
Հիմնադիր խորհրդարանի անդամն իր ուղերձը հղում է Հայաստան-Սփյուռք համաժողովից անմիջապես հետո և Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից առաջ: Եթե Սեֆիլյանին հաջողվի ձևավորել ազգային դիմադրության ճակատ, որի միակ նպատակը իշխանական օթյակներում հայտնվելը չէ և որը, դիցուք, սփյուռքահայերին կերաշխավորի, օրինակ, ներդրումներ անելիս անհոգ լինել, կդառնա իշխանությանը վերահսկող և ճնշում գործադրող օղակ, ապա այդ ճակատը նույնիսկ օգտակար կլինի: Առավելևս՝ հայտարարվել է համահայկական խորհուրդ ստեղծելու մասին, և այսօր վարչապետը հանձնարարել է մշակել Միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու նպատակով  միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ: Բայց  դեռ հարց է, թե արդյո՞ք ազգային դիմադրության ճակատը կձևավորվի, եթե հանրային հուսահատ զանգվածը ընտրություններին, քաղաքական գործընթացներին չի հավատում:  
 
Մի վարկած էլ կարող ենք ներկայացնել: Անազատության մեջ գուցե Ժիրայր Սեֆիլյանը երկար է մտորել, որ միայնակ ոչնչի հասնել հնարավոր չէ: Պետք է ոչ թե առճակատել ու մերժել բոլորին, այլ քաղաքական գործընթացների հորձանուտում գտնել դաշնակիցներ ու համախոհներ: