Եվրոպայում` «լվացքատուն», Ասիայում՝ ԻՊ-ականներ

ԻՐԵՆՑ ԵՓԱԾՆ ԵՆ ՃԱՇԱԿՈՒՄ

Եվրոպական «արդարամտությունն» այն  ժամանակ հաղթարշավ տոնեց, երբ Ադրբեջանը իրենց չափանիշներին համապատասխան դուրս եկավ, որից հետո Եվրոպայում հայտնի «լվացքատունը» բացեց, իսկ Ասիան լցրեց ահաբեկիչներով: 
 
Հիմա եվրոպական կառույցները հարկադրված են ճաշակել դառն ու գարշահոտ այն «կերակուրը», որը «եփելիս» բաղադրիչների որակին պատշաճ ուշադրություն չեն դարձրել: Միայն թե փչացած բաղադրիչները մի հատկություն ունեն՝ որքան էլ զտես ու հեռացնես, մեկ է՝ ճաշն արդեն հարամվել է:
 
Լուր ստանալով, որ Իրաքում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ Ադրբեջանի 300 քաղաքացի է զոհվել՝ մեր ոչ բարով հարևանները փորձում են ճշտել տեղեկությունները: Այդ մասին խոսել է Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետ Մադաթ Գուլիևը:  
 
Պաշտոնյան նաև լրագրողներին ասել է, թե քարոզչությանը  հավատացած որոշ ադրբեջանցիներ միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և մարտական գործողությունների վայր են տարել նաև իրենց ընտանիքները՝ մանկահասակ երեխաներով հանդերձ: Փաստեր կան, որ զոհվողների թվում նաև երեխաներ կան:  
Ըստ Գուլիևի՝ Ադրբեջանը տվյալներ ունի, որ ԻՊ-ի կազմում 900 ադրբեջանցի է կռվել: Նրանցից 95-ը այս պահին ուղղիչ ծառայությամբ պատիժ է կրում Ադրբեջանում, 195-ը Ադրբեջանի քաղաքացիությունից զրկված է: Մնացածների մեծ մասը զոհվել է մարտերի ընթացքում: 
 
Եթե ադրբեջանցիք նոր սերնդին հայատյացությամբ, ջարդելու-կոտորելու մարմաջով դաստիարակելով՝ ահաբեկիչ դարձնելու փոխարեն իսկական իրավախախտներին պատիժ նշանակեին, այսօր Եվրեոպայի հետ նույնպես քիչ խնդիրներ կունենային: Այնինչ՝ ադրբեջանական բանտերում փակված շատ մարդկանց գործերը Եվրոպայում համարում են մարդու իրավունքների խախտում և պահանջում ազատ արձակել: Դրանցից մեկն էլ ընդդիմադիր գործիչ Իլգար Մամադովն է, որի հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեք տարի առաջ բավարարել է և Ադրբեջանի իշխանություններից պահանջել 7 տարվա ազատազրկման որոշումը չեղյալ համարել ու նրան ազատ արձակել: 
 
2014թ. հրապարակված վճիռը, սակայն, Ադրբեջանը մինչև այսօր չի կատարել: Դե ահա Եվրոպայի խորհուրդն էլ բարկացել է և «աննախադեպ որոշում է կայացրել»: Իլգար Մամադովին  ազատ արձակելու համար Ադրբեջանին մեկ ամիս ժամանակ է տրվել, հակառակ դեպքում կարող է այդ երկրիրը Եվրոպայի խորհրդից հեռացնելու գործընթաց սկսել: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 47 անդամ երկրների ներկայացուցչները անցած շաբաթ ուսումնասիրել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը, որտեղ նաև Ադրբեջանի հարցն է ընգրկված եղել, և նշված «աննխադեպ» որոշումն են կայացրել՝ ժամկետ տալով մինչև հոկտեմբերի 25-ը: 
 
Բայց երևի նման աննխադեպ որոշումներից կարելի է համարել նաև եվրոպական կառույցների մեջ ընդգրկվելու քաշքշուկները, որոնց մեջ հայտնվում էր Հայաստանը, քանի որ Եվրոպան մեզ առանց մեր ոխերիմ թշնամի Ադրբեջանի ընդունել չէր ուզում, իսկ Ադրբեջանն էլ չէր կարողանում համոզել, թե ինքը համապատասխանում է նրանց չափանիշներին: