Աղբամանը նետել այս օրինագիծը, եթե ...

ԱՐՆԱՊՂԾՈՒՄԻՑ ՄԻՆՉև ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ. ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԱԺ-ՈՒՄ

Այսօր Ազգային Ժողովում քննարկվում էր Ընտանեկան բռնության մասին օրինագիծը: 
Օրինագծին դեմ արտահայտվողներն առաջարկում են ոչ թե դրսից ներմուծել մեզ համար խորթ ձևակերպումներ, այլ մեր արժեահամակարգն ու առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ունենալ սեփական օրինագիծ, որը կկանխի  ընտանեկան բռնությունը: 
 
Ի դեպ, ամբողջ քննարկման ընթացքում այդպես էլ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը հստակ չասաց՝ դաստիարակչական աշխատանքներն ի՞նչ մեխանիզմով չեն համարվելու բռնություն: Ավելին, պարզվեց, որ օրինագծի ջատագովները չեն ուսումնասիրել միջազգային փորձը, թե արդյո՞ք Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումից հետո բռնության դեպքերը նվազել են, թե՞ ոչ: Այսքանից հետո հարց է առաջանում, թե ինչ տրամաբանությամբ է կառավարությունն այս օրինագիծը բերում ու փաթաթում հանրության վզին, առավելևս, որ փոխնախարարը հավաստիացնում է, թե ԵՄ համաձայնագրում  այս մասին որևէ  խոսք չկա: 
 
«Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին հարցրեց, թե ինչո՞ւ ընտանեկան բռնության կանխարգելման  խորհուրդը չի գործելու խորհրդարանին կից, այլ՝  կառավարությանը կից: Վիգեն Քոչարյանն էլ պարզաբանեց, թե գործելու է գործադիր մարմնին առընթեր, քանի որ օրենսդիր մարմնի գործառույթները հստակ սահմանված են: Բացի այդ, Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդը անկախ է գործելու, ունենալու է իր աշխատակարգը: 
Վիգեն Քոչարյանն իր խոսքում անդրադարձավ նաև երեխաների հանդեպ կիրառվող դաստիարակչական աշխատանքներին: Նրա խոսքով՝ դրանք բռնություն չեն: 
 
Ասվածին արձագանքելով՝ դիպուկ հարց հնչեցրեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գևորգ Մկրտչյանը՝ եթե բռնություն չեն, ապա Ընտանեկան բռնության մասին օրինագծում ինչպե՞ս են արտացոլվում: 
Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ եթե տեղի չի ունեցել բռնություն, որը հստակ ձևակերպված է, որեւէ խնդիր չի կարող լինել: 
 
- Երեխային դիտողություն անել, գոռալ նրա վրա, դա հոգեբանական բռնություն չէ: Բոլորս էլ ծնող ենք, դա անում ենք, միշտ էլ քննադատում ենք մեր երեխային, հետո խրախուսում նրա լավ արարքները,- մանրամասնեց Վ. Քոչարյանը:
 
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանի նկատառումը մեր հասարակության լայն շերտերի մտահոգությունն էր՝ օրինագծում առկա են մեր ազգային արժեհամակարգին խորթ երևույթներ: Պատգամավորը կարծում է, որ այս օրինագիծը հակասում է ՀՀ սահմանադրությանը: 
 
«Հաշտարարների միություն» ՍՊԸ տնօրեն Ալեքսանդր Ամարյանը փորձեց պաշտոնյայից հստակ ձևակերպում լսել հոգեբանական բռնության մասին՝ 
 
- Ի՞նչ է ձեր պատկերացմամբ հոգեբանական բռնությունը: 
 
Պատասխանը կոնկրետ չէր՝ հոգեբանական բռնության վերաբերյալ օրենքը հստակ ձևակերպումներ է պարունակում. 
 
- Համապատասխան դատական ընթացակարգերում կարող է անհրաժեշտություն առաջանալ մասնագետի հստակ գնահատականների:
 
Նմանատիպ թեմաներին լավագույնս տիրապետող Ալեքսանդր Ամարյանը հայտարարեց. 
 
- Հայաստանում գործում է Ընտանիք կամ Աստծո զավակներ կրոնական կազմակերպություն, որի հիմքում ընկած է ինցեստ(արյունապղծություն-խմբ.) հասկացողությունը: Հարազատներով, տարիքային սահմանափակում չկա, երեխաների հետ սեռական հարաբերություններ են ունենում, այդ դեպքում ինչպե՞ս եք օգտագործելու այս օրենքը: 
 
Փոխնախարար Վիգեն Քոչարյանը նախ զարմացավ, ապա խորհուրդ տվեց,որ եթե Ամարյանը նման հանցագործությունների վերաբերյալ փաստեր ունի՝ թող դիմի քննարկմանը մասնակցող ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին: Նաև հավաստիացրեց, թե անպայման արձագանք կլինի: 
 
Կոշտ ելույթներով հանդես եկան «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները: Սերգեյ Բագրատյանն արձանագրեց այն փաստը, որ մեր երկիր են ներմուծվում արժեքներ, որոնք մեզ համար դեռ ընդունելի չեն: Բացի այդ՝ կանխարգելման մեխանիզմներ չկան այս օրինագծում: Գևորգ Պետրոսյանն էլ հակադարձեց, թե ընտանիքը սիմֆոնիկ նվագախումբ չէ, որ ով երբ ուզի, միջամտի:
 
Նշենք, որ շատ անհաջող համեմատություն էր, որովհետև սիմֆոնիկ նվագախմբի կատարումներին ոչ թե միջամտում, այլ ուղղորդում են. Այն էլ՝ միմիայն դիրիժորները:
 
Նշանակետերից մեկին դիպավ Վահե Էնֆիաջյանը՝ ասելով, որ ընտանեկան բռնության պատճառների հիմքը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն է՝ 
 
- Պատճառները պետք է վերացնել, որ նման դեպքերի ականատես չլինենք,- ընդգծեց նա:
 
Պատկերավոր արտահայտվեց սոցիալական աշխատող Աննա Հովհաննիսյանը՝ քանի՞ զարուհիներ պետք է սպանվեն, որպեսզի  ընդդիմախոսները հասկանան, որ օրենքով կարող են մարդկային կյանքեր փրկել: Զարուհի ասելով՝ նա նկատի ուներ տարիներ առաջ ընտանեկան բռնության զոհ դարձած 20-ամյա Զարուհի Պետրոսյանին:
 
Կտրուկ էր «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության համակարգող Կարինե Եսայանի պահանջը՝ եթե այս օրինագիծը փոփոխության չենթարկվի, ապա այն պետք է նետել  աղբարկղը: 
 
- Մենք չենք ուզում, որ Հայաստանում քաոս սկսվի,- հայտարարեց  ընդդիմախոսներից Համահայկական ծնողական կոմիտեի  ղեկավար Արման Բոշյանը: