Այսրոպեական ոգևորությունը քծնանքի է նման

ԵՄ-Ն ԱՌԱՆՑ ԹՈՒՐՔԻԱԿԱՆ «ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ» ԿԿՈՐԾԱՆՎԻ՞

Լեհաստանում մի քանի դար առաջ հայկական մի հսկայական համայնք է ձուլվել՝ նպաստելով այդ երկրի զարգացմանն ու առաջընթացին: Լեհ ականավոր շատ գործիչների արմատները պրպտելիս՝ դեմ են առնում նրանց հայկական ծագման վերաբերյալ փաստերի: 
 
Հետաքրքիր է՝ այսօր Թուրքիային քծնող Դուդան դրա մասին ինչ-որ բան գիտի՞ ու կարողանո՞ւմ է ընդհանրացումներ անել: Թե այսրոպեական քաղաքական շահը գերադասում է անգամ Եվրոպայի վաղվա օրվանից, որը Թուրքիային անդամ դարձնելով՝ ոչ թե նրան կբարձրացնի իր մակարդակին, այլ ինքը կհավասարվի նրան: 
 
Թուրքիայի նախագահ Էրդողանը Լեհաստանին մե՜ծ պատիվ է արել ու իր այցելությամբ երջանկացրել է մայրաքաղաք Վարշավան: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան էլ այնքան է դրանից ոգևորվել, որ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, թե իր երկիրը պաշտպանում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը, քանի որ ԵՄ-ին անհրաժեշտ են նրա տնտեսական ու ռազմական ներուժը:  
 
- Հուսանք, որ Թուրքիան կանդամակցի Եվրամիությանը։ Թուրքիան վաղուց է դրա համար ջանքեր գործադրում և սպասում է դրան,-ասել է Դուդան։ 
 
Լեհ նախագահը Թուրքիան համարել է Եվրամիության համար շատ կարևոր գործընկեր՝ անվտանգության տեսակետից:
 
- Դա ոչ մեկին պետք չէ բացատրել,– ասել է Լեհաստանի նախագահը:
 
Անջեյ Դուդան որոշել է նաև երաշխավորողի դեր ստանձնել՝ հավաստիացնելով, թե Անկարան կատարում է ԵՄ–ի առաջ ստանձնած պարտավորությունները։
 
Լեհ նախագահի ձայնը, ինչպես ասում են, տաք տեղից է գալիս, իսկ Թուրքիայի իրական դեմքը տեսնելը նրան հարկավոր չէ: Այն Թուրքիայի, որը խոսում է զարգացումից ու արդարությունից, սակայն հարյուր տարի է՝ միայն տեխնիկական, տնտեսական, ռազմական առաջընթաց է արձանագրում՝ առանց քայլ անգամ նահանջելու իր ցեղասպան ու կեղծավոր էություից: 
 
Թուրքիայի ցեղասպան գործունեության հետևանքներն այս պահին փորձում են ինչ որ չափով մեղմել ԱՄՆ-ում, ուր Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավաբանական կենտրոնը հայտարարել է Օսմանյան Թուրքիայում հայերի անշարժ գույքի վերաբերյալ փաստաթղթերի տվյալների բազայի ստեղծման ծրագրի գործարկման մասին: 
 
«Armenian Weekly»-ի էջերում Կենտրոնի գործադիր տնօրեն Քեյթ Նահապետյանը տեղեկացրել է, որ Ցեղասպանության ընթացքում հայերի կորցրած, բռնագրավված ունեցվածքի տվյալների բազայի ստեղծման ծրագիրը կօգնի հաստատել հայերի իրավունքը՝ Ակարայի կողմից այն վերադարձնելու համար: Նրա խոսքով՝ համանման արխիվը նաև տեղեկությունների հուսալի աղբյուր կլինի, որը քաղաքական և իրավաբանական հարթություններում արդարության պայքարում կմեծացնի Սփյուռքի հնարավորությունները: 
 
Կենտրոնը ոչ միայն ֆիզիկական փաստաթղթեր հավաքելով կզբաղվի, այլ նաև ունեցվածքի վերաբերյալ վկայություններ կհավաքի Ցեղասպանությունը վերապրած մարդկանցից և նրանց ժառանգներից: