10 գերմանացիներից 7-ը դեմ է

ՉԵՆ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ՏՈՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ՆՇՎԵՆ

Այս օրինագիծը Գերմանիայում քննարկման կդրվի՞, թե՞ ոչ, կամ կընդունվի՞ արդյոք՝ արդեն կարևոր չէ:  Սա հավանաբար կդառնա նախադեպ, որի պատճառով Եվրոպայի մահմեդական համայնքները կսկսեն պահանջել պետականորեն հարգել իերնց տոները: Բայց նրանց այդտեղ ուղարկած թուրքական, արաբական երկրները նույնը կհանդուրժե՞ն իրենց պետություններում… 
 
Ստացվում է՝ Գերմանիայի ՆԳ նախարարը (Աստված իմանա, թե ինչից դրդված) մի նախագիծ է ներկայացրել, որը աշխարհը վերստին իրար խառնելու մեծ ներուժ ունի:      
 
Իսլամ դավանող բնակչությունը Գերմանիայում այնքան է շատացել, որ արդեն նրանց տոները պետական մակարդակով նշել խնդիր է առաջանում: Այդպիսի մի առաջարկ ներքին գործերի նախարար Թոմաս դե Մազիերն է ներկայացրել: Դրանով նախատեսվում է երկրի առանձին շրջաններում օրենսդրությամբ մուսուլմանական տոներ սահմանել:  
 
Հարցի վերաբերյալ գերմանաբնակների տրամադրությունները շոշափելու նպատակով INSA սոցիոլոգիական ինստիտուտը հարցում է անցկացրել: «Բիլդ» լրագրի պատվերով իրակացված հարցմանը մասնակցել է 2011 մարդ: Պարզվել է՝ գերմանացիների 70,1%-ը դեմ է այդ առաջարկին, իսկ կողմ է միայն 7,8%-ը: 
Ուշագրավ է, որ երբ Գերմանիայի ՆԳ նախարարն առաջարկել է մուսուլմանական տոներին պաշտոնական բնույթ տալ, նրա նախագիծը սուր քննադատության է արժանացել հենց իր կուսակցության՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության կողմից։
 
Վերջերս շատ է խոսվում այն մասին, թե Եվրոպայում հաստատված մահմեդականները ոչ միայն իրենց տանն են զգում, այլև որոշ դեպքերում փորձում են դրա վաղեմի տերերին նեղել: Գերմանիայում կատարված այս հարցման արդյունքները, սակայն, հուշում են, որ գերմանացիները դեռևս լիովին չեն կորցրել ինքնապաշտպանության բնազդը: Նրանք խաղաղորեն հանդուրժում են մի քանի միլիոն թուրքերի, 1 միլիոնից ավելի ներգաղթյալների ներկայությունը, սակայն չեն կարողանում երևակայել, թե ինչպես է իրենց պետությունը տոն դարձնելու իր ժողովրդին լիովին օտար ու խորթ իրադարձություններ: