Ո՞վ է ամենատպավորիչը

ՔԱՐՈԶԱՐՇԱՎ. ԵԶՐԱԳԻԾԸ ՄՈՏ Է

Ինչպես ասում են՝ շատը գնացել, քիչն է մնացել. ՀՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ամփոփիչ փուլն է թևակոխել: Առաջիկա կիրակի տեղի ունենալիք քվեարկությունը ցույց կտա, թե ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերից որը ինչ արդյունավետությամբ է աշխատել, ինչպես է կարողացել ընտրազանգվածին համոզել, որ հենց ինքն է ամենալավը: Դե, իսկ եթե արդյունքների ամփոփումը իրենց անունների դիմաց փոքր տոկոսներ արձանագրի, արդարացում-բողոք-պահանջը միշտ կա` ընտրակեղծիքներ են եղել, մեր իսկական գնահատականն իջեցված է ցույց տրվել:
 

Ցանկացած քաղաքական ուժ, անշուշտ, ուժեղ է անհատներով: Ինչքան էլ խորհրդային դպրոցում սովորեցնում էին, թե պատմությունը ժողովուրդն է կերտում, իսկ անհատների դերը չի կարելի գերագնահատել, այսօր հո պարզ երևում է, որ այդպես չէ: 2017թ. մարտին իրականացվող այս նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ, անշուշտ, որոշակի անհատներ առանձնացել են իրենց խոսքով, գործով, մարդկանց հետ շփվելու, նրանց լսելու և արձագանքելու իրենց կարողությամբ, իրենց քացաքական ուժի ծրագրերը մարդկանց գիտակցությանը հասցնելու վարպետությամբ: 

Ստորև ներկայացնում ենք մեր հարցախույզը` «Նախընտրական քարոզարշավին մասնակցող  քաղաքական դեմքերից ո՞վ է ձեզ վրա ավելի մեծ տպավորություն գործել» հարցով:
 
Գագիկ ՊԱՊՅԱՆ. ճարտարագետ, կենսաթոշակառու

- Դրական տպավորություն ստանում եմ քարոզարշավին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությունից։ Նրա նշանակումը մեր անկախության ամենանշանակալի ձեռքբերումներից եմ համարում, որովհետև մարդն իր տեղում է, կատարում է իր գործը։ Գնահատում եմ հատկապես նրա անկեղծությունը, որ ոչինչ չի թաքցնում, բացեիբաց խոսում է թերությունների ու դժվարությունների մասին։ Ինձ համար ամենատհաճը «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանն է, ուղղակի հնարավոր չէ այդ մարդուն լսել։

Վեներա ԳԱՍՊԱՐՅԱՆ. ծաղկավաճառ, նախկին տնտեսագետ

- Հետաքրքրությամբ եմ հետևում Գագիկ Ծառուկյանի և Կարեն Կարապետյանի քարոզարշավին, ինձ թվում է` այդ քաղաքական ուժերը ճիշտ են վարվել, որ ընտրարշավի հաջողությունը վստահել են հենց նրանց։ Ծառուկյանի պահվածքում աչքի է զարնում այն, որ նա չի փորձում խելոք երևալ, ժողովրդի հետ խոսում է նրա լեզվով, հասկանում է նրա ցավն ու հոգսը, իսկ վարչապետի դրական կողմն այն է, որ կարողանում է մարդկանց լսել, բոլորի կարծիքը հաշվի է առնում։ Մնացածները դատարկ կուլայի տպավորություն են թողնում, հատկապես կոմունիստները։

Հմայակ ՎԱՐԴԱՆՅԱՆ. ներկայացավ որպես հայրենասեր հայ

- Հաճույքով եմ լսում Րաֆֆի Հովհաննիսյանին. ափսոս, որ նա քարոզարշավում քիչ է երևում: Ընդհանրապես` շատ եմ սիրում արևմտահայ լեզուն, դրանից մեր կորուսյալ հայրենիքի շունչն եմ զգում։ Փառահեղ լեզու է, Վարուժանի ու Սիամանթոյի լեզուն։ Հավատում եմ, որ աշխարհի հայերը մի օր կվերադառնան հարազատ բնօրրան։ 

Անթառամ ՂՈՒԿԱՍՅԱՆ. կենսաթոշակառու

- Բացի առաջին նախագահից ու կոմունիստներից` մյուսները տանելի են։ Հարգում եմ հատկապես նրանց, ովքեր գիտեմ` սուտ չեն խոսում, իրականությունն են ներկայացնում։ Մեր երկիրը զարգացնելու համար անհրաժեշտ է, որ իրար հետ լեզու գտնենք, ոչ թե իրար կոկորդ կրծենք։ Ովքեր թշնամություն ու զրպարտություն են տարածում, մեր շարքերում չպետք է տեղ ունենան։ Իսկ ովքեր խաղաղությունն են աճուրդի հանում, յոթ պորտով դժոխքում այրվելու են։

Կարո ՄԵԼԻՔՅԱՆ. շինարարության բանվոր

- Էս քարոզարշավում մի մի լավ բան եմ տեսնում` այն, որ մի շաբաթից վերջանում է։ Աստված տա` դրանից հետո ամեն մեկն իր գործով զբաղվի։ Սիրով բոլոր մասնակիցներին կհարգեմ, միայն թե կարողանանք հետընտրական ցնցումներից խուսափել։ Ոչ մեկին չեմ համակրում, ոչ մեկին չեմ ատում, մերոնք են, էլի եվրոպաներին նայելով` ժողովրդավարություն են խաղում։ Սա էլ կանցնի-կգնա, դու ասա` մի կտոր հալալ հաց ունենանք, մի բաժակ մաքուր ջուր, իրար եղբայր լինենք ու մեր երկրի սահմանները ամուր պահենք։

Առաքել. 58 տարեկան

- Մեծագույն հաճույքով նորից լսեցի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Զարմանում եմ, որ հանրայինի եթեր էին հրավիրել, բայց լավ էին արել: Հանդարտ, փաստարկված խոսում էր, ամեն ասածը, ինչպես միշտ, հիմնավորում: Միակ գործիչը, որն այս քարոզարշավի ժամանակ վրաս տպավորություն է թողել, նա է: Ճիշտն ասած՝ Նիկոլին էլ եմ հաճույքով լսում, բայց չեմ կարողանում ընկալել, որ այս երկուսը տարբեր ճամբարներում են: Ասպարեզում մի քանի լաչառ կանայք էլ կան, նրանք միայն վանում են…