Նվազում ենք ու նվազում

ՏՂԱՄԱՐԴԻԿ ԿԱՆԱՆՑ ԹՈՒՅԼ ՉԵ՞Ն ՏԱԼԻՍ ԱՇԽԱՏԵԼ

Հայաստանի բնակչության թվաքանակը հետագա տարիներին կրճատվելու է. Տագնապալի է ՄԱԿ Բնակչության հիմնադրամի անցկացրած հետազոտությունից բխող եզրակացությունը՝ Հայաստանի բնակչության թվաքանակը հետագա տարիներին կրճատվելու է:
 
Անզեն աչքով էլ դա նկատելի է. մանավանդ, երբ հերթական ծանոթ-ազգական-հարևանիդ ես ճանապարհում ու հրաժեշտի բոլոր մաղթանքների փոխարեն չես կարողանում լիաբերան ասել՝
 
- Իզուր եք գնում: Դրսում էլ հեշտ չէ:
 
Պատասխանը ինքդ էլ գիտես՝ 
 
- Հեշտ չէ, բայց հնարավոր է ապրել...
 
Հեռանալու պատճառներն էլ գիտենք, անզորությունից հայրենիքը լքողների (նաև՝ չլքողների) ցավն էլ: Այդուհանդերձ՝ միջազգային կառույցի հրապարակած կանխատեսումը տագնապեցնում է: Ըստ կատարված հետազոտության՝
 
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում մոտ 3 միլիոն մարդ է բնակվում: Վերջին 9 տարում Հայաստանն, ըստ պաշտոնական տվյալների, լքել է 300 հազար մարդ, ինչը կազմում է բնակչության մոտ 10 տոկոսը: Միայն 2016թվականին Հայաստանը լքել է 48 հազար մարդ:
 
2035-ին Հայաստանում լավագույն դեպքում 3.2մլն բնակիչ կլինի, վատագույն դեպքում՝ 2.5-2.6մլն, կարծում են հետազոտության հեղինակները: Նախագահի վերջերս ասված խոսքերն այն մասին, որ 2040թվականին Հայաստանի բնակչությունը կկազմի 4 մլն, հետազոտության հեղինակներն անիրական խոստումներ են համարում:
 
Որպես բնակչության թվաքանակի նվազման պատճառ նշվում է Հայաստանում ծնելիության կրճատումն ու երկրից մեծ թվով մարդկանց մեկնումն այլ երկրներում մշտական բնակություն հաստատելու նպատակով: ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի կարծիքով՝ եթե այդ երկու միտումները փոխվեն, կարելի է այլ կանխատեսումներ անել:
 
- Որպեսզի բնակչության թիվն աճի, մարդիկ պետք է սոցիալապես և տնտեսապես ապահովված լինեն, և այդ ժամանակ նրանք երեխաներ կունենան, – ասել է ՄԱԿ Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչը:
 
Սակայն իրականությանը չի համապատասխանում Գ. Հայրապետյանի այն նկատառումը, թե տղամարդիկ կանանց թույլ չեն տալիս աշխատել, և դա նաև ֆինանսական խնդիրներ է առաջացնում ընտանիքներում:
 
- Դեռևս 2009թ. մենք տնային տնտեսությունների շրջանում հետազոտություն ենք անցկացրել: Տղամարդկանց 7-9%-ն ասել է, որ թույլ չեն տա իրենց կանանց աշխատել: Սակայն կարծում եմ, որ այդպես մտածող տղամարդիկ ավելի շատ են, և դա թաքնված փոքր խնդիր չէ, – ասել է ՄԱԿ ներկայացուցիչը:
 
Իրականությունը այլ է, ու նույնիսկ ավելին՝ պազմաթիվ ընտանիքներ գոյատևում կանանց վաստակով: Իսկ այդ 7-9% տղամարդիկ, համոզված ենք՝ ոչ լիարժեքության բարդույթով են տառապում: