Ի՞նչ իմանաս` դեպքերի ընթացքը ո՞ր կողմ կշեղվի

Ռուսական լրատվամիջոցն անդրադարձել է ՀՀ նախագահի ելույթին

Երկիր մոլորակում այսօր թերևս այնպիսի քանակությամբ հարձակողական գերհզոր զենքեր են կուտակվել, որոնք եթե միաժամանակ գործի դրվեն` մարդկության բնօրրանն իսպառ կվերացնեն: Ճիշտ է, այդպիսի կործանարար ուժ ունեցող զենքերը հիմանկանում  մի քանի հզորագույն պետությունների և ռազմական միավորումների տրամադրության տակ են, որոնք, թվում է` պետք է որ դրանց հետ շատ զգուշորեն վարվեն: Սակայն ակնհայտ է, որ նման զենքերից որոշները կարող են «առևտրական շահավետ գործարքի» անվան տակ հայտնվել այնպիսի երկրի զինանոցում, ինչպիսին իր ռազմատենչությունը բնավ չթաքցնող Ադրբեջանն է:


Ու որքան էլ Ադրբեջանի հմնական թիրախ Հայաստան այցելած և մեզ «բարեկամաբար» մխիթարող որոշ ռուս հանրային դեմքեր հավատացնում են, թե Ադրբեջանին զենք վաճառելը հենց մեր շահերից է բխում, երևում է` իրենք էլ դրան չեն հավատում: (Իսկ գուցե ռուսների այդ խոսքերը վերաբերում են «Իսկանդեր» համակարգին, այսինքն՝ եթե Ադրբեջանին զենք չվաճառեինք, դուք էլ «Իսկանդեր» չէիք ունենա): Համենայնդեպս, ռուսական մամուլում այդ հարցին անդրադարձ է եղել` կապված մարտի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հետ:                       

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնելով՝ ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, մարտի 25-ին հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ և ՀՀ պաշտպանության նախարարների ու բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ եղել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկում, ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը և ունկնդրել զորամասի շարահրապարակում զինծառայողների համար կազմակերպված համերգը: Համերգային ծրագրի ավարտին ՀՀ նախագահը հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար պետական բարձր պարգևներով` Մարտական ծառայության մեդալով, պարգևատրել է մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների, նվերներ հանձնել նրանց և զինծառայողների այն ծնողներին, որոնց ընտանիքներից երկու կամ ավելի մարդ զբաղված է սահմանների պաշտպանությանբ: 
Այնուհետև ՀՀ նախագահը ընդարձակ ելույթ է ունեցել, որտեղ խոսել է նաև «Իսկանդեր» հրթիռային համակարգի մասին: ՀՀ նախագահի ելույթի այս հատվածին է անդրադարձել ռուսալեզու «Ռեգնում» կայքը: «Հայաստանի նախագահը հայտնել է, որ պատրաստ է «Իսկանդերը» կիրառել» վերնագրով հրապարակման մեջ հատուկ նշելով, որ այնտեղ նա հայտարարել է` անհրաժեշտության դեպքում ինքը հրաման կտա գործի դնել հայկական բանակի տրամամադրության տակ եղած «Իսկանդեր» համակարգի օպերատիվ մարտավարական հրթիռները:

- Այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն,-նախագահի խոսքն է մեջբերել լրատվամիջոցը:

Հրապարակման մեջ այնուհետև խոսվել է հետևյալի մասին.

- Սարգսյանը հիշեցրել է, որ 2016թ. ապրիլին ճակատի ամբողջ գծով ԼՂՀ-ի վրա հարձակման անցած ադրբեջանական զինուժը հետ է մղվել: «Մենք տապալեցինք նրանց պլանները, մենք կատարելապես ջախջախեցինք նրանց՝ այդ օրերի տեղեկատվական պատերազմում»,-ընդգծել է Սարգսյանը: Նա հավելել է, որ անցնող տարում սահմանն էականորեն ամրացվել է, և բանակը նոր զինատեսակներ է ստացել: «Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված,-հայտարարել է Սարգսյանը։

Հիշեցնենք, որ 2016թ. Հայաստանը դարձավ այն միակ երկիրը, որն իր բանակի զինանոցի համար ռուսական ՕՄՀՀ «Իսկանդեր» է ձեռք բերել»:

Նկատի ունենալով, որ այս լրատվամիջոցը հաճախ է անդրադառնում մեր տարածաշրջանի խնդիրներին ու իրադարձություններին, թերևս կարելի է մտածել, որ սրանով Ադրբեջանին զգուշացնում է ձեռնպահ մնալ արկածախնդրությունից, որ «Իսկանդերը» ոչ միայն Հայաստանում է, այլև կարող է գործի դրվել: Թեև, երբ Ալիևի զգացողությմաբ` ծովը ծնկներից է, իսկ Կիսելյովի և Սոլովյովի նման որոշ վայ-մտավորականներ նրանց անուղղակի թևեր են տալիս, ի՞նչ իմանաս` դեպքերի ընթացքը ո՞ր կողմի վրա կշեղվի…