Ամերիկացի սենատորն ու Թուրքիայի արդարադատությունը

Ամերկյան սենատոր Թոմ Թիլլիսին ուղղակի ցնցել է թուրքական արդարադատության վիճակը: Սենատորը արդարադատության թուրքական տարբերակի հետ ստիպված է եղել առնչվել Թուրքիայի գաղութներում պահվող քահանա Էնդրյու Բրանսոնի գործին ծանոթանալիս:
 
Բրանսոնը վերջին 23 տարին ապրել է Թուրքիայում և Քրիստոսի ուսմունքն է քարոզել: 2016թ. հեղաշրջման փորձից հետո ձերբակալվածների թվում հայտնվեց նաև նա: Նրան կարող են առանց դատուդատաստանի փակի տակ պահել մինչև 7 տարի: Իսկ քանի որ այդ հեղաշրջման միակ և անառարկելի հեղինակը համարվում է ԱՄՆ-ում ապրող իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենը, ում ԱՄՆ-ը հրաժարվում է արտահանձնել, ահա  համարժեք տարբերակ են գտել: Թուրքիայի նախագահ Էրդողանը այս տարվա սեպտեմբերին ամերիկյան կողմին ուղղակի առաջարկել է Բրանսոնին ազատ արձակել՝ փոխարենը ստանալով Գյուլենին: 
 
«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ ԱՄՆ սենատորն ասել է. 
 
- Սա արդարադատություն չէ, այլ պարզապես պատանդների փոխանակում:
 
Ասվածը կարելի է մեկնաբանել, թե արդարադատությունը Թուրքիայում միջնադարի մակարդակից առաջ չի գնացել: Դրանում համոզվել են նաև Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կազմակերպված լսումներին ժամանակ, երբ քննարկել են Թուրքիայի իշխանությունների հակաժողովրդավար գործողությունները և հատկապես այդ երկրի գաղութներում ապօրինի պահվող մի շարք ԱՄՆ-ի քաղաքացիների ճակատագիրը:
 
Սենատոր Թիլլիսը, սակայն, մի բան հաշվի չի առել՝ Գյուլենը ոչ թե ԱՄՆ-ում պահվող պատանդ է, ում պետք է ազատություն շնորհվի ամերիկացու փոխարեն, այլ Ամերիկայի ազատ քաղաքացի է, որին Թուրքիայում մտադիր են ազատությունից զրկել և աշխարհի բոլոր մեղքերը նրա վզին փաթափել: Այնպես որ՝ դա «պարզապես պատանդների փոխանակում» չէ, այլ ավելի վատ տարբերակ: Գյուլենն ինքը, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այն կարծիքին է, որ ԱՄՆ-ն իրեն Անկարային չի հանձնի: 
 
Լսումների ժամանակ ԱՄՆ-ի սենատորը հիշեցրել է հեղաշրջման փորձի տապալումից հետո Թուրքիայում ձեռնակված բռնապետական քայլերը, 10-յակ հազարավոր մարդկանց՝ օրենսդիրների, քաղաքապետների, զինվորականների, լրագրողների, դասախոսների, գործարարների ձերբակալությունները: Իսկ լսումներին ներկա պետքարտուղարության պաշտոնյա Ջոնաթան Քոհենը «չափազանց դիվանագիտական որակումներով» ասել է, որ Էրդողանի գործողությունները «ցնցել են մամուլի ազատությունը, ինքնաարտահայտման իրավունքը, քաղաքացիական կառույցները»:
 
- Երբ Թուրքիայում ես գտնվում, դա ուղղակի շոշափելի է,- եզրակացրել է նա:
 
Հեղաշրջման փորձի մեղավորներին պատժելու պատրվակով ձերբակալությունների ալիքը այժմ էլ չի հանդարտվել: ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Թուրքիայի իշխանությունները երկրի 30 գավառներում գործողություններ են իրականացնում՝ ձերբակալելու ոստիկանության 108 նախկին աշխատակիցների, որոնք կասկածվում են Գյուլենին աջակցելու համար: Նրանցից 60-ին արդեն իսկ ձերբակալել են: 
 
Այսպիսով՝ Էրդողանը մեծ հաջողությամբ իր նախկին դաշնակից Ֆեթուլահ Գյուլենի անունն օգտագործում է՝ հաշիվ մաքրելու համար բոլոր նրանցից, ում իր իշխանության համար սպառնալիք է համարում: Վերլուծաբաններն ասում են, որ 2016թ. հեղաշրջման փորձը Էրդողանի համար այնքան նպաստավոր պայմաններ ստեղծեց, ասես իր իսկ պատվերով էր: Իսկ ահա ապրիլյան հանրաքվեն նրա ղեկավարած պետությունը տանում է դեպի իսկական սուլթանություն: 
 
Ճիշտ է՝ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ, որպես այդպիսիք, չկան, սակայն Թուրքիայում կատարվողը մենք չենք կարող անտեսել: Չէ՞ որ նրա իշխանությունների գործելակերպը կարող է մեզ հուշել, թե ինչ կարելի է սպասել մեր նկատմամբ նրանց գաղտնի ու բացահայտ գործողություններից: Ու գուցե նաև՝ բացահայտել մեզ համար ողբերգական անցյալի որոշ պահեր: