Բանակից խուսափածներին ամեն գնով վերադարձնել Հայաստան

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ…

Այսօր խորհրդարանում  զինծառայության հետ կապված այլ օրինագիծ էր քննարկվում, և թեմային առնչվող բազմաթիվ հարցեր ուղղվեցին զեկուցողին:
 
Սակայն հանրությանը հուզող և նոր օրենքի հավատընծայությունը երաշխավորող կարևոր մի հարց այսօր չհնչեց խորհրդարանում. ինչպե՞ս է լուծվելու զինծառայությունից խուսափած այն տեղաբնակների խնդիրը, ովքեր արդեն տաքուկ աշխատանք ունեն ու նույնիսկ մեծ ու փոքր պաշտոններ են զբաղեցնում: Ասել է թե՝ նշյալ հնգապատիկը վճարելով՝ նրանց գրպանները չեն թեթևանա: Իսկ եթե առողջական խնդիրների պատճառով են օրինականացրել իրենց դասալքությունը, ուրեմն լրջորեն մտածել է պետք՝ այդքան վատառողջ պաշտոնյաներ մեզ պե՞տք են: Ախր մեզ հոգով առողջ մասնագետներ ու նաև պաշտոնյաներ են պետք: Իսկ առողջ հոգին առողջ մարմնում է լինում:
 
Արդեն գրել ենք, որ ուսանողները ժամանակավորապես դադարեցրել են դասադուլն ու հացադուլը: Իշխանությունը համաձայնել է կլոր-սեղան  քննարկում սկսել, ու եթե ուսանողներն ապացուցեն, որ տարկետման վերացմամբ գիտությունը կտուժի՝ կլինեն փոփոխություններ: Սակայն այդպես էլ հստակ չէ, թե կլոր-սեղան քննարկմանն արդյո՞ք կմասնակցի Վիգեն Սարգսյանը, ով համառորեն առաջ է տանում  տարկետման իրավունքի վերացումը: 
 
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով  գումար վճարել մինչև 27 տարեկան  բանակից խուսափածների համար, որի շնորհիվ զինծառայությունից խուսափածները կվերադառնան Հայաստան:  Օրենսդիր մարմինը, սակայն,  համարում է, որ 500-ապատիկը շատ է և պետք է բավարարվել 200-ապատիկի չափով: Հարակից զեկուցող Կարինե Աճեմյանը բարձրաձայնեց, որ համաձայն չեն կառավարության այն տեսակետին, թե այդպիսով մարդիկ կկարողանան խուսափել ծառայությունից՝ վճարելով որոշակի տուգանք: Ընդ որում՝ կառավարությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված կամ զորակոչից խուսափածներին հնարավորություն ընձեռել՝ մինչև 2019 թվականը վերադառնալ հայրենիք:
 
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում էր, թե հնարավո՞ր է, որ օրենքի ժամկետը երկարաձգվի:
 
Կարինե Աճեմյանը հիշեցրեց, որ արդեն 9-րդ անգամ է օրենքում փոփոխություն կատարվում, բայց դժվարացավ ասել, թե հետագա տարիներին երկարաձգումներ չեն լինի: 
 
«Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ  տղաներին Հայաստանը պետք  է կարողանա ներել՝ ազատելով  պատժաչափից, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ Հայաստան և այստեղ ապրել: Միաժամանակ, Արտակ Զեյնալյանն արդար չի համարում, որ որոշակի գումար վճարելով մենք  ներում ենք բանակում չծառայածներին: 
 
Իսկ «Ելք» խմբակցության մյուս անդամ, պատգամավոր Մանե Թանդիլյանը կարծում է, որ պետք է հասկանալ, թե այս նախագծով ինչ նպատակ ենք հետապնդում. 
 
- Մենք գումար ենք հավաքագրո՞ւմ, թե՞ ուզում ենք, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան:
 
Թերևս՝ երկուսն էլ, բայց որքանո՞վ է դա իրականանալի: Չէ՞ որ հատկապես այդ երկու պատճառներով են մարդիկ հեռացել հայրենիքից. որդիներին թշնամու գնդակից փրկելու և աշխատանք գտնելու: