Ընդդիմության նոր օրակարգ կձևավորվի՞

«ԵԼՔԸ» ԴԵՌ ՄՏՄՏՈՒՄ Է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը նորից ինտրիգ առաջացրեց քաղաքական դաշտում:  Տպավորությունն այն էր, որ նախագահ Սարգսյանը կարծես քաղաքական նոր շրջափուլի է պատրաստվում: Հիմնական հարցը, որը շարունակում են ակտիվորեն շրջանառել լրագրողներն ու լրատվամիջոցները, 2018-ի վարչապետի թեկնածուի հարցն էր: «Ո՞վ է նա, ո՞վ է նա»՝ հայտնի երգի տողերն այս օրերին ասես հենց սրան են վերաբերում:
 
Սերժ Սարգսյանը, սակայն, այս անգամ էլ հեռատեսորեն չբացեց փակագծերը՝ հարցի պատասխանը թողնելով ենթադրությունների բավիղներում: Ու դա բնական է՝ առաջադրումների համար դեռ ժամանակ կա: Սակայն մի «մեսիջ» հստակ էր՝ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե պատրաստ է զբաղեցնել գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը, վերջնական չէ՝ միայն ցանկության մակարդակում է:
 
- Շատ լավ ցանկություն է, առողջ, տրամաբանված, և ես ընդհանրապես համարում եմ, որ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ, որպես մարդ՝ մեզ համար ընդունելի և օգտակար անձնավորություն է։ Նկատի ունեմ՝ ինձ համար անձնապես, նկատի ունեմ՝ կուսակցության համար։ Այնպես որ, պետք չէ այստեղ ինչ-որ բաներ փնտրել։ Կգա ժամանակը, մենք շատ հանգիստ կհայտարարենք մեր որոշումների մասին,- ասել է Ս. Սարգսյանը:
 
«Նկատի ունեմ ինձ համար անձնապես, նկատի ունեմ կուսակցության համար». ասել է թե՝ ՀՀԿ կուսակցության ղեկավարը վստահ է, որ իր որոշումն ընդունելի է կուսակիցների համար: 
 
Շատերն այս խոսքերում վերստին Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան ներքին մրցակցության տարրեր «պեղեցին»՝ որքան էլ երկու գործիչները հերքում են դա: Մրցակցությունը, իհարկե, լավ է, եթե ծառայում է պետության զարգացմանն ու բարգավաճմանը, ոչ թե վերածվում ամբիցիաների մենամարտի: 
 
Սա բնավ հեռացող քաղաքական գործչի հայտարարություն չէ, մանավանդ՝ եթե չանտեսենք համայնքների մասին նրա վերջին քննադատական հայտարարությունը՝ «Այլևս չենք ներելու անարդյունավետ կառավարման ևբնակիչների փողերը տուն տանող համայնքապետերին»:
 
Սրան զուգահեռ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ձեռքերը ծալած չի նստում: Ապագայի ծրագրեր, որոշումներ՝ տպավորությունն այն  է, որ ՀՀԿ փոխնախագահը վստահ է իր վերանշանակման  համար: Չնայած՝ նույնիսկ հավերժ կառավարելու վստահությունն ունեցող գործիչը պետք է որ չաճապարեր՝ 2018-ի նախաշեմին 2019-ի տոները նվազեցնելու մասին խոսել: Չէ՞ որ այդ տոները չեն մեր տնտեսությունը վերականգնել չկարողանալու պատճառը. ընդհակառակը՝ գործազուրկների հսկա բանակն ամբողջ տարվա ընթացքում է պարապության «տոների» մեջ: Ա՛յ՝ եթե նա հիմնավորապես խոստանար գոնե 2019-ին  վերացնել գործազրկությունը…
 
Ընդդիմության արձագանքը մինչ հիմա հայտնի չէ: Խորհրդարանական միակ ընդդիմություն «Ելք» խմբակցոության ղեկավար Նիկոլ Փաշինանն ընդամենը ֆեյսբուքյան մի գրառում է արել հարցազրույցի ծիծաղելի լինելու մասին:
Մի բան կարծես թե հստակ է՝ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցով ընդդիմադիր դաշտին նոր օրակարգ է հուշում՝ վիճարկել վարչապետի պաշտոնում իր առաջադրումը: Այս մասին դեռ ամիսներ առաջ «Ելքն» էր հայտարարել և պատրաստակամություն հայտնել ուղղորդել փողացային պայքարը՝ եթե այն առաջանա: Չնալած՝ Գևորգ Գորգիսյանն այսօր այնքան էլ վստահ չէ, որ «Ելքը» կուղղորդի այն: 
 
- Երբ ամեն ինչ պարզ կլինի՝ կքննարկենք:
 
Իսկ մինչ կքննարկեն, ՀՀԿ-ն էլ հստակեցումներ կանի՝ «Ելքն» արդեն ներկայացրել է վարչապետի իր թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին, իսկ Ս. Սարգսյանի հարցազրույցից մեկ օր առաջ  հրապարակել էր 2018-ի նախագահի իրենց թեկնածուն՝ նախկինում նախագահականում աշխատած Արտակ Զեյնալյանին: