Էլի նույն ցավն է, նույն կրկնաբանությունը՝ ունենք այն, ինչ ունենք

«ԴՈՒ ՄԱՍՆԱԳԵՏ ՉԵՍ, ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿ ԳԱԶ ԼԻՑՔԱՎՈՐՈՂ»

Հիասթափությունն ու անվստահությունը վատ ուղեկիցներ են: Իսկ երբ դրանք խորանում ու առօրյայիդ գլխավոր բաղադրիչն են դառնում՝ հարգանքի և բարեկրթության մասին խոսելն իսկ ավելորդ է:
 
Օրավուր ավելի անլուծելի դարձող իր խնդիրների հետ միայնակ մնացող մարդը մերթ օգնություն է հայցում, մերթ՝ փորձում իրեն պահանջատեր զգալ: Հետո նորից անզոր մնալով՝ բացում է գրպանի փոխարեն բերնեբերան լցված անեծքների ու վիրավորանքների տոպրակը: Իսկ քանի որ անեծքն ու վիրավորանքը խոսքի ազատության ցուցիչ են դարձել՝ ոչ ոք ոչ մեկի չի խանգարում ազատ արտահայտվել:
 
Բայց երանի «խանգարեին»: Խանգարեին ոչ թե սարսափի մթնոլորտ ստեղծելով, այլ կատարելով պետության ամենագլխավոր պարտականությունը, որն իր քաղաքացիների գոնե նվազագույն կենսապահովումն է: Սակայն այդ թեմայով մեր իրականությունը միայն զվարճալի դարձած նույն կրկնաբանությամբ է ձևակերպվում՝ ունենք այն, ինչ ունենք: Իսկ առայժմ ունենք միայն խորացող չքավորություն, հավատի ու վստահության բացակայություն ու նաև դրանց վերացման վերաբերյալ բազում խոստումներ, որոնք ոչ մի կերպ հանապազօրյա հաց չեն դառնում:
 
Ի դեպ՝ նաև Կառավարություն ու վարչապետ ունենք: Հենց նրա հրաժարականի պահանջն էր բարձրաձայնում «Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» հայրենասիրական կազմակերպությունը՝ դրա ղեկավար Էդուարդ Պոլատովի շուրթերով։ 
 
- Մենք որոշել ենք մեզ համար Թալիշի կենտրոնից դուրս ստեղծել մի ավան՝ վետերանների համար, որպեսզի թիկունք լինենք սահմանին կանգնած զինվորին, և ապրիլյան դեպքերը չկրկնվեն: Մեզ ընդամենը պետք է փոքրիկ օժանդակություն, որը չկա,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Թալիշը վերաբնակեցնել ցանկացողների առաջին ցուցակն ընդգրկել է 300 հոգի, իսկ հետո այդ թիվն էականորեն նվազել է: 
 
Ավելորդ է ասել, որ սահմանաբնակների նվազումը հավասարազոր է սահմանապահ զորքի նվազմանը: Իսկ Թալիշում բնակվել ցանկացողների թիվը պակասել է՝ Էդուարդ Պոլադովի պնդմամբ՝ պատկան մարմինների անտարբերության պատճառով: Նրա փաստարկմամբ՝ մարդիկ հիասթափվել են և այլևս չեն ցանկանում վերադառնալ Թալիշ, մինչդեռ Սփյուռքից փոխանցված գումարներով հնարավոր է անգամ քաղաք կառուցել: Մինչդեռ համագործակցության առաջարկով ՀՀ վարչապետին ուղղված իրենց բազմաթիվ նամակներն անպատասխան են մնացել: 
 
- Վարչապետը պարտավոր է պատասխանել հարկատու ժողովրդի նամակին, առավել ևս, որ «Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» հայրենասիրական կազմակերպությունը պաշտոնապես գրանցված է Արդարադատության նախարարությունում, որի համար ևս գումար է վճարել: Ինչո՞ւ մինչ օրս չեն պատասխանել մեր նամակին: Լինելով խորհրդային ինժեներ՝ ես իրավունք ունեմ նրան ասելու, որ դու մասնագետ չես, այլ հասարակ գազ լիցքավորող: Ի՞նչ ներդրումների մասին կարող ես դու խոսել, եթե ամբողջ գումարներն անձամբ եք կուտակել,- ընդվզել է բանախոսը՝ շեշտելով, որ գործող կառավարությունը ողջունում է մարդկանց արտագաղթը: 
 
Նրա խոսքով՝ վարչապետը Հայաստան է եկել որպես ժողովրդին «գցող», այլ ոչ թե գործ անող:  
 
«Նոյան տապան»-ում հրավիրված ասուլիսի մեկ այլ մասնակից՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գևորգյանն ավելի կտրուկ է արտահայտվել՝ ընդգծելով ու հիշեցնելով, որ եթե սահմանին բնակչություն չապրի, ապա անվտագության կամ ապահովության մասին խոսելն ավելորդ է.
 
- Այս վարչապետը միայն աղետներ ստեղծող է, բայց խնդիրը միայն նրա մեջ չէ, այլ ամբողջ համակարգի: Վերջին տարիների նոր թայֆան  կողոպուտից բացի, ուրիշ բան չի հասկանում,- ասել է նա՝ իշխող վերնախավին համարելով ազգի դավաճան: