Ձմեռային օլիմպիական խաղերը՝ «ձնհալի» հնարավորություն Կորեական թերակզում

Այս նոր տարին գոնե մեկ բարի լուր բերեց՝ Կորեական թերակղզու երկու թշնամական երկրները հնարավոր համարեցին իրար հետ երկխոսություն սկսել: Իսկ դա նշանակում է, որ նույն ազգի երկու կեսերը գոնե իրար հետ շփվելու հեռանկար ունեն, միջուկային պատերազմի սպառնալիքն էլ կարող է մի փոքր մեղմվել:
 
Երեկ երեկոյան աշխարհով մեկ տարածվեց նոր հայտարարությունը՝ փետրվարի 9-25-ը հարավկորեական Փհյոնչհան քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը Հյուսիսային և Հարավային Կորեաները հանդես գկան ընդհանուր պատվիրակությամբ և միասնական դրոշով: 
 
Արդեն հայտնի է, որ Հյուսիսային Կորեան Օլիմպիական խաղերի կուղարկի 150 մարզիկ: Ցամաքային սահմանով Հարավային Կորեա կժամանեն նաև 230 լրագրողներ ու երկրպագուներ: Նաև պայմանավորվածություն կա, որ Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի կանանց թիմերը տափօղակով հոկեյի մեկ հավաքական կազմեն:
 
Այն սկզբունքը, ըստ որի Օլիմպիական խաղերի ժամանակ մասնակից երկրների միջև պատերազմական իրավիճակները սառեցվում են, այս դեպքում կարծես իրողություն է դառնում: Գուցե այս յուրօրինակ, Հեռավոր Արևելքում դարավոր պատմություն ու մշակույթ ստեղծած ժողովուրդը կարողանա վերահաստատել այդ սկզբունքը՝ այն վերածելով արդի ժամանակներում իրոք գործող ու խաղաղարար գործոնի: Ընդ որում, ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանն այս երկու պետությունների միասնական մասնակցությունը նախադեպ ունի. դա տեղի է ունեցել 2006թ. Թուրինում:
 
Ուշագրավ է այս լուրին Միացյալ Նահանգների արձագանքը: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ ասել է, թե այս խաղերը հյուսիսկորեացի մարզիկներին «ազատության նշույլ» կապարգևեն:
 
- Մենք վարչակազմի համար դա համարում ենք հնարավորություն՝ տեսնելու իր միջազգային մեկուսացվածությանը վերջ տրվելու կարևորությունը այն բանից հետո, երբ ապամիջուկային գոտիներ կստեղծվեն: Մենք առաջվա պես կենտրոնացած ենք դրա վրա և հույս ունենք, որ դա (ապամիջուկայնացումը) տեղի կունենա,-ասել է Սանդերսը: 
 
Ձմեռային օլիմպիական խաղերին ԿԺԴՀ-ի մասնակցության վերբերյալ բանակցությունների առաջին փուլը հունվարի 9-ին է տեղի ունեցել, և ահա արդեն համաձայնությունը պատրաստ է: Մնում է հուսալ, որ ամեն ինչ բարեհաջող ընթացք կունենա, ու ո՛չ ԱՄՆ-ի տարատեսակ մեկնաբանությունները, ո՛չ էլ այլ ազդեցություններ չեն խաթարի այս համաձայնությունը, և հետագա խաղաղ գործընթացների համար դուռ կբացվի: