Վարշավայի պայմանագիրը վերացավ, իսկ ՆԱՏՕ-ն խոսքի տերը չեղավ

Երևում է՝ բլոգեր Լապշինին իր սիրելի Ադրբեջանին հանձնելու գործում ունեցած ձախողումը Բատկայի մտքին վերլուծական ընթացք է հաղորդել, և սա սկսել է աշխարհին սպառնացող վտանգի մասին ողջամիտ դատողություններ  անել: Սպառազինությունների մրցավազք արտահայտությունը այսօրվա մեր աշխարհի ամենադիպուկ բնորոշումն է: Մարդկության կեսից ավելին ապրում է օրվա հացի ու նվազագույն ծառայությունների կարոտ, իսկ աշխարհի հզորները միլիարդներ են վատնում՝ մահաբեր զինանոց ստեղծելու, ավերիչ պատերազմներ մղելու կամ դրանց պատրաստ լինելու համար:
 
2018թ. հետխորհրդային շատ երկրներ են այս կամ այն իրադարձության հարյուրամյակ նշում: Բելառուսում նշել են ազգային բանակի մեկ դարը, որին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ՝ փետրվարի 22-ին, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշ հիշարժան դիտողություններ է արել Արևելյան Եվրոպայի ահագնացող ռազմականացման վերաբերյալ: Լուկաշենկոյի խոսքերը փոխանցել է Բելառուսական հեռագրական գործակալությունը: 
 
- Արևելյան Եվրոպան հետևողականորեն ռազմականացվում է, այնտեղ լրացուցիչ զորակազմ է տեղակայվում: Որպես դրա հետևանք՝ ընթացիկ տարում նշանակալիորեն ավելանում են այդ երկրների ռազմական ծախսերը,- նշել է Լուկաշենկոն:
 
Ըստ նախագահի՝ առաջներում դրանք բարեկամական երկրներ էին և անդամակցում էին Վարշավայի պայմանագրին: ԽՍՀՄ փլուզումից հետո խոստում էր տրվել, թե ՆԱՏՕ-ն դեպի արևելք չի ընդլայնվելու, պարզապես հարկավոր է չեղարկել Վարշավայի պայմանագիրը: Սխալ որոշում էր, բայց այդ պայմանագիրը չեղյալ համարվեց, և հետխորհրդային երկրները հեռացան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրենց կողմից վերահսկվող տարածքներից: Իսկ սա քանդեց այն տարածությունը, որը բոլորի անվտանգությունն էր ապահովում: 
 
Լուկաշենկոն ընդգծել է, թե ժամանակին ինքը նախազգուշացրել էր, որ Դաշինքի երկրներն իրենց խոսքի տերը չեն լինելու: Այդպես էլ եղավ, և Բելառուսն ստիպված էր «իր բանակը չորս անգամ նորացնել, բարելավել, իսկ դա էժան չի նստել»:
 
- Բայց, նյութականը մի կողմ,դա հոգևոր և բարոյական տեսանկյունից շատ թանկ նստեց բոլառուս ժողովրդի, ինչպես և ռուսների, երբեմնի Խորհրդային Միության ժողովուրդների վրա,- ընդգծել է Բելառուսի առաջին և միակ նախագահը: 
 
Լուկաշենկոյի մեկնաբանությամբ՝ այժմ աշխարհի զանգվածային վերաձևման դարաշրջան է, և ռազմական ուժի գործոնը աննախադեպ մեծացել է: Իսկ սրա հետևանքով աշխարհաքաղաքական հիմնական խաղացողները միջամտում են մի շարք պետությունների ներքին գործերին, այդ թվում` եվրոպական, և ռազմական ներքին  բախումներ հրահրում: Այսքանից հետո, զարմանալի չէ, որ նա խոսել է նաև բելառուսական բարձրորակ զենքի արտադրության անհրաժեշտության մասին: 
 
Ասում են՝ եթե Երկրի վրա ոսկու (և ցանկացած թանկարժեք նյութի) քանակն այնքան ավելանա, որ բոլորը սրտի ուզածի չափ ունենան, այն համարյա ոչ մի արժեք չի ունենա: Գուցե երբ աշխարհի զենքն այնքան ավելանա, որ բոլորը կարողանան բոլորին սպառնալ (թեև հիմա էլ դրանից հեռու չենք), այն ժամանակ ամենքը հրաժարվեն նրա մահաբեր ներկայությունից: Միայն թե սրա համար առողջ դատողություն է հարկավոր, որը, ցավոք, աշխարհի բախտը որոշողներից քչերին է տրված: