Տարոն Մարգարյանի «հեղափոխական» առաջարկը

ՔԱՆԻ՞ ՕՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱ՝ ՍՊԱՍԵԼՈՎ ՀՆԱՑԱԾ ՍՆՆԴԻ ԷԺԱՆԱՑՄԱՆԸ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակում է զարմացնել մտքի իր գոհարներով: Հերթական մտագոհարը նա «շաղ է տվել» ավագանու երեկվա նիստում՝ ի պատասխան ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի՝ կրթօջախների բուֆետների սննդի խնդրի բարձրաձայնումի:  
 
«Ելքի» անդամը հիշեցրել է, որ Գնումների մասին օրենքի պահանջով՝ պիտի հաղթի ցածր գին առաջարկող ընկերությունը, սակայն դա, փաստորեն, չի զգացվում վաճառվող սննդի գներից: Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը պարզաբանել է, թե Գնումների մասին օրենքը դպոցներում վաճառվող սննդի գնի հետ կապ չունի: Սնունդ վաճառող ընկերությունը քաղաքապետարանից ընդամենը տարածք է վարձակալում:
 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հետ չի մնացել: Նա նախ հիշեցրել է, որ  գների թանկացումն առևտրային գործընթաց է.
 
- Եթե գները թանկ են, ընդամենը դա առևտրային մաս է, պետք է առևտուր չանել, մի քանի օր հետո իջեցնելու են գները։ Եթե թանկ են, պետք է չօգտվեն։
 
Տնտեսագիտորեն և շուկայական արդար հարաբերությունների պարագայում (ինչը իսպառ բացակայում է մեր սննդամթերքի շուկայում),  իհարկե, Տարոն Մարգարյանը, ճիշտ է ասում: Բայց քաղաքապետը, երևի թե մոռանում է, որ Հայաստանում հանապազօրյա սննդի գներն անընդհատ միայն թանկանում են, և որպես թարմ մատուցվող սնունդն անգամ հաճախ վտանգավոր է, էլ ո՜ւր մնաց՝ հնեցվածը: 
 
Տ. Մարգարյանի նման խորհուրդն առանձնապես զարմանալի չէ. ո՛չ նա, ո՛չ էլ նրա երեխաները չեն օգտվում այն սննդից, որն առաջարկվում է դպրոցներում: Քաղաքապետին ամենևին չի անհանգստացնում այն գնաճը, որի տակ կքել է շարքային քաղաքացին: 
 
Եթե նույնիսկ ուսուցիչները, աշակերտները հետևեն  քաղաքապետի հորդորին, ապա հազիվ թե սննդի վաճառքով զբաղվողները, այն էլ դպրոցում, սնունդ էժանացնեն: Ամենաշատը կարող են պատրաստելու ամսաթիվը կամ պաիտանիության ժամկետը կեղծել: 
 
Այնպես որ՝ զավեշտալի «խորհրդատվության» փոխարենը քաղաքապետը պետք է հանձնարարեր վերահսկել դպրոցներում վաճառվող սննդի գներն ու որակը:
Փաստորեն քաղաքապետարան չեն հասնում սննդի անվտանգության պատասխանատու  կառույցների հայտարարությունները, թե ամեն ինչ անում են՝ հանրությանն անվտանգ սննդով ապահովելու համար: 
 
Երեխաների անվտանգ սնվելու առաջին ջատագովը պետք է լինի դպրոցը՝ ի դեմս տնօրենի, որը կարող է սննդի վաճառքով զբաղվող ընկերության առաջ ցածր գնի պահանջ դնել: Սակայն տնօրենն առանց քաղաքապետարանի, ասել  է թե՝ առանց պատկան կառույցի աջակցության, հազիվ թե կարողանա միայնակ գործը գլուխ բերել:
 
Նախկինի փորձն ուսանելը ևս քաղաքապետին չէր խանգարի: ԽՍՀՄ տարիներին դպրոցականներին սննդով ապահովում էր պետությունը՝ վերահսկելով դրա որակը. ընդ որում՝ մինչև 3-րդ դասարանցիները դպրոցում սնվում էին անվճար: