Խաղահրապարակն ամենալավ օթևանն է մանուկ հոգիների համար

ԱՆՀԱՎԱՏԱԼԻՆ՝ ԱԿՆՀԱՅՏ

Ամերիկյան Ալաբամա նահանգի Հանսթվիլ քաղաքում մի խաղահրապարակ է կառուցվել, որը հռչակվել է այնտեղ կատարվող տարօրինակ, ավելին՝ սարսռազդու երևույթներով: Պաշտոնապես Դրոստ անունը կրող այգին թերևս աշխարհում ամենաանհաջող դիրքն ունի՝ այն գտնվում է Մեյփլ-Հիլի 100-ակրանոց գերեզմանատան մեջտեղում:
 
Հնարավոր է՝ դա է պատճառը, որ ասում են՝ այստեղ նույնիսկ ուրվականներ են շրջում: Պատահական չէ, որ Դրոստ անունը հիշողներ քիչ կան, քանի որ բոլորն այգին գիտեն «Մահացած երեխաների խաղահրապարակ» անունով:
 
1882թ. հիմնադրված Մեյփլ-Հիլ գերազմանոցը, ինչպես cryptic.world լրատվամիջոցն է նշում, Ալաբամայի ամենախոշոր հանգստարանն է: Գերեզմանոց լինելն ինքնին որևէ վայրի բարի համբավ չի բերում, իսկ այս մեկում նաև ժամանակ առ ժամանակ աշխուժանում են անբնական երևույթները: Ավելին՝ այս շիրմատանը քողարկված «Մահացած երեխաների խաղահրապարակն» ասես մի նոր Մեքքա է դարձել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իսկական ուրվականներ տեսնել: Ցանկացած տեղացի կհաստատի, որ ոչ ընդարձակ մանկական այս խաղահրապարակը արևամուտից հետո լի է լինում այնտեղ խաղացող աղջնակների ու մանչուկների հոգիներով: 
 
Արդեն ոչ ոք չի էլ հիշում, թե ում մտքով է անցել գերեզմանատան մեջտեղում հիմնել խաղահրապարակ, որտեղ երեխաները կզբաղվեն, քանի դեռ ծնողներն այցելում են հարազատների շիրիմներին: Այգում բազմաթիվ սաղարթախիտ ծառեր են աճում, որոնց արանքից անգամ ամենաարևոտ օրերին լույսը դժվարությամբ է թափանցում: Այդ պատճառով այնտեղ մշտապես չարագուշակ կիսախավար է տիրում, որը կատարելապես վայել է այդ վայրի ողբերգական համբավին: Դեռ ավելին՝ Դրոստը երեք կողմից շրջապատված է ուղղաբերձ ժայռերով, ինչն էլ այգին գրեթե լիովին մեկուսացնում է աշխարհից:  
 
Երեխաների ուրվականների հայտնվելը Հանսթվիլ քաղաքի բնակիչները կապում են անցած դարի 40-ական թթ. կատարված դեպքերի հետ: Այնտեղ մի ավանդազրույց է շրջում, ըստ որի 70-80 տարի առաջ գերազմանատան մերձակայքից սկսել են երեխաներ առևանգել: Մանուկ զոհերից շատերը ցավալիորեն չեն կարողացել անհայտ մոլագարից փախչել, և նրանց անշնչացած մարմինները գտել են այն վայրի մերձակայքում, որտեղ այժմ գտնվում է տխրահռչակ այգին: Մարդասպանն այդպես էլ չի գտնվել: 
 
Անհայտ երևույթների հետ առնչություններ փնտրողները և սուր զգացողությունների սիրահարները գիշերներն այդտեղ գալով՝ որոշ բաներ են նկատել: Եվ այսպես, ականատեսները հաղորդում են, թե օրվա մութ ժամերին հրապարակում հնարավոր է նկատել խորհրդավոր ստվերներ, իսկ օդում՝ կրակներ և գունատ գնդեր (այսպես կոչված օրբեր՝ անգլերեն orb՝ գունդ, լուսատու բառից): Նրանց պատմելով՝ մթության մեջ լսվում են մանկական բոբիկ ոտքերի քայլերի ձայն և մանկական ծիծաղ, իսկ ճոճանակներն իրենք իրենց ճոճվում են՝ անգամ երբ քամի չի լինում: 
 
2007թ. Հանսթվիլի քաղաքային իշխանությունները որոշում են գերեզմանատունն ընդարձակել և մանկական խաղահրապարակը վերացնել: Բնակիչները, սակայն, ընդհանուր բողոք են բարձրացնում՝ իրենց զայրույթն արտահայտելով պաշտոնյաների այդօրինակ անհեռատեսության նկատմամբ: Ու հենց դրա շնորհիվ Դրոստը ոչ միայն մինչև օրս մանկական խաղահրապարակ է, այլև անգամ նորացվել է, իսկ բոլոր խաղասարքերը փոխարինվել են առավել արդիականներով:
 
Ըստ երևույթին, «Մահացած երեխաների խաղահրապարակը» տեսանելի ապագայում այդպիսին էլ կմնա: Պարբերականը նաև եզրակացնում է՝  գերբնական երևույթների տարեցտարի շատանալու փաստը թույլ է տալիս համարձակորեն ենթադրել, թե այգին բնակեցնող ոգիները նույնպես գոհ են, որ քաղաքի բնակիչներն այդպիսի երկյուղածությամբ պահպանում են իրենց օթևանը: