ԱՄՆ նախագահը հուսով է, որ երբևէ կհանդիպեն

ԹՐԱՄՓ-ԿԻՄ ՉԵՆ ԸՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ

ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընն իր խոսքի տերը եղավ, և նրա երկրի միակ՝ Փհունգերիի միջուկային զինարանը փակվեց: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
 
- Այսօր Փհունգերիի զինարանն ամբողջովին կազմաքանդվել է,- նշվում է հաղորդագրության մեջ և տեղեկացվում, որ այդ ընթացքում ռադիացիայի արտահոսք տեղի չի ունեցել:
 
Հենց հաջորդ օրը Միացյալ Նահանգների նախագահը Հյուսիսային Կորեայի «Հարգարժան պարոն Նախագահին» տեղեկացրել է, որ հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսված երկու նախագահների հանդիպումը տեղի չի ունենալու: Որպես պատճառ նա նշել է ԿԺԴՀ առաջնորդի թշնամական հայտարարությունը: 
 
- Ցավոք, վերջերս ձեր հայտարարության մեջ արտահայտված ահավոր զայրույթով և բացահայտ թշնամանքով պայմանավորված՝ ես տեղին չեմ համարում այս պահին անցկացնել վաղուց ծրագրված այդ հանդիպումը: Հետևապես թող այս նամակը ծառայի ծանուցում այն մասին, որ Սինգապուրի Վեհաժողովը, հանուն երկու երկրների բարօրության, սակայն ի վնաս աշխարհի, չի կայանալու,- ասված է փաստաթղթում: 
 
Այդուհանդերձ՝ ԱՄՆ նախագահը բանակցությունների դռները լիովին փակված չի համարել, ուստի նամակում ընդգծել է.
 
- Ես անհամբերությամբ սպասում եմ, որ երբևէ կհանդիպեմ ձեզ հետ:
 
Նա նաև ցավ է հայտնել, որ «միջազգային հանրությունն ու հատկապես Հյուսիսային Կորեան կայուն խաղաղություն և բարգավաճում ապահովելու հիանալի հնարավորություն կորցրին: 
 
Որքան էլ ԱՄՆ և ԿԺԴՀ նախագահների հանդիպման պայմանավորվածությունը դժվարությամբ էր ձեռք բերվել և բազմաթիվ հույսեր արթնացրել, երկուստեք անընդհատ կասկածներ էին հնչում, թե այն կարող է նաև տեղի չունենալ: Ինչ մնում է պատճառին, որը վկայակոչում է Դոնալդ Թրամփը, ապա դա թերևս կարևոր էլ չէ: Եթե մի բան չես ուզում, պատրվակ միշտ էլ կարելի է գտնել: