Օգնություն նուրբ աշխարհից

Եղելությունը, որը պատմել է Կենտրոնական Ռուսաստանի երեսնամյա բնակչուհին, կարելի է հեքիաթ համարել: Սակայն նաև կարելի է ընդունել որպես հերթական ապացույց առ այն, որ այս կյանքից հեռացած մարդկանց հոգիները, գտնվելով նուրբ աշխարհում, կարողանում են ոչ միայն այնտեղից ժամանակավորապես դուրս գալ, այլև հայտնվել իրենց մտերիմներին և անգամ նրանց օգնել:
 
cryptic.world կայքը ամբողջ տեղի ունեցածը ներկայացնում է կնոջ պատմածով, ում պայմանականորեն անվանել է Թամարա Սմիռնովա:
 
Թամարան ամուսնացել է ութ տարի առաջ, իսկ մեկ տարի անց ծնվել է նրա ու Անտոնի դուստրը՝ Քսենյան: Իրենց առողջ ու գեղեցիկ դստերը ծնողներն ամբողջ հոգով են սիրել: Սակայն երբ երեխան դարձել է 4 տարեկան, պատահել է ահավորը՝ բակում խաղալիս նրան մահացու հարվածել է ավտոմքենան…
 
Մայրը միայն կես տարի անց է սկսել քիչ-քիչ հաղթահարել ցավը և սովորել նորից ապրել: Իսկ դարձյալ երեխա ունենալու մասին չի էլ կարողացել մտածել: 
 
Մի օր, երբ տանը մենակ է եղել, լվացք անելու նպատակով մտել է լոգարան: Դուռը հանկարծ ինքնիրեն փակվել է, ու որքան էլ Թամարան հրել է, չի բացվել: Այնպիսի տպավորություն է եղել, ասես մեկը դրսից այն փակել է: Ի լրումն սրա՝ մարել է լոգարանի լույսը: Կինը տագնապի մեջ է ընկել, սկսել է դուռը հրել ու աղմկել: Հանկարծ իրեն լավ ծանոթ մանկական ձայնը խաղաղորեն ասել է. 
 
- Մայրի՛կ, մի՛ աղմկիր, թե չէ ավելի վատ կլինի: 
 
Քսյո՛ւշա,- կանչել է մայրը՝ չկարողանալով նման հրաշքի հավատալ:
 
- Մայրի՛կ, խնդրում եմ, մի՛ ճչա,- աղաչանքով կրկնել է մանկական ձայնը: 
 
Երբ աչքերը վարժվել են մթությանը, Թամարան իրենից մեկ քայլ այն կողմ նկատել է դստեր կերպարանքը: Արցունքներն սկսել են խեղդել, և նա միայն կարողացել է կերկերուն ձայնով շշնջալ.
 
- Քսյուշա, հարազա՛տս, ի՜նչ դժվար է առանց քեզ: 
 
- Մի՛ լացիր, մայրի՛կ, հարկավոր չէ,- նույնպիսի կերկերուն ձայնով ասել է աղջնակը,- ես դեռ կվերադառնամ, դու սպասիր: 
 
Հաջորդ վայրկյանին դստեր կերպարանքն անհետացել է, իսկ կինն անզոր տապալվել է հատակին: Հուգու մեջ ինչ-որ անհավատալի բան է կատարվել՝ միախառնված կորստի ցավից և գեթ մեկ րոպե դստերը տեսնելու ուրախությունից…
 
Քիչ անց լույսն անսպասելիորեն պայծառ ճառագել է, իսկ դուռն ինքնիրեն բացվել է: Լոգարանից դուրս գալով՝ Թամանան նկատել է, որ բնակարանում կողոպտիչներ են գործել: Ըստ էության՝ Քսյուշան մորը փրկել է կողոպտիչների հետ հանդիպելու վտանգից: Իսկ այդ միջադեպի տարին չբոլորած՝ երիտասարդ կինը նորից դուստր է ունեցել:
 
Երեխան իսկևիսկը Քսյուշայի նմանակն է և մեծանալով՝ իրեն պահում է ճիշտ վաղամեռիկ քույրիկի նման: Այժմ Թամարան հավատացած է, որ իր Քսյուշկան վերադարձել է իր մոտ՝ ինչպես և խոստացել էր: Ու հիմա ոչ ոք նրան հակառակը համոզել չի կարող: