Հայաստանը ենթարկվել է նաև էկոգաղութացման

Նախկին ազգադավ ու հանցավոր ռեժիմը չէր բավարարվում ժողովրդին կեղեքելով և պետությունը թալանելով: Նրա գիշատիչ քաղաքականության մյուս թիրախը մեր հայրենի բնությունն էր և նրա բնական պաշարները, ինչի հետևանքով երկիրը ենթարկվել է նաև էկոգաղութացման:
 
Ցավոք սրտի, համաժողովրդական ընդվզմամբ 2018 թ. ապրիլ-մայիսին ռեժիմին հեռացնելուց հետո էլ ըստ էության շարունակվում է նույն վերաբերմունքը բնության և նրա պաշարների նկատմամբ: Էկոգաղութարարները շարունակում են թալանել, սպառել ու թունավորել մեր բնությունը՝ մեզ և մեր ապագա սերունդներին զրկելով կյանքի միջավայրից ու պայմաններից:
 
Բնությունը խժռելու և թունավորելու այս գործընթացում աննախադեպ աղետալի հետևանքներ կարող է ունենալ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը:
 
Եթե մյուս հանքերի շահագործման բացասական հետևանքներն, այնուամենայնիվ, ունեն լոկալ տարածում և ազդեցություն, ապա Ամուլսարի հանքի շահագործումը՝ դրա տեղակայման և երկրաբանական համակարգի պատճառով, կարող է թունավորել Սևանա լիճը և ՀՀ գրեթե ամբողջ ջրային ավազանը՝ դառնալով ազգային աղետի պատճառ:
 
Ուստի բնապահպանությունը, տվյալ դեպքում՝ Ամուլսարի պահպանությունը, առաջին հերթին հայրենապահպանություն է, իսկ ամիսներ շարունակ Ամուլսարի շահագործումը խափանող մեր հայրենակիցները՝ առաջին գծում կանգնած քաղաքացիական ազատամարտիկներ:
Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը հայտարարում է, որ Հայաստանում չի կարող լինել հանքարդյունաբերության վրա հիմնված տնտեսություն:
 
Բնությունը չի կարող այլևս սպասել:
 
Օր առաջ պետք է ընդունվի կանաչ տնտեսության գերակայությամբ, այսինքն՝ տնտեսական շահի նկատմամբ բնապահպանական շահի գերակայության վրա հիմնված, տնտեսական զարգացման ռազմավարություն: Ըստ այդմ՝ տնտեսության կառուցվածքը պետք է փոխվի՝ հիմնվելով գիտահենք արդյունաբերության վրա, որի մեջ հանքարդյունաբերության ծավալները պետք է էապես կրճատվեն և այսօրվա հումքային արտահանման փոխարեն միտված լինեն վերջնական արդյունք ստանալուն:
 
Զուգահեռաբար՝ պետք է առաջանցիկ քայլեր կատարվեն 4-րդ արդյունաբերական հեղափոխության միջազգային հունի մեջ մտնելու և այդ ընթացքում հանքարդյունաբերության բաղադրիչը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
 
Որպես առաջին քայլ՝ պետք է արգելվի բնապահպանական միջազգային բարձր չափանիշներին չհամապատասխանող հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունը և նրանք պետք է փոխհատուցեն բնությանը հասցված վնասը:
 
Ամուլսարի, ինչպես նաև շատ այլ հանքարդյունաբերական ծրագրերի պարագայում, առնվազն հիմնավոր կասկածի մակարդակով, առկա է շահագործման արտոնագրերի տրամադրման կոռուպցիոն պատկեր, ուստի այդ ուղղությամբ արդյունավետ քննությունը լավագույն միջոցը կդառնա Հայաստանի հետ միջազգային դատարանների սպառնալիքի լեզվով խոսելու նկրտումներ ցուցաբերող էկոգաղութարարներին:
 
Ողջունում և զորակցում ենք Ամուլսարի հայրենատեր ու բնապաշտ քաջարի պահապաններին և մեր հայրենակիցներին կոչ ենք անում աջակցել նրանց և տեր կանգնել Ամուլսարին ու հայրենի բնությանը:
Ամուլսարը սար է մնալու:
 
Մենք ենք տերը մեր երկրի: