ՀԶՈՐՆԵՐԻ ԹՈՂՏՎՈՒԹՅԱՄԲ

ՄԱԿ-ն ու «միջազգային հանրությունը»՝ նույն հարթակին

Մինչ աշխարհի հզորագույն երկրները, կարծես խոսքները մեկ արած, սիրիական խնդրի հանգուցալուծման բանալի են դարձրել «Ասադը պետք է հեռանա» կարգախոսը, շարունակում են հանդուրժել նրա հարևան Թուրքիայի առաջնորդին, որը իրեն երես առած տհասի պես է պահում:

«Բարեփոխված» Թուրքիան այնքան է չափն անցկացրել, որ Սիրիայի արտգործնախարարը ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել ՍԱՀ տարածքում Անկարայի վարած քաղաքականությունը և նրան հարկադրել, որ վերջ տա կրկնվող հարձակումներին ու սահմանային խախտումներին: Հայտարարության մեջ նաև նշված է, որ Թուրքիայի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի չափորոշիչներին,  ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությանը և բարիդրացիության սկզբունքին: Այս հայտարարությունը, ըստ երևույթին, հետևել է ապրիլի 26-ին Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքական զինուժի կողմից քրդական պաշտպանական դիրքերին օդային հարված հասցնելուն, որի ժամանակ, թուրքական կողմի տարածած տեղեկությունների հանաձայն, 70 քուրդ զինյալ է զոհվել:

- Սիրիայի Արաբական Հանրապետությունը պահանջում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կատարի միջազգային պարտավորությունները և զսպի Անկարային,-ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ նշված է ՄԱԿ-ին ուղղված նամակում:

ԵԽԽՎ-ն, ինչպես հայտնի է, Թուրքիան նորից առել է մոնիթորինգի տակ, որին Էրդողանը  պատասխանել է, թե իրենք դա չեն ճանաչելու: Նորաթուխ սուլթանը քննադատել է այն երկրներին, որոնք կոչ են անում դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները, ապա և բարոյականության դաս է տվել ամբողջ Եվրոպային.

- Քանի դեռ Եվրոպան անկեղծ կլինի, Թուրքիան հավատարիմ կմնա բանակցային գործընթացին և ի տարբերություն ԵՄ-ի՝ ոչ մեկի դեմքին դուռը չի փակի:

Չի ուշացել նաև սպառնալիքը՝ եթե գործընթացը ձգձգվի, իրենք չեն հապաղի ԵՄ-ին անդամակցելու հարցը հանրաքվեի դնել: Ապրիլի 16-ի հանրաքվեի գնահատականները նույնպես չի անտեսել. նրա կարծիքով՝ Սահմանադրական դատարանը և ՄԻԵԴ-ը դրա արդյունքներին գնահատական տալու իրավունք չունեն: Փաստորեն ինքն իրավունք ունի բոլորի վրա հոխորտալ, իսկ միջազգային կառույցները ոչ մի իրավունք չունեն:

Թե ինչպես է ՄԱԿ-ը այս ամենի տակից դուրս գալու` դժվար է ասել: Մի բան հաստատ է՝ ո´չ որևէ ծանրակշիռ որոշում է կայացնելու, ո´չ էլ փորձելու է վճռական գործողություններով սանձել Թուրքիային: Սիրիայի ԱԳ նախարարը նաև միջազգային հանրությանն է կոչ ուղղել: Ցավոք՝ սա մի այնպիսի անդեմ ու անկամ զանգված է, որից ոչինչ կախված չէ: Պարզապես այս բառակապակցությունն օգտագործվում է մեծ խաղացողների այս կամ այն ձեռնարկումն արդարացնելու համար:

Այնպես որ` սրան վրա նույնպես հույս դնել չարժե…