ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺ Է

Հայաստանը կստեղծի ռազմական բլո՞կ

Հայաստանն  ու Հնդկաստանը  քննարկում  են երկկողմ  ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Այս մասին  Հայաստանում հայտարարել է Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին: 

Հայտարարությունը պատահական չէ, քանի որ  Հնդկաստանը լարված հարաբերություններ ունի Պակիստանի հետ: Վերջինս էլ՝  ռազմատեխնիկական համագործակցություն՝ Ադրբեջանի հետ: 

 

Ընթերցողը գուցե հարցնի՝ ինչ կապ ունեն Պակիստան-Հնդկաստան լարված հարաբերությունները հայ-հնդկական հարաբերությունների հետ:  Ուղիղ կապ, իհարկե, չկա, բայց Պակիստանը տարբեր համաժողովներում Բաքվի հրահանգով քննադատում է Հայաստանին: Ավելին՝ մինչ օրս այդ երկիրն անգամ չի ճանաչել Հայաստանի  անկախությունը՝ չնայած Պակիստանի մանդարիներն անարգել հայկական շուկա են մտնում:

Այս համատեքստում  հայ-հնդկական ռազմական համագործակցությունը հասկանալի  ու փոխշահավետ է դառնում: Ընդ որում,  Հայաստանի ռազմական համագործակցությունը միայն Հնդկաստանի հետ չէ: Արդեն մի քանի տարի է, որ ռազմական համագործակցություն կա Հայաստանի և Հունաստանի միջև՝ թեև երկու երկրները ռազմական տարբեր միավորումների կազմում են:

 Թե ինչպես կառարկայանա  երկու երկրների նոր համագործակցությունը՝ պարզ կլինի ժամանակի ընթացքում, բայց մի բան ակնհայտ է՝ Հայաստանն աստիճանաբար թոթափում է Ռուսաստանի կցորդի անարժանապատիվ համարումը, միջազգային ասպարեզում ամրապնդում իր դիրքերը  և ընկալվում է որպես ինքնուրույն սուբյեկտ:

Ի դեպ, գուցե երազանք թվա, բայց ապրիլյան պատերազմից հետո  խոսակցություններ կային ՀԱՊԿ-ից,ՆԱՏO-ից հետո  Հայաստանի նախաձեռնությամբ  ռազմական երրորդ բլոկիստեղծման մասին: Հուսանք՝ դա մոտ ապագայում իրականության  կդառնա: