Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստան է վերադառնում

ՀԵՂԱՓՈԽՈւԹՅԱՆ ՀՈ՞Տ Է ԱՌԵԼ

Վրաստանի իշխանության գլխավոր ընդդիմադիր գործիչ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հաղորդել է, որ հոկտեմբերի 2-ի երեկոյան հայրենիք է վերադառնում։
 
Վրաստանի իշխանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Վրաստանում նա հեռակա դատապարտվել է Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով հանցանշաններ թաքցնելու և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի կազմակերպման համար։ Վրաստանի օրենսդրությունը դատապարտվածներին և դատվածություն ունեցողներին արգելում է պետական ծառայության անցնել։ Մեծ է հավանականությունը, որ Սաակաշվիլին կալանավորվելու է հենց օդանավակայանում։
 
Սաակաշվիլին տեսաուղերձ է հրապարակել Facebook-ում, իսկ մեկնաբանություններում տեղադրել է Կիև-Թբիլիսի չվերթի ավիատոմսի պատճենը։ Սաակաշվիլին Թբիլիսի է ժամանելու հոկտեմբերի 2-ին, ժամը 23:05, իր մոր՝ Գիուլի Ալասանիայի հետ։
 
Սաակաշվիլիի խոսքով՝ երկրի ճակատագիրը կանխորոշելու են հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և ինքը չի կարող անտեսել այդ գործընթացը։
 
- Մենք բոլորս պետք է գնանք ընտրությունների և քվեարկենք, արձանագրենք մեր դիրքորոշումը։ Հենց ընտրատեղամասերը փակվեն, մենք պետք է դուրս գանք մեր քաղաքների և գյուղերի կենտրոններ և միասին պաշտպանենք մեր հաղթանակը։
 
Վճռվում է Վրաստանի ճակատագիրը, մեր գոյության ճակատագիրը, ես չեմ կարող անմասն մնալ այդ ամենից։
 
Օգոստոսի 8-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայում հանդիպել էր նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Հանդիպումից մեկ օր առաջ Ղարիբաշվիլին հայտարարություն էր արել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասին։
 
- Մենք փողկապների մեծ հավաքածու ունենք՝ նրան դիմավորելու և բանտում հարմարավետություն ապահովելու համար,- ասել է Ղարիբաշվիլին։
 
Միխեիլ Սաակաշվիլին ներկա պահին Ուկրաինայի քաղաքացի է։ Ուկրաինայի նախագահը 2020 թ․-ի մայիսին նրան նշանակել է Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։
 
Միխեիլ Սաակաշվիլիի նախորդ հայտարարությունն այն մասին, որ Վրաստան է վերադառնում, նա արել էր անցյալ տարվա օգոստոսի 27-ին։
 
Վրաստանում ՏԻՄ ընտրությունները կայանալու են այս տարվա հոկտեմբերի 2-ին։ Ընդդիմությունը հույս ունի, որ, այս ընտրություններում հաղթանակ տանելով, կարող է հասնել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման։
 
JAMnews, Թբիլիսի