«Ադրբեջանն օգտվում է Արևմուտք-Ռուսաստան առճակատումից». կարծիք Հայաստանից

ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐՔՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻՑ

Երևանը չի մերժել Թբիլիսիում եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկը: Բաքվից հնչող հայտարարություններին ի պատասխան ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակը:
 
Բաքվի գլոբալ ֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահն ասել էր, թե Հայաստանը հրաժարվել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով Թբիլիսիում եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկից:
 
Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ շեշտելով, որ «այդ ինստիտուտն այևս չի գործելու»։ Մինչդեռ հայկական կողմն իր բոլոր հայտարաություններում շեշտում է հենց այդ ձևաչափով Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու նպատակահարմարության մասին։
 
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ Ադրբեջանն օգտվում է Արևմուտք-Ռուսաստան առճակատումից՝ խաղալով ավելի ազատ ու համարձակ: Բաքուն ստեղծված իրավիճակից մեծ օգուտ քաղելու համար օգտագործում է նաև այն հանգամանքը, որ ուկրաինական պատերազմի արդյունքում որոշակիորեն բարձրացրել է Ադրբեջանի նշանակությունը՝ որպես էներգետիկ աղբյուր:
 
«Չեմ կարողանում հիմնավոր բացատրություն գտնել»․ Ալիևի հայտարարությունը
 
Ալիևի պնդմամբ՝ արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպում կազմակերպելու գաղափարը Վրաստանի իշխանությունները ողջունել են, պաշտոնական Երևանը՝ մերժել.
 
- Ցավոք սրտի, Հայաստանը հրաժարվել է։ Պատճառն ինձ հայտնի չէ։ Ես չեմ կարողանում հիմնավոր բացատրություն գտնել,- ասել է Ադրբեջանի նախագահը:
 
Ալիևն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը՝ պնդելով, որ այն անհրաժեշտ չէ, ներկա պահին հրատապ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։
 
- Մենք արդեն մեսիջ ենք ստացել, որ Մինսկի խմբի ինստիտուտն այևս չի գործելու,- հայտարարել է նա:
 
Երևանի արձագանքը
 
Պաշտոնական Երևանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագայի վերաբերյալ Ալիևի պնդումներին չի արձագանքել: Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է միայն Թբիլիսիում հանդիպելու առաջարկին.
 
- Մենք ոչ միայն չենք մերժել, այլև մշտապես դրական ենք արտահայտվել նման հավանական հանդիպման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել հանդիպման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ,- «Արմենպրես»-ին ասել է Հունանյանը:
 
Փորձագիտական կարծիք
 
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Ալիևի վերջին հայտարարության մեջ կա երկու հռետորաբանություն՝ շանտաժի և իբր խաղաղության պատրաստակամության: Ասում է՝ պաշտոնական Բաքուն այս երկուսը զուգորդում է հետպատերազմյան ողջ ընթացքում:
 
- Ալիևը փորձ է անում տեղծել տպավորություն, որ ինքը պատրաստ է քաղաքական, դիվանագիտական և տնտեսական գործակցության, մերժողը Երևանն է,- JAMnews-ի հետ զրույցում նշեց Բադալյանը:
 
Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ իր արձագանքով պաշտոնական Երևանն ուզում էր ցույց տալ, որ Ադրբեջանի համար նմանատիպ խոսակցություններն ինքնապատակ են, Բաքուն պատրաստ չէ հարցերի քննարկմանն ու լուծմանն ուղղված գործուն ձևաչափերի:
 
- Ադրբեջանի համար դրանք ընդամենը միջոց են իր ռեսուրսային և դիրքային առավելությունը իրացնելու, կապիտալիզացնելու համար: Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի նկատմամբ,- ընդգծեց փորձագետը:
 
Բադալյանն ասում է՝ Երևանի արձագանքի մյուս մեխն այն էր, որ ռեգիոնալ գործակցությունը պետք է բերել առարկայական՝ ճանապարհային քարտեզի դաշտ: Այս դեպքում ևս, ըստ նրա, արդյունքը երաշխավորված չի լինելու, սակայն արտահայտվելու է կողմերի՝ արդյունք արձանագրելու տրամադրվածությունը:
Անդրադառնալով Մինսկի խմբի չգործելու մասին Ալիևի հայտարարությանը՝ քաղաքական մեկնաբանը շեշտեց, որ պաշտոնական Երևանն իր դիրքորոշումը հայտնում է պարբերաբար, Բաքվից եկող յուրաքանչյուր հայտարարությանն արձագանքելու կարիք չկա:
 
Խմբի աշխատանքն, ըստ Բադալյանի, մեծապես կախված է համանախագահող երկրների փոխարաբերություններից, որոնց վրա Հայաստանն ու Ադրբեջանը մեծ ազդեցություն չունեն:
 
- Եթե ֆորմատը ներքին՝ երեք երկրների [ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան] միջև հարաբերությունների բերումով ունենա աշխատելու պատրաստակամություն և մտադրություն, Ադրբեջանը չունի բավարար քաղաքական կշիռ դրան դիմադրելու համար: Հիմա Ալիևը փորձում է օգտագործել պահն ու առաջ մղել իր օրակարգը՝ առնվազն հռետորաբանության մակարդակում:
 
Բադալյանի խոսքով՝ թեև Ֆրանսիան ու ԱՄՆ-ն դեռևս չեն աշխատում ՌԴ հետ, բայց Մոսկվան այս ֆորմատի գործունեությամբ շահագրգռված է:
 
- Մոսկվայի համար շատ կարևոր է, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ընդունեն Կովկասում իր առանձնահատուկ դերը, հայ-ադրբեջանական խնդիրը կառավարելու գերիշխող դիրքը: Միևնույն ժամանակ Ռուսաստանը փորձում է համանախագահության ձևաչափը պահպանել որպես առավելություն ռեգիոնալ հարցերում՝ Թուրքիայի և Իրանի հետ աշխատանքի համատեքստում,- նշեց փորձագետը:
 
Պաշտոնական Բաքուն այսօր հաղորդել էր, թե հայկական կողմը կրակ է բացել սահմանի արևելյան ուղղությամբ, Երևանը հերքել էր այս տեղեկությունը: Ըստ Բադալյանի՝ նմանատիպ հաղորդագրությունները սպասարկում են Ադրբեջանի հիմնական խնդիրը, այն է՝ «խաղաղության գործընթացի իր օրակարգն ամրագրել, իր պայմանները թելադրել»:
 
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել էր հաղորդագրություն այն մասին, թե հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։
 
Փորձագետի գնահատմամբ՝ Բաքվի համար սա ոչ միայն Երևանի վրա ճնշում բանեցնելու ձև է, այլև արտաքին կենտրոնների հետ աշխատանքի գործիք:
 
Ըստ նրա՝ Ադրբեջանն օգտվում է Արևմուտք-Ռուսաստան առճակատումից՝ խաղալով ավելի ազատ ու համարձակ: Ինչ ուղղությամբ և օրակարգով՝ Բադալյանը դժվարացավ ասել: Նշեց միայն, որ ուկրաինական պատերազմի և դրա հետևանքների արդյունքում որոշակիորեն բարձրացրել է Ադրբեջանի նշանակությունը՝ որպես էներգետիկ աղբյուր: Հենց այս հանգամանքն է փորձում օգտագործել Ալիևը՝ ստեղծված իրավիճակից մեծ օգուտներ քաղելու համար:
 
Նյութի աղբյուր՝ JAMnews