Վերջին տարիների ամենամարդաշատ հանրահավաքը Վրաստանում

«ԴԵՊԻ ՏՈՒՆ՝ ԵՎՐՈՊԱ»

Հանրահավաքի ընթացքում հայտարարվել է «Վրաց ժողովրդի մանիֆեստը», որը, ըստ հավաքի կազմակերպիչների, նշանակում է երկրի կյանքում նոր փուլի և նոր պայքարի սկիզբ։
 
- Հունիսի 24-ին Թբիլիսիում նոր լայնածավալ հանրահավաք կանցկացվի այն բանից հետո, երբ Եվրամիությունը կհայտարարի Վրաստանի կարգավիճակի վերաբերյալ վերջնական որոշումը։
 
- Կստեղծվի «Դեպի տուն՝ Եվրոպա» հասարակական նոր շարժում:
 
- Կստեղծվի Ազգային խորհուրդ, որը կդառնա նոր շարժման ղեկավար մարմինը։ Խորհրդի կազմում կլինեն քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, ուսանողներ, հասարակական, մշակութային և արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
- Խորհրդի շրջանակներում խմբերը կմշակեն համաձայնեցված պահանջներ, որոնք կներկայացվեն կառավարությանը՝ իրականացման համար:
 
- Եթե այս պահանջները չկատարվեն, նոր համաժողովրդական շարժումը անհնազանդություն կսկսի ամբողջ երկրում:
 
«Վրաստանի բոլոր շրջաններն ու քաղաքները ոտքի կկանգնեն, որպեսզի ոչ բռնի դիմադրության ալիքը ցրի բոլոր նրանց, ովքեր արգելափակում են մեր երկրի մուտքը Եվրոպա»։
 
Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ անցկացվել է վերջին տարիների ամենախոշոր հանրահավաքը՝ ի աջակցություն Վրաստանի եվրոպական կուրսի։
 
Հանրահավաքին հավաքված հազարավոր մարդկանց նպատակն էր ցույց տալ վրաց ժողովրդի հավատարմությունը Եվրոպային և եվրոպական արժեքներին։
 
Այս գործողությունը նախորդել է Վրաստանի համար կարևոր որոշմանը, որը Եվրամիությունը պետք է ընդունի հունիսի 24-ին։ Այդ օրը կորոշվի Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը։
 
Գլխավորը՝
 
● Լրագրողներն ու քաղաքացիները, ովքեր տարիներ շարունակ մասնակցել են Թբիլիսիի հանրահավաքներին կամ լուսաբանել դրանք, ասում են, որ Ռուսթավելի պողոտայում երբեք այդքան մարդ չէին տեսել։ Ցույցին ներկա է եղել առնվազն 120 հազար մարդ, հայտնում է Netgazeti անկախ կայքը։ Առավելագույն գնահատականը 160000 մարդ է։
 
● Հանրահավաքի կարգախոսն էր՝ «Դեպի տուն՝ Եվրոպա»: Նպատակն էր աջակցել երկրի եվրոպական կուրսին։ Հունիսի 24-ին Վրաստանը սպասում է Եվրամիության կարևոր որոշմանը թեկնածուի կարգավիճակի տրամադրման վերաբերյալ։ Նախնական պատասխանը հայտնի է՝ Վրաստանի շանսերը նվազագույն են։ Եվրահանձնաժողովը առաջարկել է կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային, բայց ոչ Վրաստանին։ Վրաստանին, ամենայն հավանականությամբ, կտրվի երկար ցուցակն այն պայմանների, որոնք պետք է կատարվեն նախքան թեկնածուի կարգավիճակ ստանալը: Հասարակությունը կարծում է, որ Եվրահանձնաժողովի այս առաջարկը հրահրվել է իշխանության հակաարևմտյան հռետորաբանությամբ, ուկրաինական պատերազմի վերաբերյալ նրա դիրքորոշմամբ։ Նախագահ Զուրաբիշվիլին նույնպես մեղադրում է կառավարությանը.
 
● Հանրահավաքը կազմակերպված չէր քաղաքական որևէ կուսակցության կողմից։ Քաղաքական գործիչները խոսափողի մոտ չէին, թեև հանրահավաքին մասնակցում էին գրեթե բոլոր արևմտամետ քաղաքական կուսակցությունների առաջնորդները։
 
● Հանրահավաքը կազմակերպել էր «Ամոթ» քաղաքացիական շարժումը։ Այս շարժումը ստեղծվել է ուղիղ երեք տարի առաջ՝ 2019 թվականի հունիսի 20-ին, այսպես կոչված՝ Գավրիլովի գիշերվանից հետո, երբ վրացական իշխանությունները ուժով ցրեցին խաղաղ ցուցարարներին։ Այս շարժման մասնակիցների միջին տարիքը 25-30 է։ Նրանք քննադատում են կառավարությանը, թեև որևէ կուսակցության անդամ չեն: 2019 թվականին «Ամոթ» շարժումը մշտական ակցիաներ է անցկացրել գրեթե ամբողջ տարի։ Ի վերջո, այս բողոքը (ինչպես նաև ընդդիմության և եվրոպացի գործընկերների զուգահեռ ակտիվությունը) ստիպեց իշխանությանը ընդունել խորհրդարանական ընտրությունների համամասնական համակարգ։
 
Լրատվության աղբյուր՝ JAMnews