Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լոլիկ-խնձորային պատերազմը շարունակվում է

Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի և Մոսկվայի հարաբերություններին, ապա դրանք վատթարացան 2020 թվականի վերջին, երբ Ռուսաստանը գրեթե բռնի կերպով դադարեցրեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և իր բանակն ուղարկեց Ղարաբաղի այն հատված, որտեղ ապրում է Ադրբեջանի հայ բնակչությունը։ Հենց այդ ժամանակ էլ սկսվեց այս լոլիկ-խնձորային «իդիլիան»։
 
Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից թարմ լոլիկի, կարտոֆիլի և կեռասի խոշոր խմբաքանակի ներմուծումն իր տարածք։ Շատ փորձագետներ Ռուսաստանի՝ սահմանին հարևան երկրների նկատմամբ նման միջոցներ կիրառելը քաղաքականապես արդարացված են համարում։ Ադրբեջանցի փորձագետ Ասիմ Քերիմովի կարծիքով՝ այս դեպքում նույնպես չարժե հավատալ ռուսական կողմի պաշտոնական հայտարարությունների անկեղծությանը, սակայն դրանով Ռուսաստանն առաջին հերթին վնասում է ինքն իրեն։
 
 
Ի՞նչ է տեղի ունեցել
 
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հայտարարել է Ադրբեջանից Ռուսաստանի Դաշնություն 530,6 տոննա բուսաբուծական արտադրանքի ներմուծման արգելքի մասին։
 
Հղում անելով ծառայությանը՝ «Ինտերֆաքս»-ը հաղորդում է, որ 2022 թվականի հունիսին Ադրբեջանից Ռուսաստան չի թույլատրվել ներմուծել 30 խմբաքանակ՝ 320,9 տոննա լոլիկ, 99,8 տոննա կարտոֆիլ և 109,9 տոննա կեռաս։
 
Ապրանքների վերադարձի պաշտոնական հիմնավորումը եղել է «կարանտինային վնասակար օբյեկտների՝ հարավամերիկյան լոլիկի ցեցի (Tuta absoluta Povolny), կարտոֆիլի ցեցի (Phthorimaea operculella (Zeller) և արևելյան ցեցի (Grapholitha molesta)» հայտնաբերումը։
 
Նախապատմություն
 
Ռուսական կողմից Ադրբեջանի գյուղմթերքի վերադարձի պատմությունը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից գրեթե անմիջապես հետո։
 
Այդ ժամանակվանից Ռուսաստանը պարբերաբար արգելում է Ադրբեջանում արտադրված թարմ լոլիկի և խնձորի ներմուծումն իր տարածք։ Հետաքրքիր է, որ նման արգելքները գրեթե միշտ համընկել են Մոսկվայի և Բաքվի միջև լարվածության աճի հետ:
 
Բայց Ուկրաինայի դեմ ռուսական օկուպացիոն պատերազմի բռնկումից և միջազգային աննախադեպ պատժամիջոցների կիրառումից հետո Մոսկվան մեղմացրեց իր վերաբերմունքը արտասահմանից բանջարեղենի և մրգերի ներմուծման նկատմամբ։ 2022 թվականի մարտի 5-ից Ռոսսելխոզնադզորը չեղարկեց հինգ երկրներից բուսաբուծական արտադրանքի մատակարարման՝ նախկինում կիրառված սահմանափակումները։
 
- Թույլատրվում է ներմուծել խնձոր Ադրբեջանից, տանձ Բոսնիա և Հերցեգովինայից, կորիզավոր մրգեր և ընկույզներ Չինաստանից, կորիզավոր և հատիկավոր մրգեր Մոլդովայից և Սերբիայից, ինչպես նաև կարտոֆիլ Բանգլադեշից,- ասված է գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ։
 
Ի՞նչ է տեղի ունեցել այս անգամ, և ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստան ադրբեջանական գյուղմթերքի ներկրման հերթական արգելքը։ JAMnews-ն այս հարցով դիմել է փորձագետ Ասիմ Քերիմովին.
 
Մեկնաբանություն
 
Քերիմովի խոսքով՝ ադրբեջանական արտադրանքի վերադարձի հետ կապված ներկայիս միջադեպը ոչնչով չի տարբերվում նախորդներից.
 
- Անկեղծ ասած, բացի արտադրողներից, որոնք, բնականաբար, մեծ վնասներ են կրում նման փաստերի պատճառով, ոչ ոք լուրջ չի վերաբերվում Ռոսսելխոզնադզորի այն պաշտոնական հաղորդագրություններին, որտեղ մատնանշվում են անհասկանալի անուններ վնասատուների, որոնք իբր հայտնաբերվել են ապրանքներում:
 
Անհասկանալի է միայն այն, թե ինչու են ռուսական պետական կառույցներն այդքան իրարից անտեղյակ աշխատում։ Ի վերջո, վաղը սպասվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու, և բոլոր հարցերը հնարավոր կլիներ լուծել դիվանագիտական ճանապարհով՝ առանց նույն լոլիկի արգելքի։
 
Իսկ ռուսական բանակի մուտքով Ուկրաինայի ինքնիշխան տարածք հարաբերություններն ավելի վատթարացան։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և վիճելի հարցերի լուծման ժամանակ միշտ վկայակոչում է միջազգային իրավունքի պահպանումը։
 
Մոսկվայում ինչ-որ մեկին այս մոտեցումը դուր չի գալիս։ Եվ այս հինգ ամիսների ընթացքում մենք արդեն ականատես եղանք տեղեկատվական կայքերի արգելափակումների, նույնիսկ միջուկային զենքի կիրառման ապառնալիքի։ Այդ ամենը հենց այնպես չէ:
 
Թարմ օրինակ բերեմ: Արդեն երկու օր է, ինչ Խանքենդի (Ստեփանակերտ) քաղաքն անհետացել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության քարտեզներից։ Խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքի քարտեզներում այն պարզապես չկա։ Կարծում եք՝ ՌԴ ՊՆ-ն մոռացե՞լ է քարտեզների վրա դնել քաղաքի անունը։ Ոչ, այն միշտ եղել է այդտեղ։ Սա, հավանաբար, Մոսկվայից Երևանին ուղղված ինչ-որ մարտահրավեր է։
Ահա այսպիսի մեթոդներով էլ աշխատում են Կրեմլում: Ինչ-որ մեկին ակնարկում են քաղաքի չգոյության մասին, մյուսին՝ լոլիկի ներկրման արգելքի։
 
Հետաքրքիր է նաև այն, որ արգելելով արտասահմանից գյուղմթերքի ներկրումը, Ռուսաստանը վնասում է ինքն իրեն։ Միջազգային ամենախիստ պատժամիջոցների ժամանակաշրջանում, երբ երկրում առանց այդ էլ բացակայում է անհրաժեշտ ամեն ինչ, արգելել ապրանքների ներմուծումը, մեղմ ասած, այնքան էլ խելամիտ չէ։
JAMnews