Հակակշիռ՝ կառավարությանը

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների առավելություններից մեկը կարծես նկատում ենք: Ջատագովները  կարևորում էին օրենսդիր և գործադիր  կառույցների հակակշիռը: Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին   տալով կադրերի նշանակման ազատություն,  ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բնականաբար,  չէր կարող կառավարության ձևավորմանն անմասն  մնալ: 

Ըստ լուրերի՝ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև հիմնական տարակարծությունները եղել է ՊԵԿ նախագահի նշանակման  ժամանակ: Ի վերջո՝ ՊԵԿ նախագահի պաշտոնը բաժին ընկավ  Կարեն Կարապետյանի վստահելի անձանցից Վարդան Հարությունյանին:

Ու ահա  Սերժ Սարգսյանը ՊԵԿ-ի նախկին նախագահ և նախկինում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին կրկին նշանակել է վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում: Հիշեցնենք՝ Հ. Հովսեփյանն այդ նույն պաշտոնը զբաղեցրել էր՝ 2008-2016 թթ-ին,իսկ անցած գարնանը Ս. Սարգսյանը նրան ազատեց այլ պաշտոնի՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու համար: Բայց ՊԵԿ նախագահի պաշտոնը Հովհաննես Հովսեփյանը զբաղեցրեց ընդամենը կես տարի:

Մինչ այս նշանակումը Հովհաննես Հովսեփյանն «անգործ»էր: ՀՀԿ ղեկավարը նրան էր վստահել ԱԺ-ի նախընտրական գործընթացները: Մասնավորապես, նա վերահսկել է վարկանիշային թեկնածուներին, որպեսզի  որևէ մեկը  մյուսից չփորձի ձայն հափշտակել:

Այս նշանակումը հետաքրքիր  է այնքանով, որ  կառավարությունը, նոր Սահմանադրությամբ ունենալով մեծ լիազորություններ, «միայնակ»չի մնում. նախագահական ապարատը հսկելու է կառավարության գործունեությունը: Առավելևս, Հովհաննես Հովսեփյանը ղեկավարել է ՊԵԿ-ը. ասել է թե՝ քաջատեղակ է համակարգի բոլոր նրբություններին՝ ներառյալ ներքին «խոհանոցը»: Դե, իսկ ՊԵԿ-ից դեռևս կան դժգոհություններ: 

Հուսանք՝  Հովհաննես Հովսեփյան-Վարդան Հարությունյան տանդեմը, համակարգի համար շահեկան հակակշիռ կդառնան՝ վերահսկողության միջոցով փոխլրացնելով միմյանց. ոչ թե քաղաքական «պատժիչ»  նպատակներով , այլ պատկան  կառույցները կատարելագործելու համար: