Երկիրս «մասնավորեցվում» է
ԴԱՌԸ ՓՈՐՁԸ ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌԵԼ
Պետությունն ինչո՞ւ պետք է լինի վատ կառավարիչ, որ պետական շենք-շինությունները մասնավորեցվեն: Մեր հայրենակիցները «խոպան»են գնում՝ մի կտոր հաց վաստակելու, իսկ մեր երկիրը դառնում է խոպան՝ նաև օտարների համար: Ընդորում՝ ոչ թե մի կտոր հացի չափով աշխատանք տալով ապրուստի միջոց չգտնողներին, այլ կարևոր նշանակության կառույցներ սեփականաշնորհելով:
Անհանգստությունն անտեղի չէ, քանի որ կառավարությունը հավանության է արժանացրել մոտ 3 տասնյակ շինությունների մասնավորեցման մասին օրինագիծը:
Հետաքրքիր է, որ համատարած այս մասնավորեցման գործընթացում անտեսվում է Արշակունյաց 2ա հասցեում գտնվող Մամուլի տունը: Այն կոմունիստները կառուցել էին լրատվամիջոցների աշխատակիցների կուսանդամավճարներով: Այսօր այդ շենքի վիճակը մխիթարական համարել չի կարելի. պետական միջոցները սուղ են: Այդ դեպքում ինչո՞ւ այն ևս չի մասնավորեցում՝ այնտեղ վարձակալությամբ տարածք ունեցողներին:
Ուսումնասիրելով մասնավորեցվող շինությունների ցանկը՝ տեղեկանում ենք, որ մասնավորեցման ենթակա շինությունների շարքում կան թչ միայն առողջապահության, հյուրանոցային համալիրներ, այլև պետական ու ռազմավարական նշանակության օբյեկտներ: Օրինակ, Կառավարության ընդունելությունների տունը, Հայփոստը:
Եթե մասնավոր բիզնես կառույցների սեփականաշնորհումը տարիների ընթացքում ինչ-որ կերպ արդարացել է, բերել է եկամուտներ, նպաստել զբոսաշրջության զարգացմանը, ապա ինչպե՞ս հասկանալ Հայփոստի մասնավորեցումը: Պատմության փորձը ցույց է տալիս, որ երկրում մայդանային, հեղափոխական իրավիճակ ստեղծելու համար հարձակվում են հեռահաղորդակցության օբյեկտների վրա: Հիշենք ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խումբը, որի մեջ ներգրավված էր եղել հանրային հեռուստատեսության աշխատակից: Արդյո՞ք այս գործոնն ու նախադեպը հաշվի է առել գործադիր մարմինը:
Պետական կառույցների մասնավորեցման անհաջող փորձ եղել է մշակութային արժեք համարվող Հայֆիլմի շենքի մասնավորեցումը: Որոշ ժամանակ անց այն ավերակների վերածվեց: Իրավիճակն այնքան մտահոգիչ էր, որ պետությունը մասնավորից հետ վերցրեց շենքն ու վերապետականացրեց:
Սեփականաշնորհվող օբյեկտների ցանկում են նաև առողջապահական կենտրոններ, որոնցից մեկից անվճար օգտվում է չունևոր խավը: Մասնավորեցումից հետո հազիվ թե ներդրողը համաձայնի անվճար ծառայություն մատուցել:
Մի խոսքով՝ վաճառում ենք պետական գույքը: Հետո, երևի հերթը կհասնի ամբողջական տարածքների. դիցուք՝ կմասնավորեցվեն գյուղական ու քաղաքային համայնքներ: Իսկ լավ վճարող գնորդները կարող են լինել նաև օտարներ, ովքեր ներդրումների անվան տակ մի լա˜վ կթալանեն արդեն կիսով չափ ավերակ դարձածը…
Հետաքրքիրն այն է, որ սեփականաշնորհումից բացի՝ կառավարության ղեկավարը չի խոսել այդ օբյեկտների հետագա ճակատագրի, մտահոգությունների ու սպասվելիք ներդրումների մասին: Հուսանք՝ գործադիրի ղեկավարը կանդրադառնա այս հարցերին: