Լավագույն պայմանագիրն աշխատատեղեր ստեղծելը կլինի

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ-Ի ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ

 
Եվրոպան կարծես թե թերագնահատում է Հայաստանը կամ էլ   հասկացնում՝ եթե մեզ հետ եք, կստանանք, ամեն ինչ, եթե ոչ՝ բավարարվեք փշրանքներով:  Այսպիսի եզրահանգում կարող ենք անել՝ լսելով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիստերի խոսքը Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին:
Ասվածը մասնավորապես վերաբերում է ԵՄ հետ ստորագրվելիք  նոր համաձայնագրին, որի շուրջ Հայաստանը բանակցում  է արդեն 2 տարուց ավելի:  
 
Հիշեցնենք. 2013-ին մեկ գիշերում, ինչպես պնդում են արևմտամետները, Հայաստանը դարձավ Մաքսային, ապա Եվրասիական տնտեսական միությունների անդամ՝ չնայած 3 տարի բանակցում էր   ասոցացման համաձայնագրի  ստորագրման համար:  ԵՏՄ անդամ դառնալուց հետո, հավանաբար, հայկական դիվանագիտական խողովակներով մերոնք եվրոպացիներին հասկացրին, որ նման որոշումը բխում էր Հայաստանի անվտանգությունից: Թերևս այդ պատճառով էլ աղմուկ-դժգոհությունից հետո եվրոդռները կիսաբաց թողեցին:
 
Սակայն նոր համաձայնագիրը, ըստ լավատեղյակների, ասոցացման համաձայնագրի նման արտոնյալ պայմաններ չի ընձեռելու մեր երկրին: ԵՄ հետ այդ փաստաթղթի ստորագրման հիմնական  նպատակն այն ժաանակ ազատ, անմաքս առևտրի գաղափարն էր:
 
Այս դրույթը ԵՄ հետ նոր պայմանագրում չկա, ու զարմանալի է, թե ինչո՞ւ և ինչո՞վ  է Դեյվիդ Մաքալիստերն այն կարևորում Հայաստանի բիզնես դաշտի համար:
ԵՄ ներկայացուցչի խոսքերը, թե հույս ունի, որ այս մանրակրկիտ և բարդ բանակցային գործընթացը կհասնի ավարտին՝ թերևս ուղղված է նաև Մոսկվային: Այսինքն, մտահոգություն կա, թե չլինի հանկարծ նախորդ անգամվա պես Ռուսաստանը  խոչընդոտի այս պայմանագրի ստորագրմանը: 
 
Մյուս կողմից, սակայն, Եվրոպայի կողմից տնտեսության, բիզնեսի դռները  փակ թողնելը շահեկան է դառնում Մոսկվայի համար: Վերջինս գույք-պարտքի դիմաց գործարքով գնել է Հայաստանի մի շարք ձեռնարկությունները, աշխատեցնում դրանք իր ուզածի պես ու հետո երեսով տալիս, թե միայն ինքն է դաշնակից երկրի համար աշխատատեղեր ստեղծում: 
 
Թե կոնկրետ քաղաքական ինչ պահանջներ է դնելու ԵՄ-ն այս համաձայնագրով՝ կհստակեցվի ստորագրումից հետո: Բայց հուսանք, որ քաղաքական պահանջների կատարումից հետո Եվրոպայի բիզնես դռներն էլ կբացվեն Հայաստանի համար: Ինչպես ասում էր Վասակ Մամիկոնյանը՝ մեր մի ոտքը մի լեռան վրա, մյուս ոտքը մյուս լեռան վրա կլինի: