Վերահսկիչ պալատի նախագահի ահազանգը

ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

2016 թ-ի պետական բյուջեի կատարողականի այսօրվա  քննարկումերին ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ուշագրավ հայտարարություն է արել:  Ըստ նրա՝ վարկային, դրամաշնորհային միջոցները պետք է սպասարկվեն գանձապետական համակարգի միջոցով: Հարց, որի մասին խոսվում էր  2008 թվականից, բայց ինչպես Յոլյանն է ասել՝ սայլը տեղից չի շարժվում:
 
- Պարզ տրամաբանություն է, որ եթե դրանք շրջանառվեն շատ ավելի թափանցիկ ու վերահսկելի, բնականաբար, մեր եզրակացությունն էլ շատ ավելի արդյունավետ կլինի: Կառավարությունը պետք է այդ հարցին ուշադրություն դարձնի:   
 
Պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները՝ հիմնադրամները, ՊՈԱԿ-ներն իրենց ֆինանսական ռեսուրսները նույնպես պետք է շրջանառեն գանձապետական միասնական հաշվով: Ցանկություն կա, բայց մինչև այս պահը սայլը տեղից դեռ չի շարժվել: Մեր եզրակացությունը շատ դեպքերում վիճակագրական բնույթ է կրում, բայց հիմա Սահմանադրությունը որակական նոր պահանջ է դրել:  2018-ից եզրակացությունը պետք է հիմնված լինի տարվա ընթացում իրականացված աուդիտի հիման վրա և մենք շատ հարցեր կներկայացնենք,- այսպես է հիմնավորել իր խոսքը Լևոն Յոլյանը: 
 
Ըստ էության, գործադիր մարմնի անդամն ակնարկել է կոռուպցիայի ու  ֆինանսների անարդյունավետ ծախսման անհրաժեշտությունը: Այս  թեման արդիական դարձավ  ԵՄ դրամաշնորհների  յուրացման մասին պաշտոնական հաղորդագրության հրապարակումից հետո: Մինչ այս էլ  ՎՊ-ի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն էր հայտարարել  բյուջեի 70 տոկոսը յուրացնելու մասին: 
 
Զարմանալին ու ցավալին այն է, որ օրենսդիր մարմնի անդամները չեն էլ փորձել Յոլյանից պատճառները ճշգրտել: Մյուս կողմից՝  հարցի հասցեատերը ոչ միայն Յոլյանն է, այլև կառավարությունը, իրավապահ համակարգը և, իհարկե, նախագականի վերահսկողական ծառայությունը: Հուսանք՝ Կարեն Կարապետյանը հետամուտ կլինի այս խնդրի լուծմանը, հակառակ դեպքում  խնդիրը սոսկ բարձրաձայնելով՝ ոչնչի չենք հասնի: 
 
ՎՊ նախագահն անդրադարձել է  նաև  իր ոլորտում կատարվող կադրային ջարդի մասին լուրերին: Խոսքն այն 14 աշխատակիցների մասին է, ովքեր դիմել են Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակին, քանի որ իրենց ազատել են օրենքի խախտմամբ: 
 
Ի պատասխան՝  հակասական  հիմնավորում է ներկայացրել  ՎՊ նախագահը: Նրա խոսքով՝ կառույցն իրականացնում է որոշակի փոփոխություններ, ինչի հետևանքով մի շարք աշխատակիցներ ուղարկվել են կադրերի  ռեզերվ։ Բայց Լևոն Յոլյանը նաև ասում է, որ կառույցը նոր կադրերով համալրման խնդիր ունի: Եթե 14 հոգին ունեն անհրաժեշտ հմտություններ ու մասնագիտական որակներ, ինչո՞ւ են նրանց ռեզերվ ուղարկել՝ թույլ չտալով շարունակել իրենց աշխատանքը, բայց վճարելով նրանց աշխաըավարձը:
 
Անհիմն սրախոսություն չի լինի, եթե ասենք, 6 ամիս (օրենքի պահանջով) նրանց աշխատավարձ տալով՝ ՎՊ-ն, հավանաբար, իր դեմ հետագայում հարուցվելիք դատական գործի ծախսերն է փոխհատուցում: