Լավագույն 1000-ի մեջ չկանք, բայց Օքսֆորդից հետ չենք մնում

Վերջերս հրապարակվել էր աշխարհի լավագույն 1000 համալսարանների ցանկը, որոնց թվում ոչ մի հայկական բուհ ընդգրկված չէր: Նույնիսկ Ադրբեջանից մեկ-երկու բուհ կար: Միջազգայնորեն ընդունված որոշակի չափանիշներ կան, որոնց հայկական բուհերը չեն էլ մոտենում: Ցավալի է, իհարկե. չէ՞ որ մենք կրթություն սիրող ազգ ենք: Միայն թե՝ կարծես ամեն ինչ չէ, որ միջազգային չափանիշներով է պայմանավորվում: Պարզվում է, որ լավագույն 1000-ի մեջ տեղ չունենալով՝ այնուամենայնիվ կարելի է հավասարվել, ասենք, Օքսֆորդի համալսարանին: Երևի հենց սա է, որ կոչվում է հայի բացառիկություն: 
 
Պարզվում է՝ ԵՊՀ-ի ծրագրավորողների թիմը «ACM¬ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել աշխարհի 103 երկրների 2948 համալսարանների մրցույթում, իսկ եզրափակիչում առաջատար համալսարաններ ներկայացնող 133 թիմերի շարքում 56-րդ տեղն է զբաղեցրել (Տեղեկությունը հաղորդել է «Թերթ» կայքը): 
 
Մեր տարածաշրջանում բարձր համարում ունեցող ոչ մի բուհ այս պատվավոր մրցույթում անգամ եզրափակիչ չի անցել: Երևանի պետական համալսարանը, փաստորեն, հավասարվել է աշխարհի լավագույն 54 համալսարաններին՝ եզրափակչում նրանց պես 4 խնդիր լուծելով: Մեր հասարակության մեջ բողոք կա նաև հանրակրթության որակի վերաբերյալ, սակայն այստեղ նույնպես միջազգային օլիմպիադաները կարծրատիպեր են կոտրում: Մեր երեխաները հաճախ աշխարհի գիտելիքների տարբեր մրցույթներից այնքան մեդալներ են բերում, որ կբավարարի անգամ զարգացած տնտեսություն ու բազմամիլիոն բնակչություն ունեցող երկրներին: 
 
Այս ամենը, իհարկե, չի նշանակում, թե սրանով կրթության բնագավառի մեր խնդիրները լուծվեցին: Սա միայն նշանակում է, որ մենք հսկայական ներուժ ունենք, որն ամբողջովին դրսևորելու համար ուրիշ երկրների լավագույն փորձը փոխ առնելը շատ քիչ է: Մի բան չպետք է մոռանալ՝ մեր սովորողներն ու մանկավարժները երբեմն ուղղակի հրաշքներ են գործում: Սրա հիմքում, հնարավոր է, գործի նկատմամբ ստեղծագործական մոտեցումն է, որն ամեն անգամ անսպասելի արդյունքներ է տալիս: Հենց ստեղծագործական ջիղն է, թերևս, որ մեր թույլ կրթակարգի պայմաններում մեկ էլ տեսար՝ թռիչք արձանագրեց: 
 
Համենայնդեպս՝ կրթական բարեփոխումներ իրականացնելիս լավ կլինի, այս ամենը հաշվի առնվի: Ցանկացած լավ սովորող երեխայի մեջ հնարավոր է հետաքրքրություն առաջացնելով, գիտելիքներ ձեռք բերելու մղելով, ճիշտ ուղղություն տալով՝ բարձունքների հասցնել: Հարկավոր է միայն նրանց հետ ճիշտ աշխատել: