Սայլը սկսել է տեղաշարժվել...

«ԱՄԵՆ ՄԵԿԸ ԻՐԱ ՀԱՐՍԻՆ ԹԱՆԿ Ա ԾԱԽՈՒՄ»

Երևանի 33-րդ` Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այս պահին քաղաքի տարբեր հատվածներում բնակարաններ են ընտրում.  այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։ Պաշտոնյայի խոսքով` Ֆիրդուսի անվամբ թաղամասի նախկին բնակիչներին այդ նույն տարածքում բնակարաններ չեն հատկացվելու: 
 
- Պաշտոնապես գիտեմ, որ մնացել են մոտ 20 ընտանիքներ, որոնց պետք է փոխհատուցում տրվի: Առհասարակ ճիշտ է, եթե մարդը ապրում է կենտրոնում՝ ցանկալի չէ, որ այդ լանդշաֆտը փոխվի,-  ասաց Նարեկ Սարգսյանը: 
 
Պաշտոնյան հիշեցրեց`քաղաքաշինության նախարարությունն իր ղեկավարությամբ նախկինում մշակել էր այդ տարածքի ամբողջ կառուցապատման նախագիծը, ըստ որի.
 
- Տարածքը  տուպիկային (հայերենն ավելի բարեհունչ չէ՞՝ փակուղային-խմբ.) վիճակում է: Նախագծով  առաջարկում ենք երեք փողոցներ կառուցել և մեկ մեծ հրապարակ: Ըստ ծրագրի՝ տարբեր մարդիկ, որոնք հետաքրքրված են կառուցապատում անելու, նրանք գալիս են, բանակցում են արժեքների վերաբերյալ:
 
Իսկ որքանո՞վ է ճիշտ՝ այդ տարածքի նախկին բնակիչներին ոչ թե նույն թաղամասում բնակարաններ հատկացնել, այլ  նրանց առաջարկել ապրել ծայրամասում: Մասնավորապես, Ֆիրդուսիի բնակիչներին առաջարկում են Նորք-Մարաշում բնակվել, սակայն ոչ բոլորն են դրան համաձայն: Ավելին` բնակիչների մի մասը դժգոհել է, որ իրենց համարժեք  փոխհատուցումներ չեն տալիս: Եթե այդ բնակիչների փոխարեն լիներ, օրինակ, Նարեկ Սարգսյանը, ինչպե՞ս կընդուներ այդ փաստը: 
 
- Ես այդ մարդկանց հետ խոսել եմ: Բազմաթիվ անարդարության դեպքեր են եղել, որ մենք միջամտել ենք: Գիտեք` ժողովուրդը ոնց ա ասում՝ ամեն մեկը իրա հարսին  թանկ ա ծախում: Մարդկանց բնակարանների գնահատումը մենք չենք անում, այլ անկախ շուկայում գործող լիցենզավորված կազմակերպություններ են,- ասաց  գործադիր մարմնի անդամը: 
 
Ինչո՞ւ են լիցենզավորված կազմակերպությունները գնահատումը կատարում ո՛չ հօգուտ բնակչի: Տպավորությունն այն է, որ  իշխանության որոշ ներկայացուցիչներ հաճույք են ստանում՝ «հանրային գերակա շահ» կոչվող պատրվակով մարդկանց իրենց տներից դուրս հանելով: Մի փոքր այլ ձևակերպմամբ հնչած այս հարցադրումը դուր չեկավ Նարեկ Սարգսյանին: 
 
-Լա՛վ էլի, սիրելիս: 
 
Բացի բնակիչներից` դժգոհ են նաև Ֆիրդուսիի տարածքի առևտրականները, ովքեր չեն ցանկանում  մոլերում ու այլ վայրերում առևտուր իրականացնել: Նարեկ Սարգսյանը դժվարացավ այս հարցին պատասխանել: 
 
Հիշեցնենք ամբողջ 7 տարի չարչրկվող այս խնդրի ժամանակագրությունը. 2007 թվականին 33-րդ թաղամասը (Հանրապետություն, Տիգրան Մեծ, Խանջյան, Ֆիրդուսի փողոցների ներքին հատվածը) ճանաչվել էր «հանրային գերակա շահ»։ Այնտեղ City center development ըներությունը պետք է լայնածավալ նախագիծ իրականացներ։ 33-րդ թաղամասի 188 ընտանիքներից 82-ը լրիվ փոխհատուցում էր ստացել ՝ բնակարաններ «Գլենդել Հիլզ» ընկերության կառուցած շենքերում: 21-ը՝ մասնակի փոխհատուցում, իսկ մնացած մասը փոխհատուցում չէր ստացել ու բնակվում էր վարձով:
 
Դեռևս 2013 թվականին այս ընտանիքերի հետ հանդիպել էր ՀՀ Կառավարության նամակների և քաղաքացիների ընդունելության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը՝ հայտնելով, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կուսումնասիրի առկա խնդիրները:
2015 թվականին էլ փողոցում մնացած ընտանիքներին Կառավարության շենքում հյուրընկալել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը և խոստացել կարճ ժամանակում լուծել հարցը: 
 
Աբրահամյանի հետ հանդիպելուց մի քանի ամիս անց՝ Սահմանադրական փոփոխությունների նախաշեմին, ընտանիքների հետ հանդիպեց Սերժ Սարգսյանը, ով ևս խոստացավ կարճ ժամանակում լուծում տալ վերջիններիս խնդիրներին: Դրանից հետո դարձյալ սայլը տեղից չի շարժվել: 
 
Նախորդ ամիս էլ բնակիչները հերթական բողոքի ակցիան են անցկացրել կառավարական ամառանոցի մոտ: Սերժ Սարգսյանը խոստացել էր հարցը լուծել: Եվ հենց հաջորդ օրը նախագահականի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հավաստիացրել էր, որ մեկ ամսում բնակիչների խնդիրը կլուծվի: Այսօր արդեն սայլը սկսել է տեղաշարժվել, և, Ինչպես հայտնի է՝  Թամանյանի գլխավոր հատակագծին համապատասխան, Հանրապետության հրապարակի հարևանությամբ կառուցվելիք Հարավային պողոտայի 5 հեկտարից ավելի տարածքում նախատեսվում է 85 մ տրամագծով հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնեսկենտրոններ և հյուրանոցներ: