Ադրբեջանի սև օրերը Ստրասբուրգում

Այս օրերին Ստրասբուրգում ընթացող՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերը մեր ոչ բարով հարևան Ադրբեջանի գլխին ամպեր են կուտակում: Նախ, այնտեղ ցանկանում են մի հնար գտնել և պաշտոնանկ անել սրանց հավատարիմ հովանավոր Պեդրո Ագրամունտին: Մտադիր են նաև հակակոռուպցիոն հանձնաժողով կազմել, որին Թուրքիան ու Ադրբեջանը կտրուկ կերպով դեմ են արտահայտվել:
 
Այս ամենը դեռ քիչ է, Եվրախորհրդարանի որոշ պատվիրակներ էլ քննարկում են Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը:
 
Արդեն վեհաժողովի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունն ընդունվել է ձայների 154 կողմ և 30 դեմ հարաբերակցությամբ: Այդ փոփոխությունը նախատեսում է ԵԽԽՎ բարձրաստիճան պաշտոնայների հետկանչի մեխանիզմը: Ուշագրավ է, որ մինչև օրս հետկանչ նախատեսված չի եղել: Երևում է՝ եվրոպացիները ժամանակին չեն էլ ենթադրել, թե մի օր իրենց հետ նույն աթոռներին ադրբեջանցիներ են նստելու, որոնք իրենց բոլորի մեջ ծախու գործիչների են տեսնելու: 
 
Հետաքրքիր է, թե դեմ քվեարկած 30 պատգամավորներն ինչո՞վ  կարող են իրենց անհամաձայնությունը հիմնավորել: Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը, օրինակ, ամբողջ եռանդով փորձում էր համոզել, թե այդ փոփոխություններով հայկական կողմն է շահագրգռված: Համա թե հիմնավորում է, հա… Իսկ ինչո՞ւ չպետք է հայկական կողմը շահագրգռված լինի Ադրբեջանի կաշառքներով իր դեմ որոշումներ սաղացնող պաշտոնյաներին «գահընկեց անելու» հնարավորությամբ: 
 
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա դրա նախաձեռնողները շեշտը դնում են Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնությունների, նաև Վրաստանից Մուխտարլըի առևանգման փաստի վրա: 
 
Թե Եվրախորհրդարանը որքանով հետևողական կլինի, որ չափն անցած գործիչներին ու նրանց երես տված Ադրբեջանին կարողանա զսպել՝ ժամանակը ցույց կտա: Համենայնդեպս՝ կանոնակարգի փոփոխությունների համար քվեարկած ձայների հարաբերակցությունը այն մասին է խոսում, որ պատգամավորները արժանապատվությունից զուրկ չեն: Տեսնենք Եվրախորհրդարանը կկարողանա՞ այս քննությունը հաջողությամբ հանձնել: